×


Նաիրա Մուրադյան

Նաիրա Մուրադյան

Երեքօրյա հանդիպում մուլտիպլիկատորի հետ Մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ Նաիրա Մուրադյանը երեքօրյա հանդիպում է կազմակերպել Նարեկացի արվեստի միությունում: Մարտի 17-ին անվանի մուլտիպլիկատորի հետ հանդիպումը մեկնարկեց ցուցահանդեսի բացմամբ, այնուհետեւ ցուցադրվեցին նրա ամուսնու եւ որդու` ռեժիսորներ Յուրիկ եւ Արամ Մուրադյանների “Ջոն Սիլվեր” եւ “Մումի տրոլի կյանքից” ֆիլմերը: Նաիրա Մուրադյանի ֆիլմերից կցուցադրվեն նաեւ “Պզտիկ զինվոր”, “Ճանապարհ”, “Անջատում”, “Հին Աստվածները” ու “Մանկության ծառը” ստեղծագործությունները: Naira Muradyan Ցուցահանդեսին ռեժիսորը ներկայացրել էր համակարգչային եւ ավանդական եղանակով ստեղծված տասը պատկերներ, հատուկ հին շրջանակների մեջ. “Եթե ունեք այսպիսի փեղկերի, պատուհանների մնացորդներ, մի գցեք, կարող եք տալ ինձ”,- ներկաներին ասաց մուլտիպլիկատորը: Նաիրա Մուրադյանը նշեց, որ տարբերություն չի տեսնում համակարգչային ու ավանդական եղանակով ստեղծված մուլտֆիլմերի միջեւ. “Համակարգիչը հեշտացնում, արագացնում է նկարահանման ընթացքը. անմիջապես տեսնում ես վերջնական արդյունքը, ու եթե ուզում ես որեւէ բան փոխել, առանց դժվարության փոխում ես: Երկուսն էլ բավական բարդ են ու մեծ լարում են պահանջում: Ժամանակային առումով, որը կարողանում եմ անել, այն էլ գերադասում եմ”: Ցուցահանդեսին ներկայացված համակարգչային եւ ավանդական եղանակով ստեղծված պատկերները Ազգային կինոկենտրոնի մուլտմիավորման տնօրեն Հայկանուշ Ներսեսյանը վաղուց է ճանաչում Նաիրա Մուրադյանին, նաեւ գիտի, թե ինչ մուլտֆիլմեր է պատրաստվում նկարահանել ռեժիսորը. “Հիմա աշխատում է “Մի տատ, երեք թոռ” մանկական ուրախ ֆիլմի վրա: Նառան այնքան կենսասեր, երիտասարդ մարդ է, այնքան թեթեւ է նայում կյանքին, որ նրան մտահոգ չես տեսնի: Շատ հարմարվող ու ամեն ինչի հետ հաշտվող աշխատող է: Իրեն շատ էր օգնում ամուսինը` Յուրիկ Մուրադյանը, միասին էին աշխատում: Ամուսնու մահից հետո Նառան ու իր տղան կարողացան ավարտին հասցնել “Ջոն Սիլվեր” ֆիլմը: Նրա աշխատանքներից ամենաշատը հավանում եմ “Ժամանակի մեքենան”, որը պոետիկ ու սիրուն մուլտֆիլմ է”,- ասաց Հայկանուշ Ներսեսյանը: Նաիրա Մուրադյանի ցուցահանդեսը Նարեկացի արվեստի միությունում Ներկաները դիտեցին երկու մուլտֆիլմերը, իրենց հարցերն ու մաղթանքները հղեցին ռեժիսորին: Մշակութաբան Լիլիթ Մինասյանի կարծիքով, մուլտերի կերպարները հմայիչ ու անմիջական են. “Միաժամանակ խոսուն կերպարներ են ու ներքին ենթատեքստ ունեն”: Նաիրա Մուրադյանի դասընկերուհին` Ռուզան Բաղդասարյանը, պատմեց ռեժիսորի դպրոցական նախասիրությունների մասին. “Հիշում եմ, որ առաջին դասարանից սկսած Նառայի պայուսակների, գոգնոցի, կոշիկների, նստարանների վրա մուլտերի պերսոնաժներ էին: Բոլորս էլ գիտեինք, որ չի դավաճանի ինքն իրեն ու մուլտիպլիկատոր կդառնա”,- ասաց Ռուզան Բաղդասարյանը, որը “Մանանա” մանկապատանեկան կենտրոնի նախագահն է: Նա հավելեց, որ կենտրոնի անիմացիոն ստուդիան հիմնադրել է Նաիրա Մուրադյանը ու երեխաներին մուլտֆիլմ նկարել է սովորեցնում: Նաիրա Մուրադյանի մուլտֆիլմերը Նարեկացի արվեստի միությունում Նաիրա Մուրադյանը 1980 թ-ից աշխատել է “Հայֆիլմի” մուլտիպլիկացիոն արտադրամասում, որպես բեմադրող նկարիչ մասնակցել է “Հազար ու մի գիշեր” ֆիլմի նկարահանումներին: Երկար տարիներ աշխատում է “Շողակաթ” հեռուստաընկերությունում, որտեղ ստեղծել է մոտ մեկ տասնյակ ֆիլմեր: Նրա “Ճանապարհ” հեղինակային մուլտֆիլմը 2004 թ-ին արժանացել է “Ոսկե Ծիրան” փառատոնի մրցանակին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին