Աֆրիկյան ռիթմերը, հայկական մրգերն ու ֆրանսիական ոգին
Ապրիլի 8-ին “Ավանգարդ Ֆոլկ” ակումբը հյուրընկալել էր “Սելամ-Ռենե” աֆրիկյան նախագծի երաժիշտներին: Ֆրանսիացի ու աֆրիկացի երաժիշտները մինչ ակումբ գալը հասցրել էին ճաշել եւ փորձել հայկական ուտեստներ, ակումբում էլ ելույթից առաջ համտեսեցին մրգեր ու հայկական հողի մրգերով լուսանկարվեցին Bravo.am-ի համար:
Սաքսոֆոնահար Ֆիլիպ Սելամն ելույթից առաջ մեզ պատմեց իր շրջագայությունների ու Հայաստանի մասին ունեցած պատկերացումների մասին: Նա Երեւանում եղել է 2 տարի առաջ, “No Jazz” խմբի հետ մասնակցել է “Հայկական ջազ 70” փառատոնին: Սելամի խոսքերով, անցած այցի ժամանակ շրջել է Երեւանով, սովորել է հայերեն բառեր, որոնք մոռացել է: Ֆիլիպ Սելամը հաճախ լինում է աֆրիկյան երկրներում, սիրում է Հյուսիսային Եվրոպան, իր հայրենիք Ֆրանսիան, ամեն անգամ հաճույքով նոր երկրներ է այցելում ու շփվում ջազի ունկնդիրների հետ. “Շատ ուրախ ենք, որ մեր երաժշտությունն այնքան էլ չիմանալով, մարդիկ եկել են, դահլիճն արդեն լցված է: Լավ է, որ մարդիկ պատրաստ են տարբեր երաժշտական ոճեր ու ազգային գործիքների երաժշտությունը լսել”,- ասում է ֆրանսիացի երաժիշտը:
Սաքսոֆոնահարը հայտնի ջազմեններ Գիլ էվանսի ու Ջոն Սքոֆիլդի հետ շրջագայել է ամբողջ Եվրոպայում, նվագել է բազմաթիվ երգիչների համերգներին: Հայ երաժիշտներից Սելամը նշեց երիտասարդ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի անունը, որի արվեստին լավ ծանոթ է. «Տիգրանը հիանալի երաժիշտ է: Շատ հետաքրքիր է այն, ինչ որ նա է անում. Տիգրանն իր ազգային մշակույթն է բերում, միաձուլում ջազին: Մենք էլ ցանկանում ենք աֆրիկյան երաժշտությունն ու մշակույթը բերել դեպի ջազ»:
Համերգի ընթացքում հանդիսատեսը վայելեց աֆրիկյան տարբեր երկրների միախառնված երաժշտությունն ու ռիթմերը, նաեւ ունկնդրեց կիթառի, սաքսոֆոնի, բասի, հարվածային գործիքների հնչյունները:
Ապրիլի 8-ի համերգն ընդգրկված էր Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումների շարքում: Ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը, դեսպանատան աշխատակիցներ, ֆրանսիացի ու հայ հյուրեր: Ապրիլի 9-ին ու 10-ին եւս երաժիշտները համերգ կտան ակումբում:
Երաժիշտներից Ալի Քեյթան արդեն մի քանի անգամ “Ավանգարդ Ֆոլկ” ակումբում հանդես է եկել մենահամերգներով եւ մասնակցել է ակումբի երաժշտության փառատոններին: Ի տարբերություն իր գործընկերների, նա ավելի ուշ ժամանեց Երեւան: Քեյթան ինքնուրույն է ստեղծում իրեն անհրաժեշտ գործիքները: Նրա բալաֆոնի հնչյունները հայտնի են ողջ Աֆրիկայում, այժմ էլ Երեւանում հանդիսատեսը հնարավորություն ունի լսելու վիրտուոզ երաժշտին:
“Սելամ-Ռենե” նախագիծը հանդիսատեսին ներկայացավ հետեւյալ կազմով.
Ֆիլիպ Սելամ` սաքսոֆոն, երաժշտության հեղինակ (Ֆրանսիա)
Ժիլ Ռենե` կիթառ, երաժշտության հեղինակ (Ֆրանսիա)
Դեբա Սունգու Կումբի` պերկուսիա, երգիչ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
Ջեյ Քոուք` բաս (Ճամայկա)
Պասկալ Ռեւա` հարվածային գործիքներ, երգիչ (Ֆրանսիա)
Ալի Քեյթա` բալաֆոն (Մալի):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
4,381






