“Հայաստանը “Եվրատեսիլում” հաղթելու հնարավորություն ունի” Մայիսին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2011» համաեվրոպական երգի մրցույթի ժամանակ Մոլդովան ներկայացնելու է «Zdob si Zdub» խումբը` «So Lucky» երգով: Նախամրցութային պրոմո-տուրերի շրջանակներում խումբը այցելեց նաեւ Երեւան: Ապրիլի 4-ին Orange-ի երեւանյան կենտրոնական գրասենյակը հյուրընկալել էր մոլդովական խմբին: Bravo.am-ը եւս ներկա էր հանդիպմանը, որի ժամանակ հյուրերը խոսեցին Հայաստանի, եվրատեսիլյան մեր երգի, մասնակցի եւ մրցույթի մասին: Հանդիպման ժամանակ ներկաներին ողջունեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան. «Արդեն երկրորդ տարին է, որ Orange-ը միանում է «Եվրատեսիլին»: Սա եվրոպական մեծ միջոցառում է, որը թույլ է տալիս միավորվել երաժշտության շուրջ, ճանաչել միմյանց, միասին անցկացնել ոգեւորության պահեր ու պարզապես զվարճանալ»: Բրունո Դյութուան նշեց, որ անցած տարվա փորձը ցույց է տվել հայերի սերն այս իրադարձության հանդեպ, եւ իրենք ուրախ են կրկին աջակցել Հայաստանին եվրոպական տոնի իրականացման համար: «Zdob si Zdub» խմբի անդամներ Ռոման Յակուպովն ու Սվետոսլավ Ստռուշը Հայաստան են եկել ապրիլի 3-ին, արդեն հասցրել են հայկական կոնյակ եւ խորոված համտեսել, իսկ երեւանյան ակումբներից մեկում փոքրիկ համերգ կազմակերպել: «Վերցրինք կիթառներն ու սկսեցինք երգել մեր երգացանկի բոլոր երգերը, մարդիկ էլ ծափերով սկսեցին ինչ-որ չափով ձայնակցել մեզ»,-ասաց Ռոման Յակուպովն ու հավելեց, որ իրենք հիացած են հայկական երաժշտությամբ, խոհանոցով, որը միայն մեկ օրվա ընթացքում հնարավոր չէ բացահայտել: Խոսելով եվրատեսիլյան մեր մասնակցի եւ նրա հնարավոր հաղթանակի մասին`Ռոման Յակուպովն ասաց, որ Հայաստանն այս մրցույթում հաղթելու հնարավորություններ ունի, անկախ նրանից, որ չի օգտագործել ազգային մոտիվներ. «Միեւնույն է, հայի տեսքը, աչքերը, էներգիան անկրկնելի են. մենք անպայման երկրպագելու եւ քվեարկելու ենք Հայաստանի օգտին»: Յակուպովը նշեց` եթե չհաղթեն էլ, իրենց հաղթանակած են զգալու: «Մենք մեր երկիրը ներկայացնելու ենք ստանդարտներից դուրս»,-ասաց «Zdob si Zdub» խմբի անդամն ու հավելեց, որ իրենք շեշտը դնում են ոչ թե հաղթանակի, այլ պահը վայելելու վրա, իսկ եվրատեսիլյան կանխատեսումների փոխարեն փորձում լավ պատրաստվել ելույթին: Տղաները հույս ունեն` Եվրոպան կհասկանա եւ կընդունի իրենց երգը, որը գրված է Գրիմ եղբայրների «Գորտը» հեքիաթի տպավորությունների ներքո. «Երգն ուրբանային է, հագեցած ֆոլկլորային տարրերով, որոնցից է ազգային կուշման` երկարապոչ գլխարկը»: Ի դեպ, խմբի անդամները հայ լրագրողների հետ հանդիպմանը եկել էին ազգային կուշմաներով, որն իրենց մեկնաբանությամբ հումոր եւ գրոտեսկ է ավելացնում: Իսկ եվրատեսիլյան մեր մասնակցի` Էմմիի բացակայությունը հանդիպմանը, կարծում ենք, պարզ է. երգչուհին պրոմո-տուրերի շրջանակներում գտնվում էր Մոսկվայում, ապրիլի 3-ին էլ Կրեմլի մեծ դահլիճում կայացած «Տաշիր 2011»-ի ժամանակ, ինչպես արդեն հայտնի է, ստացավ “Տարվա երգչուհի” մրցանակը: «Եվրատեսիլ 2011»-ի մեր ներկայացուցչի պրոմո-տուրերին եւ հետագա աշխատանքներին Bravo.am-ը դեռ կանդրադառնա: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: