Տիեզերական երաժշտություն Երեւանում
Հոկտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հանրահայտ SPACE խմբի համերգը: Ֆրանսիական խումբը Երեւան էր ժամանել “Յունիբանկ” ՓԲԸ-ի 8-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես ասուլիսի ժամանակ խոստացել էր Space խմբի հիմնադիր Դիդյե Մաուրանին, 80-ականների լավագույն խմբերից մեկի կատարմամբ հնչեց տիեզերական երաժշտություն, որն ուղեկցվում էր ֆանտաստիկ, Հայաստանի համար աննախադեպ լազերային շոուով:
Այդ օրը Space-ը կատարեց իր լավագույն գործերը, որոնք ծանոթ էին հայ հանդիսատեսին դեռեւս խորհրդային տարիներից: Հնչեցին նաեւ նոր գործեր “Երկրից` Մարս” ձայնասկավառակից, որը լույս կընծայվի հաջորդ տարի: Հարկ է նշել, որ հայ հանդիսատեսը պարզապես հիացած էր էլեկտրոնային երաժշտության եւ հատուկ տեսաէֆեկտների համադրությամբ: Սակայն համերգի կազմակերպիչները նաեւ մի քանի լուրջ անակնկալներ էին պատրաստել ներկաների համար: Դրանցից մեկը համերգի պատվավոր հյուր, հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ համատեղ կատարված երկու մեղեդիներն էին: Ջիվան Գասպարյանն այդ օրն ապացուցեց, որ դուդուկը ժամանակակից եւ գրավիչ է հնչում ցանկացած գործիքի ուղեկցությամբ, այդ թվում` սինթեզատորի: “Ինձ համար պատիվ է Ջիվան Գասպարյանի նման աշխարհահռչակ երաժիշտի հետ նույն բեմում հանդես գալը”, - հայտարարեց Դիդյե Մաուրանին, որն ակնհայտորեն շոյված էր հայ հանդիսատեսի ուշադրությամբ:
Ոչ պակաս բուռն ծափահարություններ հարուցեց խմբի կատարումներից մեկին պատանի հայ դհոլչիների մասնակցությունը, այնպիսի տպավորություն էր, որ այդ 10-12 պատանիներն իրենց ողջ գիտակցական կյանքի ընթացքում Space-ի հետ են նվագել, մինչդեռ Մաուրանին խոստովանեց, որ այս երեխաների ելույթը նախորդ երեկոյան էր առաջին անգամ լսել եւ անմիջապես հրավիրել էր նրանց մասնակցելու իրենց համերգին:
Համերգի վերջում հանդիսատեսն երկար ժամանակ բաց չէր թողնում խմբին հեռանալ բեմից, եւ շոյված երաժիշտները նորից ու նորից կատարում էին “վերջին” եւ “ամենավերջին” երգերը:
Տեքստը` Դավիթ Ալավերդյանի
Լուսանկարները` PanArmenian Photo


×
3,808






