Հայ գիտնականի միջազգային փառատոնը
2011թ. մարտի 21-36-ը Կանարյան կղզիներում կկայանա եզակի գիտական, գեղարվեստական եւ երաժշտական իրադարձություն` STARMUS փառատոնը: Փառատոնի գաղափարի հեղինակն ու հիմնական կազմակերպիչը մեր հայրենակիցն է` աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում (Instituto de Astrofisica de Canarias-IAC):
STARMUS (Stars and Music) փառատոնը նվիրված է մարդու` Տիեզերք կատարած առաջին թռիչքի 60-ամյակին. Յուրի Գագարինն իր լեգենդար թռիչքը կատարեց 1961թ. ապրիլի 12-ին:
Աստղերի լուսանկարներ, տիեզերական արվեստի ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմեր, թոք-շոուներ եւ գիտաժողովներ. այսպիսին է լինելու STARMUS-ի ծրագիրը, որը հաճույք կպատճառի երաժշտության եւ աստղագիտության երկրպագուներին:
Փառատոնի շրջանակներում համերգով հանդես կգա Tangerine Dream խումբը:
Բացի Գարիկ Իսրայելյանից, STARMUS փառատոնի խորհրդատվական խմբի անդամներն են հիրավի լեգենդար մարդիկ` տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը (Ռուսաստան), աստղաֆիզիկոս, Queen խմբի կիթառահար, Լիվերպուլի Ջոն Մուռի անվ. համալսարանի ռեկտոր Բրայան Մեյը (Մեծ Բրիտանիա), Կանարյան կղզիներում Աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսը (Իսպանիա), Միջազգային աստղագիտական միության (IAU) նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ):
STARMUS փառատոնի կազմակերպմանը մասնակցում են նաեւ լեգենդար տիեզերագնացներ Վալենտինա Տերեշկովան, Ջիմ Լովելը (Apollo 13), Բազ Օլդրինը (Apollo 11):
Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում «Комсомольская правда» թերթի խմբագրությունում տեղի ունեցավ STARMUS փառատոնի շնորհանդեսը: «Ինչո՞ւ ենք մենք փառատոնն անցկացնում Կանարյան կղզիներում, այլ ոչ թե Փարիզում կամ Նյու-Յորքում: Գագարինը բացել է առաջին «դուռը» դեպի տիեզերք, իսկ Կանարյան կղզիներում մենք ունենք «պատուհան»` աշխարհի ամենամեծ աստղադիտակը եւ եզակի աստղադիտարան: Այստեղ միաժամանակ կարելի է տեսնել կենդանակերպի լույսն ու Հարդագողի ճանապարհը: Սա կլինի այս տեսակի մեջ առաջին գիտական փառատոնը. մեկ տանիքի տակ կմիավորվեն աստղագիտությունը, երաժշտությունը, արվեստը: Ներկա կլինեն լեգենդար տիեզերագնացներ, հեղինակավոր երաժիշտներ, մեծ գիտնականներ (այդ թվում` 4 Նոբելյան մրցանակակիրներ), ֆանտաստիկ գրողներ: Մենք որոշել ենք հենց այսպես նշել Գագարինի թռիչքի հոբելյանը. ոչ միայն անցկացնել չոր գիտաժողով, այլ այնպես անել, որպեսզի բոլորին հետաքրքիր լինի: Ես երաժիշտներին խնդրել եմ երաժշտություն գրել ակուստիկ ալիքների հնչյուններից աստղերի մթնոլորտում: Tangerine Dream խումբը, որն առաջինն է սկսել կատարել «տիեզերական երգեր», կգրի աստղերի երգը Գագարինի համար: Ինչո՞ւ է փառատոնը նվիրված Գագարինին: Նրա թռիչքն ամենախոշոր իրադարձությունն է, որը կատարվել է աշխարհում: Մենք ապրում էինք օրորոցում, ապա այնտեղից դուրս եկանք քաղաքակրթության զարգացման այլ մակարդակ»,- շնորհանդեսին ասել է Գարիկ Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակ էր շնորհել շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Միշել Մայորին եւ նրա գիտական թիմին, որի մեջ են մտնում նաեւ Գարիկ Իսրայելյանն ու Նունո Սանտոսը (Պորտուգալիա):
STARMUS-ի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է փառատոնի պաշտոնական կայքում` http://www.starmus.com/, որը գործում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն եւ իսպաներեն լեզուներով:
Facebook ցանցում STARMUS-ի պաշտոնական էջն է` http://www.facebook.com/pages/StarmusFestival/154547951249942
Youtube-ում STARMUS-ի պաշտոնական էջն է` http://www.youtube.com/user/STARMUSFESTIVAL#p/a/u/0/SHKXxBZGZWQ
STARMUS փառատոնի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետեւյալ հասցեներով`
http://www.sovsekretno.ru/magazines/article/2663
http://kp.kg/daily/press/detail/5742/
http://www.kp.ru/daily/24608/778584/
http://www.kp.ru/daily/24601.4/772743/
http://www.rian.ru/announce/20101130/302682338.html
Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: