×


Մարինա Նիկոլյան

Մարինա Նիկոլյան

“Հայելին ինձ համար դիզայնի էլեմենտ է” Բացվել է նկարիչ-դիզայների հայելիների ցուցահանդեսը Մայիսի 11-ին Հովհաննես Թումանյանի անվան թանգարանում բացվել է հայելիների ցուցահանդես, որի հեղինակը նկարիչ-դիզայներ Մարինա Նիկոլյանն է: Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի ստեղծած մոտ 30 շրջանակներով հայելիներ ու մի քանի պաննոներ: Բացմանը ներկա էին բազմաթիվ հայտնի դեմքեր` քաղաքական ու մշակութային գործիչներ, հեռուստատեսության ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Marina Nikolyan Մարինա Նիկոլյանը մինչ հայելիների շրջանակների վրա աշխատելը զբաղվել է մանրանկարչությամբ, գեղանկարչությամբ եւ ինտերիերի դիզայնով. “Անկեղծ կարող եմ ասել, որ ինտերիերի դիզայնով զբաղվելիս ինձ շատ լավ եմ զգում: Քանի որ հայելին էլ դրա մի մասնիկն է, որոշեցի համատեղել կահույքն ու նկարչությունը: Երբ իմ աշխատանքները վաճառվում են, ինձ համար նոր ստիմուլ է, որ նոր հավաքածու անեմ: Ուրախանում եմ, որ իմ ստեղծածը դուր է գալիս մարդկանց ու գեղեցկացնում է նրանց բնակարանները”: Բացվել է նկարիչ-դիզայների հայելիների ցուցահանդեսը Դիզայները նյութերը պատրաստում է հիմնականում սեփական “բաղադրատոմսով”, աշխատում է ակրիլ ներկերով, սուսալ ոսկով ու արծաթով, փայտով, ապակիով եւ բրոնզով: Աշխատելով հայելիների միջավայրում` նկարիչը չի սիրում երկար ժամանակ տրամադրել իրեն հայելու մեջ նայելու համար. “Երեւի այդ տարիքից դուրս եմ եկել, որ անընդհատ ինձ հայելու մեջ նայեմ: Հայելին ինձ համար դիզայնի էլեմենտ է: Ես համբերություն չունեմ, որ էսքիզներ անեմ, միանգամից սկսում եմ աշխատել, հնարավոր է` շրջանակը 4-5 անգամ մաքրեմ, հետո նորից նկարեմ: Համոզվել եմ, որ եթե մի աշխատանքը սկզբում չի ստացվում, շատ է երկարում, վերջում ամենահաջողված գործ է դառնում”,- ասում է նկարիչ-դիզայները: Երգչուհի Արմինկան ու Մարինա Նիկոլյանը Ցուցահանդեսի բացման կազմակերպչական հարցերով զբաղվել է “Uni Staff” ընկերությունը: Ընկերության աղջիկներն արդեն մի քանի միջոցառումներ կազմակերպել են, այս անգամ էլ ցուցահանդեսի հյուրերով են զբաղվել. “Փորձել ենք այնպիսի մարդկանց հրավիրել, որոնք գնահատում են արվեստն ու հետաքրքրվում նորամուծություններով”,- ասաց “Uni Staff”-ի ղեկավարներից հաղորդավար Գոհար Գասպարյանը` ավելացնելով, որ սեւ ապակե գլամուրային հայելին ու վարդերով պաննոն իրեն ամենից շատն են դուր եկել: Dina & Gohar Gasparyan Մարինա Նիկոլյանի դուստրը` հաղորդավար Դինան,  որը նույնպես “Uni Staff”-ի աշխատակից է, սիրում է մեծ հայելիներ, բայց  հայելու մեջ նայելու հիվանդագին սովորություն չունի. “Հայելին ինտերիերի մեջ շատ կարեւոր տեղ ունի, այն կահույքի շարունակությունն է: Մայրս որպես դեկորատիվ-կիրառական արվեստով զբաղվող մարդ, ընդգծել է ինտերիերի հենց այս տարրը: Կարծում եմ` կանանց համար հայելին կարեւոր ատրիբուտ է”: Աշխատելով հայելիների միջավայրում` նկարիչը չի սիրում երկար ժամանակ տրամադրել իրեն հայելու մեջ նայելու համար Դինան նշեց, որ շրջանակների ստեղծման ընթացքում երբեմն մայրիկին օգնել է. “Արվեստի մեջ ավելի շատ եմ հանգստանում: Մայրս էլ ամեն առավոտ գնում է արվեստանոց ու մինչ ուշ գիշեր այնտեղ աշխատում : Այսօր ներկայացված է մոտ կես տարվա աշխատանք: Յուրաքանչյուր նկարչի համար կարեւոր է, որ իր աշխատանքը գտնի արժանի միջավայր ու հաճախորդ”: Մարինա Նիկոլյանը ՀՀ նկարիչների միության անդամ է, այս ցուցահանդեսը հեղինակի 2-րդ անհատականն է: Առաջինը եւս կայացել է Թումանյանի անվան թանգարանում մոտ 2 տարի առաջ: Այս ցուցահանդեսին ներկայացված հայելիները կարող եք գնահատել մինչեւ մայիսի 16-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին