×


“Թիթեռնիկի համբույր”

“Թիթեռնիկի համբույր”

Ճապոնական մանրանկարչությունը` հայ նկարչի աչքերով Մայիսի 15-ից Նարեկացի արվեստի միությունում ճապոնական ոգին էր իշխում: Ճապոնական մանրանկար, հովհարներ, տարվա եղանակները խորհրդանշող ծաղկամաններ… այս ամենի հեղինակը հայ նկարչուհի Անժելիկա Դադայանն է: Նկարչուհի Անժելիկա Դադայան Անժելիկան Ճապոնիայում չի եղել, բայց վաղուց է հետաքրքվում ճապոնական արվեստով: Մոտ 7 տարի նկարում է ճապոնական բնություն, թիթեռներ, հիմնականում ճապոնուհիներ. “Կինն ինքնին հետաքրքիր էակ է, ինչքան ուզում ես նկարի, էլի կարող ես նկարել ու նկարել: Ճապոնական մի քանի մանրանկարներում տղամարդ էլ եմ նկարել, բայց ընդհանրապես կնոջ կերպարն եմ սիրում ներկայացնել”: Նկարիչը մանրամասնորեն ուսումնասիրել է ճապոնական նկարչության տեխնիկան, աշխատել է տարբեր նյութերով` պապյեմաշեով, բամբուկով, գուաշով, ջրաներկով, տուշով, սադափե փոշիով, ակրիլային ներկերով եւ այլն: Ճապոնական մանրանկարչությունը` հայ նկարչի աչքերով Անժելիկայի խոսքերով, ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներում իրեն ոգեւորել ու օգնել է ընկերուհին` Արմինե Պետրոսյանը, որը ճապոներենի մասնագետ է: 2003 թվին Արմինեն մեկնել է Ճապոնիա վերապատրաստման. “Եվրոպական լեզուներ էի ուսումնասիրում, որոշեցի մի հատ էլ ասիական լեզու սովորել ու ընտրեցի ճապոներենը: Ճապոնիան հանելուկային երկիր է, բնությունը չափազանց գեղեցիկ է, ճապոնացիներն էլ շատ աշխատասեր են, կարողանում են արտաքին ինֆորմացիան ընկալելով դարձնել սեփականն ու պահպանել իրենց յուրահատկությունը”: Ցուցահանդեսը նրանք անվանել են “Թիթեռնիկի համբույր”` ճապոներեն “Ծյոու նո կիսու”. “Թիթեռի կյանքը կարճ է, իսկ համբույրը շատ ավելի կարճ` մի պահ, այդպես մի պահ էլ ցուցահանդեսը մեզ կտանի դեպի Ճապոնիա”,- կարծում է Արմինեն: Նկարչուհին հիմնականում կնոջ կերպարն է սիրում ներկայացնել Ցուցահանդեսի հյուրերի թվում կային նաեւ ճապոնացիներ` Նոդոկա Հասեգավան ու Թոմոյուկի Թաջիցուն: Մոտ մեկ ամիս զույգը գտնվում է Երեւանում, աշխատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում որպես համակարգող: Ճապոնացի հյուրերից հետաքրքրվեցինք, թե որքանով է հայ նկարիչը կարողացել բացահայտել ճապոնացու ոգին. “Մեզ համար անսպասելի էր, որ Երեւանում նման ցուցահանդես են անում: Իրական գույների հետ համեմատած այս նկարներում գույներն ավելի վառ են: Ճապոնացիների քթերն ավելի ցածր ու լայն են, այստեղ հայերի հետ միախառնած քթեր են ստացվել, այսինքն` դեմքերը լրիվ ճապոնական չեն: Կարծում եմ` իդեալական ճապոնացիներ են պատկերված, որովհետեւ ճապոնացիներն իրենց  ցածր քթերից կոմպլեքսավորվում են, իսկ այստեղ իդեալական են ստացվել քթերը”, - ասաց Նոդոկա Հասեգավան: Ցուցահանդեսի հյուրերի թվում կային նաեւ ճապոնացիներ Անժելիկա Դադայանի ստեղծած ճապոնական մթնոլորտը Նարեկացի կենտրոնում կթեւածի մինչեւ մայիսի 25-ը: Նկարիչն իր առաջին մասնագիտությամբ խեցեգործ է, “Թիթեռնիկի համբույր”-ը նրա 2-րդ անհատական ցուցահանդեսն է: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW