Թերթերի խորագրերի եւ ֆոտոխցիկների լույսերի հետեւում թաքնված անհայտ պատմություն այն մարդու մասին, ով դարձավ ռեփի լեգենդ եւ մահացավ ընդամենը 25 տարեկանում: Ռեփեր, դերասան, պոետ Թուփաք Շակուրի ճակատագրին եւ արվեստին նվիրված «2pac. Լեգենդը» ֆիլմն արդեն նաեւ երեւանյան կինոէկրաններին է: Երեկ` հուլիսի 26-ին, «ԿինոՊարկ»-ում տեղի ունեցավ ֆիլմի փակ նախադիտումը, որին ներկա էին կինոթատրոնի հավատարիմ ու մշտական հաճախորդները, ինչպես նաեւ հրավիրված հյուրեր տարբեր բնագավառներից:
Դերասանուհի Աննա Մանուչարյանը՝ «2pac. Լեգենդը» ֆիլմի փակ դիտմանը
«Այսօր միասին դիտելու ենք շատ երկար սպասված ֆիլմը Նյու Յորքի փողոցներում մեծացած երիտասարդ Շակուրի մասին: Նրան հաջողվել է անցնել երկար ճանապարհ, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու դառնալ աշխարհի ամենահայտնի եւ ազդեցիկ հիփ-հոփ արվեստագետներից մեկը: Ինչպես գիտեք, նրա «All Eyez on Me» ալբոմը համարվում է ամենաշատ վաճառված ալբոմներից մեկն ԱՄՆ-ում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է «Երեւան Մոլ»-ի մարքեթինգային նախագծերի մենեջեր Կոնստանտին Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ ֆիլմը կինոթատրոնի էկրաններին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պահանջարկ կունենա եւ հաջողություն կգրանցի հայ կինոսերների շրջանում:
«Երեւան Մոլ»-ի մարքեթինգային նախագծերի մենեջեր Կոնստանտին Գեւորգյանը
«ԿինոՊարկ»-ի մուտքի մոտ տեղադրված խորհրդանշական ստենդի առջեւ մի լավ լուսանկարվելուց հետո հյուրերը շտապեցին զբաղեցնել իրենց տեղերը եւ դիտել այս ամռան ամենասպասված ու պահանջված ֆիլմերից մեկը: Գուցե առաջին րոպեներին Թուփաքի արվեստի սիրահարների համար փոքր-ինչ դժվար կլինի ընկալել նրա կերպարը Դեմետրիուս Շիփ Կրտսերի դերակատարմամբ, բայց շնորհիվ վերջինիս փայլուն դերասանական խաղի՝ շուտով սկսում ես ընկալել ռեփերին նոր կերպարում: 2 ժամ 20 րոպե տեւողությամբ ֆիլմի ռեժիսորն է Բեննի Բումը, ով նույնիսկ չի էլ թաքցրել իր մեծ համակրանքը հանրահայտ ռեփերի նկատմամբ:
Ռեժիսորը ջանք չի խնայել՝ ցույց տալու համար նրա պայքարը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ազատ ու արդար կյանքի հաստատման: Նույնիսկ նրանք, ովքեր մինչ այս այնքան էլ հետաքրքրված չէին Թուփաքի գործունեությամբ, համոզված ենք՝ ֆիլմը դիտելուց հետո շտապելու են ուսումնասիրել նրա արվեստը, ծանոթանալ նրա ստեղծագործական ու հասարակական գործունեությանը:
Իր կարճ մասնագիտական գործունեության ընթացքում Թուփաքը կարողացել է հասնել ավելիին, քան շատ այլ երաժիշտներ՝ իրենց ողջ կյանքի ընթացքում: Միեւնույն ժամանակ, այդ ամենին հասնել սեւամորթ երիտասարդին հաջողվել է միայն կյանքի դրամատիկ իրադարձությունները հաղթահարելու շնորհիվ: Նա ծնվել է Նյու Յորքի հանրահայտ Հառլեմ թաղամասում: Դեռ մանկուց իր սեփական փորձից իմացել է, թե աֆրոամերիկացիների համար որքան դժվար է գոյությունը պահպանել մեգապոլիսի ամենաաղքատ թաղամասերից մեկում:
«2pac. Լեգենդը» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում
Թե ինչպես Թուփաքի ստեղծագործական տաղանդը հնարավորություն տվեց նրան խուսափել աղքատությունից եւ իրականացնել իր ամենանվիրական երազանքը, ինչպես էին միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից անհամբերությամբ սպասում նրա համերգներին, ինչպես էր կարողանում համատեղել կարիերան հասարակական բուռն գործունեության հետ, ինչու էր նրա անունը շրջանառվում քրեական պատմություններում եւ աղմկահարույց սկանդալներում, եւ թե ինչ հանգամանքներում սպանվեց, բացահայտեք նոր ֆիլմում:
Շտապեք դիտել «2pac. Լեգենդը» ֆիլմը «ԿինոՊարկ» կինոթատրոնի էկրաններին, քանի դեռ կա այդ հնարավորությունը: Մուտքը երեխաների համար չէ. ֆիլմը 18+ է :):
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ավետիս Ավետիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: