Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը Վերջապե'ս... Այսօր Յոհաննեսբուրգում Հարավային Աֆրիկա-Մեքսիկա խաղով կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը` իրադարձություն, որին անհամբեր սպասում ենք չորս տարի: Մեկ ամսով աշխարհում կարծես մոռացվում են բոլոր կարեւոր խնդիրները եւ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ընդամենը մեկ բանի վրա` ՖՈՒՏԲՈԼ... Թիվ 1 սպորտն իրոք գերում է բոլորին: Անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում անցկացվելիք առաջնությունը հեռուստաէկրանների մոտ կհավաքի ավելի քան 3 մլրդ մարդ` ավելի շատ, քան Օլիմպիական խաղերը: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են կատարում նույնիսկ տատիկներն իրենց թոռնիկների հետ, իսկ որոշ երկրներում դատապարտյալները մասսայական փախուստներ են կազմակերպում բանտերից`օգտվելով աշխատակիցների ինքնամոռաց «ֆուտբոլասիրությունից»:): Նույնիսկ նրանք, ովքեր ֆուտբոլ չեն սիրում, տալիս են պարտադիր հարցը. «Ո՞վ հաղթեց»: Ֆուտբոլի 19-րդ առաջնությունն առաջին անգամ պատմության մեջ կանցկացվի Աֆրիկայի մայրցամաքում` Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: Մրցաշարին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն 32 թիմերը: Խաղերը կանցկացվեն հատուկ մրցաշարի համար կառուցված եւ վերանորոգված 10 մարզադաշտերում: Բացման խաղը կկայանա այսօր, իսկ եզրափակիչը ուղիղ մեկ ամիս անց` հուլիսի 11-ին: Բուքմեյքերները գլխավոր ֆավորիտ են համարում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին, որին գրեթե հավասար հնարավորություններով հաջորդում են պենտակամպեոնները` Բրազիլիան, ֆուտբոլի նախահայրերը`Անգլիայի հավաքականը, եւ արգենտինացիները` լեգենդար Դիեգո Մարադոնայի գլխավորությամբ: Աշխարհի ներկայիս չեմպիոնի` Իտալիայի հավաքականի շանսերն ավելի համեստ են գնահատվում, սակայն նրանց հաղթանակին քչերն էին հավատում նաեւ 2006 թվականին: Բնականաբար, առաջին դիրքերում են նաեւ Գերմանիան, Հոլանդիան, Ֆրանսիան եւ Պորտուգալիան: Այնուամենայնիվ, ֆուտբոլը գեղեցիկ է եւ հարուստ է իր անակնկալներով, եւ վստահ կարելի է ասել, որ կլինեն թիմեր, որոնք ֆավորիտների հետ միասին կպարգեւեն մեզ երկար սպասված տոնը:): Իսկ ովքե՞ր են գլխավոր ֆավորիտները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով: Bravo.am-ը խնդրել է նրան պատմել աշխարհի առաջնությունից իր սպասելիքների մասին: “Ես միշտ, ամեն ինչից անկախ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին եմ երկրպագում:): Համակրում եմ Իսպանիայի հավաքականին: Իսկ ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության ֆավորիտներ եմ համարում Անգլիայի, Իսպանիայի եւ Բրազիլիայի հավաքականներին”,- նշեց Վարդան Մինասյանը: Ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը արտասովոր ոչինչ չի սպասում. ֆուտբոլում նորարարություն անելը դժվար է. “Դժվար թե թիմերը մարտավարական նոր մեխանիզմներ կիրառեն, ֆուտբոլը շատ արագ է զարգանում, գլոբալ փոփոխություններ չեն կարող լինել, բայց կարող է ինչ-որ աֆրիկյան հավաքական հաջողացնի առաջատարների մեջ մտնել: Սենսացիա կարող է անել Չիլիի հավաքականը` հաշվի առնելով, որ շատ լավ մարզիչ ունեն: Հնարավոր է` մինչեւ կիսաեզրափակիչ հասնեն: Անկանխատեսելի է Արգենտինայի հավաքականը. ծայրահեղական են, շատ լավ կամ շատ վատ կխաղան”: Վարդան Մինասյանը Հարավային Աֆրիկայի Հանրապետություն չի մեկնելու. իր տնից կհետեւի խաղերին, մանավանդ, որ այստեղ էլ Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերն են լինելու:): “ՀԱՀ-ում առաջին խնդիրը անվտանգությունն է, դաշտերը համապատասխան են, տա աստված` լավ անցնի”,- ասաց նա: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը խաղադրույքներ չի կատարել, ուրիշներին է խորհուրդներ տալիս… Որ չանեն :): Դե ինչ, կրկին շնորհավորում ենք բոլոր ֆուտբոլասերներին եւ մաղթում գոլառատ ՖՈՒՏԲՈԼ:) … Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: