“Jazzel”-ի տեսահոլովակի պրեմիերան Հոկտեմբերի 1-ին Aftershockrepublic ակումբում տեղի ունեցավ Jazzel վոկալ խմբի տեսահոլովակի պրեմիերան, որ նկարահանվել է “Լողա, իմ նավակ” երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորն է Աննա Արեւշատյանը: Օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, համակարգչային գրաֆիկան` Սուրեն Սարգսյանի, իսկ կերպարների ստեղծման վրա աշխատել է Անահիտ Աղաջանյանը: Տեսահոլովակը պատրաստված է նորագույն համակարգչային գրաֆիկայի էլեմենտներով: “Անիրականության մթնոլորտ էի ցանկանում ստանալ: 6 սցենար եմ ունեցել, խմդիր կար տեսահոլովակում 6 աղջկա այնպես ցույց տալ, որ կերպարները հիշվեն: 6 կերպար ունենք, որ սիրո, արդարության, ժամանակի, ուժի, բնության եւ խաղաղության սիմվոլներն են: Ֆիլմ տեսահոլովակներ եմ նախընտրում: Երգը շատ տպավորիչ է: Աղջիկներն երգում են խորը փիլիսոփայական երեւույթների մասին: Տեսահոլովակում ամեն ինչ համահունչ է ”,- ասաց տեսահոլովակի ռեժիսոր Աննա Արեւշատյանը: “Լողա իմ նավակ” երգի խոսքերի հեղինակն է Գեւորգ Գրիգորյանը, երաժշտությունը գրել է Jazzel վոկալ խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գուրջինյանը: Միահյուսել են խորը փիլիսոփայական տեքստն ու երաժշտական դրամատուրգիան: Երգի վրա աշխատել են նաեւ երաժիշտներ Արման Ջալալյանը (Մանչ)` հարվածային գործիքներ, Վարդան Առաքելյանը` բաս կիթառ եւ Հովակ Ալավերդյանը` սոլո կիթառ: “Այստեղ ներկա են այնպիսի տաղանդավոր ու հարգարժան մարդիկ, որ եթե մենք հնարավորություն ունենայինք կարմիր գորգ փռելու, ապա անպայման դա կանեինք”,- ասաց Jazzel վոկալ խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գուրջինյանը: Հյուրերը` դերասան Միքայել Պողոսյանը, Նուռը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Արմեն Մանուկյանը, մաէստրո Երվանդ Երզնկյանը, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, կոմպոզիտոր Մարտին Ահարոնյանը, պրոդյուսեր Արվին Քոչարյանը, երաժիշտ Արմեն Հյուսնունցը, Գիսանե Պալյանը, “The Beautified Project”-ի մեներգիչ Անդրե Սիմոնյանը , “Ռադիո Վանի” ողջ անձնակազմը` Ժակը, Գլումովը եւ շատ ուրիշներ Jazzel-ին շնորհավորեցին ճաշակով երաժշտության եւ տեսահոլովակի համար: “Ինձ համար հայտնագործություն էր թե երգը, թե տեսահոլովակը: Տեսահոլովակի մեջ կա այն, ինչն այսօր բացակայում է: Կեցցե սերը եւ մենք: Շնորհակալ եմ օպտիմիզմի համար: Դա բոլորիս պակասում է”,- ասաց դերասան Միքայել Պողոսյանը: “Էսթետիկական հաճույք ստացա: Տաղանդավոր եմ հորս շնորհիվ: Դպրոց չէի ուզում գնալ, ստիպում էր, լեզուներ չէի ցանկանում սովորել, ասում էր, չէ պետք է: Մենակ բանակ գնալն ու ամուսնանալն եմ սեփական կամքով արել: Շնորհավորում եմ, հրաշալի նախաձեռնություն է ”,- ասաց Եգոր Գլումովը: Միջոցառման ընթացքում Jazzel-ի աղջիկները հյուրերին ներկայացան 30 րոպեանոց կենդանի համերգային ծրագրով: Հեղինակ` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Ասատուր Եսայանց
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: