Լույս է տեսել Ֆորշի նոր CD-ն
Ապրիլի 11-ից երեւանցիներին ու Ֆորշի արվեստը սիրողներին հասանելի կլինի “Երեւանը մենք ենք” նոր ձայնասկավառակը: Երգչի թվով հինգերորդ CD-ն 2,5 տարվա աշխատանք է, պարունակում է 11 երգ` “Ազատության անունն է սեր”, “Երկնային մանանա”, “Արմենիա”… Բոլոր ստեղծագործությունները կենդանի հնչողությամբ են ձայնագրվել:
Նոր ձայնասկավառակը տարբերվում է Ֆորշի` “Բարեւ, իմ սեր” խորագիրը կրող առաջին եւ մյուս CD-ներից մի շարք համարձակ քայլերով: “Հիշեցի, որ դասական կրթություն ունեմ, եւ Աննա Մաիլյանի հետ զուգերգ կատարեցի”,- նշեց երգիչը ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
“Երեւանը մենք ենք”-ի մշակմանն իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ Արամոն, Վահագն Հայրապետյանը, Մադաթ Ավանեսովը, Յուրի Լեուն: Ձայնասկավառակը արտադրվել է Մոսկվայում` պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ապահովելու համար: “Սրա սպառումը նպաստելու է հաջորդի ստեղծմանը: Հույս ունեմ, որ կվաճառվի”,- ասաց Ֆորշը:
“Երեւանը մենք ենք” ձայնասկավառակի վերջին, համանուն երգը Ֆորշը ձայնագրել է “Արեւիկ” համույթի հետ: “Աշխատանքային խորագիրը “Ազատության անունն է սեր”-ն էր, բայց “Երեւանը մենք ենք”-ը հարազատ է երեւանցիներին: Երեւանը երեխաներինն է”,- նշեց նա:
Նոր CD-ում Ֆորշի մշակմամբ “Տարիներս անցան” երգն էլ կա, որ Ձախ Հարութի երգացանկից է հայտնի: Ի դեպ, Ֆորշը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա օգոստոսին կկայանա “Ֆորշ ընդ ֆրենդս” ընկերության կազմակերպած թվով երկրորդ` “Երաժիշտները հանուն խաղաղության” միջազգային փառատոնը: Առաջին անգամ փառատոնն իրականացվել էր Սեւանա լճի ափին, այս տարի ընտրվել է Գառնիի տաճարին հարող տարածքը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
10,052






