×


Զավեն Խաչիկյան

Զավեն Խաչիկյան

“Մենք գալիս ենք մանկությունից” Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը շատերին հայտնի է որպես ամսագրային, գովազդային լուսանկարիչ: Բայց լուսանկարիչը, իր խոսքերով, “գլամուրային աղբից” բացի լուսանկարում է նաեւ մեր կյանքի մյուս կողմերը, որն էլ ֆոտոգիրք ստեղծելու առիթ է դարձել: Zaven Khachikyan Մարտի 2-ին “Ակադեմիա” պատկերասրահում բացվեց Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը: Կայացավ նաեւ “543210…” կամ “Մենք գալիս ենք մանկությունից” գրքի շնորհանդեսը: Լուսանկարիչը պատմում է, որ թվերի համադրումը պատահական չէ` նա 54 տարեկան է, ցուցահանդեսն էլ 3-րդ ամսվա 2-րդ օրն է, 10 թվականին: Իսկ “Մենք գալիս ենք մանկությունից” խորագիրը հուշում է, որ գրքում երեխաներ են, մանկության հուշեր… Զավեն Խաչիկյանի խոսքերով, գիրքը հասցեագրված է ավելի շատ մեծահասակներին. “Լուսանկարներում 80-90-ական թվականների երեխաներն են, որոնք հիմա մեծացել են: Պատկերել եմ նրանց մանկությունը, այդ ժամանակվա կյանքը: Մանկության հուշերն ամենապարզ ու ամենաազնիվ հուշերն են, որ տաքացնում են ու առաջ շարժվելու հնարավորություն տալիս: Գնանք մանկության գիրկը, եւ հուշերը թող մեզ ջերմացնեն”: Լուսանկարչի աշխատանքներից “543210…” գիրքը զույգ պատկերների համադրման սկզբունքով է կառուցված` հիմնված սիմվոլների վրա. “Իմ նկարներում համադրություններ են, հակադրություններ չկան: Ես արեւմուտքն արեւելքին երբեք չեմ հակադրել”,- ասում է լուսանկարիչը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ցուցահանդեսն անվանեց “մանկական եւ պատանեկան ապրումների ցուցադրություն”: Նա նշեց, որ թեման մեկ ամփոփ բառով կարելի է կոչել «սեր». «Զավենի արարումը` գիրքը, ես երկու օր ավելի շուտ եմ տեսել, երեւի ձեզնից ավելի երջանիկ եմ: Գիրքը թերթելիս Հայաստանն ես տեսնում, որի կողքին կոնտրաստային Ամերիկան եւ Եվրոպան է»: Զավեն Խաչիկյանի երկօրյա ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով, լուսանկարչի թելադրած ճաշակը մարդկանց դարձնում է ավելի մտածող եւ սիրող. «Այս լուսանկարներն ինձ հիշեցնում են այն տարիները, երբ ջահել ու բոյով էինք, ես էլ “Գարուն” ամսագրի խմբագիրն էի, եւ Զավենի լուսանկարները մեզ մոտ էին տպագրվում…»: Merujan Ter Ghulanyan Զավեն Խաչիկյանի գործընկեր, գրքի դիզայներ Հասմիկ Մովսիսյանը մեզ պատմեց, որ գրքի ստեղծման ուղղությամբ երկար են աշխատել. “Նկարներ կան, որ 20 տարուց ավելի պատմություն ունեն: Ցավոք, ֆոտոների հերոսներից այստեղ ներկա չեն: Ուրախ կլինենք, եթե իմանան, գան, իրենց տեսնեն, նորից լուսանկարվեն”,- ասաց Հասմիկ Մովսիսյանը: “543210…” կամ “Մենք գալիս ենք մանկությունից” գրքի առաջին օրինակները ցուցասրահում գնած այցելուները թերթում էին, զննում, լուսանկարիչն էլ սիրով մակագրում էր դրանք: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին