Ռոքի աստղերը Ցեղասպանության թանգարանում եւ Գեղարդում
“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում Երեւան ժամանած` “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի հեղինակ, ավստրալիական Do Something բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին, Deep Purple ռոք-խմբի երգիչ Իէն Գիլանը, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, Asia խմբի դաշնակահար Ջոուֆ Դաունսը եւ անվանի թենիսիստ Փեթ Քեշը հոկտեմբերի 2-ին այցելեցին նաեւ Ցեղասպանության թանգարան եւ Գեղարդի եկեղեցի:
Փեթ Քեշը ազդվել էր
Ծիծեռնակաբերդում գտնվող Ցեղասպանության թանգարանում հյուրերին դիմավորեց տնօրեն Հայկ Դեմոյանը: Մոտ մեկժամյա այցելությունը չափազանց ուժեղ ազդեցություն թողեց հյուրերի վրա: Նրանցից շատերը գուցե առաջին անգամ էին լսում հայ ժողովրդի մեծ ողբերգության մասին: Հատկապես ազդվել էլ Փեթ Քեշը, ով թանգարանից դուրս գալուց հետո տխուր հայացքով նստել էր աստիճաններին եւ խնդրում էր իրեն ժամանակ տալ տեսածը հասկանալու համար: Այնուհետեւ հյուրերը գնացին հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Զարմանահրաշ Գեղարդը
Գեղարդի եկեղեցական համալիրի ճանապարհին հյուրերը չէին դադարում հիանալ հայկական բնությամբ, հատկապես Գեղարդի կիրճի ծառերի աշնանային խայտաբղետ գույներով եւ պարզ եղանակի շնորհիվ հորիզոնում հստակ նշմարվող Արարատ սարով: Իսկ ահա ինքը` համալիրը իսկական հայտնություն էր ռոք-աստղերի եւ նրանց ուղեկցողների համար: Նրանք պարզապես հիացած էին եկեղեցու ճարտարապետությամբ եւ այն շրջապատող բնությամբ:
Հետդարձի ճանապարհին աստղերը հաճույքով համտեսեցին Գառնիի հայտնի գաթան եւ սուջուխը: Իէն Գիլանին հատկապես դուր եկավ սուջուխը, որը նա առաջին անգամ էր փորձում: Գաղտնիքով ասենք նաեւ, որ Deep Purple-ի հանրահայտ մենակատարը բազում նվերներից բացի Հայաստանից իր հետ տարավ Գառնիի ընկույզի մուրաբա, որը նախօրեին շատ էր հավանել:


×
5,715






