“Կոլիզեյ” ակումբում նորաձեւությունն է նորաձեւ
Գարնանամուտի կապակցությամբ մարտի 1-ին “Սայաթ-Նովա” համալիրի “Կոլիզեյ” ակումբում նորաձեւության ցուցադրություն եղավ: Կազմակերպել էր “Elite fashion”-ը: Երկուական հավաքածու ներկայացրին երկու Տաթեւները:
Տաթեւիկ Հարությունյանը 25 տարեկան է, “Ատեքս” նորաձեւության կենտրոնի սան: Ներկայացրեց “Սառցե ֆանտազիաներ” հավաքածուն: “Երեկոյան կոկտեյլային զգեստներ են, ձեռագործ աշխատանք են պարունակում: Փորձել եմ խորհրդավոր, առեղծվածային կնոջ կերպար ստանալ”:
Դիզայների երկրորդ հավաքածուն կոչվում է “Ջազը նորաձեւության մեջ” /Jazz in fashion/: Այն ներկայացրել է “Ռուսական սիլուետ” մրցույթում եւ մրցանակի արժանացել: “Շատ եմ սիրում ջազը, հավաքածուն էլ ստեղծել եմ 30-ականների ջազային ոճում, Ռեյ Չարլզի երաժշտության ներքո են ցուցադրվում: Տղամարդկանց հագուստներից կանանց համար հավաքածու եմ ստեղծել` օգտագործելով փողկապներ, վերնաշապիկներ: Օրինակ` երեկոյան զգեստին փողկապ եմ ավելացրել”,- իր հավաքածուն ներկայացրեց Տաթեւիկ Հարությունյանը:
Նրա նպատակն է` ցույց տալ, որ տղամարդու հագուստը կնոջ վրա կարող է շատ սեքսուալ լինել: “Կինը պետք է իրեն ինչ-որ չափով տղամարդ զգա, որպեսզի հասկանա նրան: Կոկո Շանելը, երբ առաջին անգամ սմոքինգ հագավ, արգելեցին փողոց դուրս գալ, բայց շատ սեքսուալ է նայվում կնոջ վրա սմոքինգը”: Տաթեւիկը հիմա էլ զինվորական ոճի հավաքածու է ստեղծում, Շադեի երգից է ներշնչվել:
Մյուս Տաթեւիկն էլ Մուսարյան է, մասնագիտացել է հագուստի գեղարվեստական մոդելավորման մեջ, ցանկանում է միջազգային մրցույթների մասնակցել: “Առաջինը Mix է կոչվում, ավանգարդ ոճում է. միքսել եմ երկու կտոր` կաշի եւ ջինս: Դասական ոճի էլեմենտներ էլ է պարունակում` օձիքներ, պիջակներ”,- ասաց Տաթեւիկը:
Դիզայները երկրորդ հավաքածուն էլ 19-րդ դարի եվրոպական նորաձեւության հիման վրա է ստեղծել.“Երկար, շերտավոր շորերով կանայք հանդիսանում էին իրենց տղամարդկանց ճոխությունը, նրանց հարստության աստիճանը չափում էին կնոջ հագուստով: Էլի այսօրվա շունչ եմ հաղորդել, լրացրել գլխարկներով, ձեռնոցներով”:
Տաթեւիկ Մուսարյանը չի կողմնորոշվել` հայ տղամարդկանց պարծանքն ինչպիսի կանայք են, բայց կարծում է, որ ցանկացած հավաքածուի մեջ կարելի է գտնել սեփականը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: