2100 թվին կանայք են իշխելու:)
Փետրվարի 2-ին Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխությունը: Կարեւորելով լրատվամիջոցների դերը եւ նշանակությունը հասարակական կարծիքի ձեւավորման գործում` Բրիտանական խորհուրդը իր “Wo/men in politics” ծրագրի շրջանակներում եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է անցկացնում են “Նա/Նե” լրագրողական աշխատանքների մրցույթը:
“Նա/Նե”-ի նպատակն էր ուսումնասիրել, թե որ լրատվամիջոցի ուշադրությանն են արժանացել կանայք 2009-ին, եւ խրախուսել լրագրողներին, որպեսզի հաջորդ տարի եւս տպագրեն եւ հեռարձակեն քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների եւ նվաճումների վերաբերյալ հոդվածներ եւ նյութեր:
“Հայոց լեզվում սեռերի միջեւ տարբերություն չկա: Մեր նպատակն է, որ տարբերություն չլինի նաեւ բոլոր ոլորտներում: Հայաստանում կանանց գիտելիքներն ամբողջությամբ չեն կիրառվում, ուշադրություն դարձրեք նաեւ կանանց նվաճումներին: Հուսով ենք, որ այս միջոցառումն ավանդական կդառնա, եւ լրագրողները ավելի մեծ ջանքեր կգործադրեն` լուսաբանելու կանանց նվաճումները”,- ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Մրցանակաբաշխությունը վարող ռադիոհաղորդավար Ժակի համար այդ օրը տոն էր. “Տեսնելով արհեստավարժ, հարգարժան մարդկանց ներկայությունն այստեղ` կարծում եմ` բարեփոխումներ հաստատ կլինեն: Լավ տրամադրությամբ եմ եկել: Հայ տղամարդիկ կնամեծար են, ես էլ որպես տոն եմ մոտենում այս մրցանակաբաշխությանը. կարմիր փողկապ եմ կապել: Բարի երեկո, ծափահարեք ինքներդ ձեզ”,- ասաց Ժակը:
Կին առաջնորդներ. փոխում ենք կարծրատիպերը
“Մի անգամ մի կին Չերչիլին ասել է, որ 2100 թվականին կանայք են իշխելու աշխարհում, Չերչիլն էլ կատակել է` դեռեւ՞ս: Տղամարդը գլուխն է, վիզը` կինը, իսկ առանց վզի գլուխը չի կարող շարժվել: Դեռեւս որոշ տղամարդկանց դժվար է ընդունել, որ կանայք հավասար են, եւ հավասար նշանակություն պետք է ունենան քաղաքական եւ հասարակական կյանքում”,- ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
“Նա/Նե” մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ
Վահան Հովհաննիսյանը: “Ցավոք սրտի, թե բարեբախտաբար, կանանց լիարժեք դեր ունենալը դեռ առջեւում է: Եվ մենք պետք է երաշխիքը լինենք այն իրողության, որ կանանց տեղը լինի ոչ միայն շատ կարեւոր ավանդական շրջանակներում, այլ զուգահեռաբար նաեւ մասնագիտական, ինչու չէ, հասարակական, քաղաքական կյանքում: Հույս ունեմ, որ այդ դեպքում մենք կունենանք քաղաքական եւ հասարակական խնդիրների առավել բանիմաց եւ բարեխիղճ լուծումներ”,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
«Նա/Նե» արծաթե արձանիկը խորհրդանշում է կնոջն ու տղամարդուն եւ կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով:
“Տպագիր հոդված” անվանակարգում լավագույն աշխատանք չկար: Առաջին մրցանակի արժանի նյութ չգտնվեց նաեւ “Առցանց (online) հոդված” անվանակարգում: “Բլոգ հոդված” անվանակարգում առաջինն էր ու “Նա/Նե”-ին արժանացավ www.blog.banadzev.com–ի բլոգերներից Արտակ Վարդանյանը “Կույս Սոնյան, որ խփնվածի մեկն է” նյութի շնորհիվ: “Ուժեղ կանայք օգնեցին, որպեսզի ես հաղթեմ”,- ասաց Արտակ Վարդանյանը:
Լավագույն հեռուստատեսային նյութ ճանաչվեց “Արտակարգ ալիք” հաղորդաշարի լրագրող Մանե Գրիգորյանի տեսանյութը: “Ռադիոնյութ” անվանակարգում էլ “Նա/Նե”-ն տուն տարավ “Մաքս Լիբերթի”-ի լրագրող, երկու զավակների մայր Սեդա Պապոյանը: Լավագույն առեւտրային գովազդ ճանաչվեց «Ինեկոբանկի» մասին պատմող հոլովակը:
Մրցանակաբաշխության վերջում Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը հույս հայտնեց, որ «Նա/Նե» մրցանակաբաշխությամբ կարողացան մի փոքր խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներին ավելի ակտիվ լինել եւ կին հերոսներ գտնել:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: