Կկայանա ռոք-աստղի երեւանյան համերգը Ինչպես Bravo.am-ն արդեն տեղեկացրել է, System of a Down հանրահայտ ռոք-խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի երեւանյան առաջին մենահամերգը կայանալու է օգոստոսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Ռոք երգիչը Երեւանում կգտնվի առավելագույնը 2 օր: Ժամանելու է Կոպենհագենից, օգոստոսի 14-ին էլ համերգով պետք է հանդես գա Բուլղարիայում: Երեւանյան համերգը կեզրափակի Սերժ Թանգյանի Elect the Dead Symphony համաշխարհային շրջագայությունը ու նոր տուրի սկիզբ կդնի: Օգոստոսին երաժիշտը թողարկելու է նաեւ իր նոր ձայնասկավառակը: Համալիրում Սերժ Թանգյանը հանդես կգա մոտ մեկ ու կես ժամ տեւողությամբ համերգային ծրագրով: Բեմում կնվագի ու կերգի իր խմբի 6 անդամների եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Կհնչեն հին ու նոր ստեղծագործություններ: Սպասված համերգի լուրն այսօր լրագրողներին հայտնեցին “Դիիմ Քոմյունիքեյշնզ”-ի տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, Սերժ Թանգյանի համերգի ծրագրի ղեկավար Մարիամ Մովսիսյանը եւ “Ֆյուջիթիվ Ստուդիոս”-ի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Գուբելյանը: Մենահամերգի նախաձեռնողներն են “Դիիմ Քոմյունիքեյշնզ” եւ “Ֆյուջիթիվ Ստուդիոս” ընկերությունները, բացառիկ գործընկերն է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը: “Ֆյուջիթիվ Ստուդիոս”-ի հայաստանյան ներկայացուցիչը նշում է` աստղերը ճիշտ դասավորվածություն ունեին երկնքում, դրա համար կարողացան Սերժ Թանգյանի երեւանյան համերգը կազմակերպել: “Սերժի հետ շատ նախագծեր ենք իրականացրել, ինքը միշտ փափագել է Հայաստանում համերգ տալ: Երկու տարվա ճանապարհ է, աշխատանք, որ կարողացանք իրեն Հայաստան բերել:), եւ շատ ուրախ ենք, որ վերջապես իրականացվում է: Սերժը բարձր կարծիքի է հայերի մասին եւ օտարների մեջ միշտ բարձր ձեւով է խոսում մեր մասին”,- ասաց Արմեն Գուբելյանը: “Դիիմ Քոմյունիքեյշնզ”-ը Սերժ Թանգյանի համերգը կազմակերպելու նպատակ է ունեցել հիմնադրման իսկ օրից` 4 տարի առաջ: “Ամերիկահայ ռեժիսոր Կարլա Կարապետյանի “Screamers” ֆիլմը առաջինը ներկայացրինք, “System of a Down”-ի երաժշտությամբ, հեղինակներով ֆիլմ է: Այդ օրվանից մտածում ենք` երբ կգա Սերժը Հայաստան: Գի Մանուկյանին, հումորիստ Վահե Բերբերյանին էլ հրավիրեցինք: Փորձում ենք անվանի եւ հաջողությունների հասած սփյուռքահայերին ներկայացնել Հայաստանում”,- ասաց ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը: Կազմակերպիչները խոստանում են շքեղ լուսավորությամբ եւ ձայնային նորագույն սարքավորումներով համերգային ծրագիր: Սերժ Թանգյանը նաեւ հայերեն ստեղծագործություն կկատարի: Ի դեպ, Րաֆֆի Նիզիբլյանը նշեց, որ ֆինանսական առումով ռոք-երգիչը զեղչեր է արել. “Վերջիվերջո, սփյուռքահայ է”:): Համերգի տոմսերը վաճառվելու են հուլիսի 1-ից, կարժենան 4000-50 000 դրամ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: