«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բակում այսօր մարդաշատ էր: ԵՊԲՀ նախկին շրջանավարտների, հասարակական ու մշակութային գործիչների ու «ԵրՄի» ՈւՀԱ անդամների անմիջական նախաձեռնությամբ համալսարանական հիվանդանոցի Արյունաբանական կետում կազմակերպվել էր արյունատվության ակցիա՝ նվիրված դերասան, շոումեն, հաղորդավար, ԵՊԲՀ շրջանավարտ Մարկ Սաղաթելյանի հիշատակին:
«Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ քանի որ հուլիսի 31-ին լրանում է Մարկ Սաղաթելյանի մահվան 5 տարին, ընկերները, մտերիմները, մարդիկ, ովքեր միշտ հիշում են նրան, որոշեցին այս կերպ հավաքվել եւ հարազատ համալսարանի պատերի ներքո միջոցառում կազմակերպել:
«Ինչպես գիտեք, առաջին հիվանդանոցը համալսարանական հիվանդանոց է: Մենք այսօր արյուն կհանձնենք, որը օգտակար կլինի թե՛ երեխաների, թե՛ վիրավոր զինվորների, թե՛ յուրաքանչյուր մարդու համար, ով կունենա դրա կարիքը»,- նշեց Կարեն Ղազարյանը՝ հավելելով, որ խորհրդանշական միջոցառումը յուրօրինակ հարգանքի տուրք է իրենց ընկերոջը՝ հաշվի առնելով, որ նա կյանքից վաղաժամ հեռացավ արյունաբանական առողջական խնդրի հետեւանքով:
Ռուբեն Ջաղինյանը
Կարեն Ղազարյանը շնորհակալություն հայտնեց, որ արյուն հանձնելու կոչին միանալու պատրաստակամություն են հայտնել նաեւ արտերկրում բնակվող իրենց ընկերները:
«ԵրՄԻ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց մտերիմ ընկերոջը միշտ նախընտրում են հիշել ժպիտով.«Ինձ համար նա չի մահացել, ես չեմ համակերպվել այս մտքի հետ: Պարզապես չենք տեսնում իրար, նախկինում էլ այդպես լինում էր, երբ միմյանց չէր ստացվում հանդիպել տարբեր քաղաքներում աշխատելու պատճառով: Բացի անձնական հիշողություններից, այնքան շատ տեսանյութեր կան, որոնք կրկին կարող են մեզ հիշեցնել Մարկի մասին»: Որպես Մարկ Սաղաթելյանի հիմնական առանձնահատկություն՝ նա մատնանշեց կրկնօրինակման վարպետությունը, ծիծաղեցնելու կարողությունն ու բեմականությունը:
Հետբուհական եւ շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկաներին հայտնեց, որ արձակուրդային շրջանի ավարտից հետո, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ՝ Գիտական խորհրդին կներկայացվի «Հերացի» Արյունաբանական կետը Մարկ Սաղաթելյանի անունով անվանակոչելու առաջարկ:
«Բժշկական համալսարանը, ստեղծելով շրջանավարտների ակումբ, նպատակ ունի իր տանիքի ներքո համախմբել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող շրջանավարտներին: Մարկ Սաղաթելյանը ֆիզիկապես ներկա չէ, սակայն այսօր բոլորիս համախմբել է արյունատվության այս գաղափարի շուրջ»,- ընդգծեց Գառնիկ Ավետիսյանը:
Նա հույս հայտնեց, որ շատերը կմիանան կամավոր դոնոր դառնալու ծրագրին, քանի որ արյան դոնորությունը մարդասիրական քայլ է եւ հաճախ փրկում է բազմաթիվ մարդկային կյանքեր:
Կարեն Ղազարյանը
Նշենք, որ Մարկ Սաղաթելյանը սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում 1988-1994 թվականներին։ 1991-1994 թթ. հանդես է եկել Երեւանի բժշկական ինստիտուտի ՈւՀԱ թիմի կազմում, մասնակցել թիմի ելույթների սցենարների ստեղծմանը։ Շոումենի կարիերան սկսել է 1991 թվականից՝ ՈւՀԱ թիմի կազմում։ 1992 եւ 1994 թվականներին թիմը դարձել է բարձրագույն լիգայի չեմպիոն։
1991 թվականին թիմակիցների հետ հիմնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ մինչեւ 2005 թվականը եղել է գովազդային բաժնի տնօրենը։
Մահացել է 2013 թվականի հուլիսի 31-ին՝ Երեւանում. նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում։
Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ ԵՊԲՀ-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: