Վերջին շրջանի բեսթսելլերներից մեկը համարվող «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպը շուտով կէկրանավորվի: Գրքի, ինչպես նաեւ ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Արենն է, ռեժիսորը՝ Արտակ Իգիթյանը, ով առավել հայտնի է իր «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմով, իսկ կոմպոզիտորը Միշել Լեգրանն է, ով առաջին անգամ ցանկություն է հայտնել Լեգրան ազգանվան կողքին նշել նաեւ հայկական Տեր-Միքայելյան ազգանունը, որը կհիշեցնի մեծանուն երաժշտի հայկական ծագման մասին: Մեկ այլ ուրախալի փաստ է նաեւ այն, որ ֆիլմում նկարահանվել են այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք են՝ Սամի Նասերին եւ Ժերար Դարմոնը: Նրանց կողքին՝ գլխավոր դերում, հանդես է գալիս նաեւ դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, ով BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել է նոր ֆիլմի հետաքրքիր մանրամասներով:
Հերմինե Ստեփանյանը
Ծանոթությունն ու համագործակցությունը Արտակ Իգիթյանի հետ
Երբ առաջին անգամ տեսա Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, մեծ հիացմունք ապրեցի, եւ իմ երազանքը դարձավ ռեժիսորի հետ շփում ունենալը: Դրանից մոտ երկու տարի անց, երբ եկավ Հայաստան, պատահաբար հանդիպեցի «Մոսկվա» կինոթատրոնում՝ Նարինե Մալյանի ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Ես վերջապես կարողացա շնորհավորել «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի առիթով, եւ այդպես կարծես ստեղծվեց մեր կապը, սկսեցինք քննարկել իր նախագծերը: Իսկ նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկն ինձ համար եղավ շատ անսպասելի: Ասաց, որ կարդամ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպը: Ամբողջ գիշեր կարդացի եւ ամբողջ գիշեր հոնգուր-հոնգուր լաց եղա: Արդեն այնքան կարեւոր չէր՝ ես կխաղամ, թե՝ ոչ, ավելի կարեւոր էր, որ վեպն էկրանավորվի: Այն Հայոց ցեղասպանության հետեւանքների մասին խոսելու եւս մի տարբերակ է, նախեւառաջ՝ մարդկային պատմություն, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին:
Հետո ես ծանոթացա նաեւ գրքի հեղինակի՝ Մարկ Արենի հետ, երբ նա հյուր էր եկել «Առավոտ լուսո» ծրագրին: Չեմ կարող նկարագրել, թե որքան հաճելի էր նրա հետ հանդիպումը, հատկապես, որ իր ստորագրությամբ գիրք նվիրեց ինձ:
«Հայաստանի կողմից դեռ աջակցություն չկա»
Վեպում նկարագրվում են հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ հայտնաբերում է, որ ծնողները հայեր են եղել։ Իհարկե, գիրքն ու ֆիլմը փոքր-ինչ տարբերվելու են միմյանցից, բայց ես փակագծերը բացել առայժմ չեմ կարող: ֆիլմում կնոջ երկու գլխավոր կերպար կլինի, որից մեկին կմարմնավորեմ ես: Թիզերն արդեն պատրաստ է, իսկ բուն նկարահանումները կմեկնարկեն 2018-ի սկզբին: Շատ կարեւոր են այն պայմանները, որ Արտակը ստեղծում է արտիստների համար: Դրանք թույլ են տալիս քեզ զգալ ճիշտ տեղում, ճիշտ միջավայրում, ինչը մեր իրականության մեջ փոքր-ինչ անսովոր երեւույթ է: Նկարահանումները կընթանան Ֆրանսիայում, Գերմանիայում, Թուրքիայում եւ Բուլղարիայում: Նշեմ, որ ֆիլմը նկարահանվում է ֆրանս-ռուսական ջանքերով. հայկական արտադրություն չէ, Հայաստանի կողմից դեռ աջակցություն չկա: Բայց ես վստահ եմ, որ անպայման լինելու է համագործակցություն, որովհետեւ չի կարող Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանվել, եւ այնտեղ Հայաստանի անունը չգրվի:
Սամի Նասերին
Սամի Նասերիի եւ Ժերար Դարմոնի հետ՝ նույն ֆիլմում
Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստ դեմ չէր լինի նկարահանվել այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են՝ Սամի Նասերին ու Ժերար Դարմոնը, հատկապես, երբ ֆիլմի կոմպոզիտորը Միշել Լեգրանն է: Ինքս դեռ չեմ հասցրել շփում ունենալ նրանց հետ. կինոյի դեպքում դա մի փոքր բարդ է, նաեւ առայժմ միայն թիզերն ենք նկարահանել, ինչը տեւել է ընդամենը մեկ օր: Բայց արդեն բուն նկարահանումների ժամանակ իմ բոլոր հատվածները նրանց հետ են լինելու: Ես չեմ կարող հստակ ասել, թե նրանք ինչ են մտածում Ցեղասպանության թեմայի շուրջ, բայց մի բան պարզ է՝ հասկանում են՝ որտեղ են, ինչի համար են նկարահանվում: Վերջերս Սամի Նասերին հարցազրույց էր տվել հայտնի ամսագրերից մեկին, որտեղ մանրամասն խոսել էր այդ մասին: Երբ նրանք գան Հայաստան, թեմայի շուրջ բոլոր հարցերը կկարողանաք ուղղել նրանց:
Հիմա անհամբեր սպասում եմ` երբ են սկսվելու նկարահանումները, որպեսզի ավելի հաճախ կարողանամ շփվել, զրուցել այդ արտիստների հետ, Արտակի հետ, նորից լինեմ նկարահանման հրապարակում, նորից զգամ, վերապրեմ, եւ այդ ամենն իրականություն դառնա:
Հեռուստատեսությունը եւ կինոն` կողք կողքի
Մեկը մյուսին չի խանգարում, դրանք միասին կարող են քայլել կողք կողքի: Հեռուստատեսությունը լավ իմաստով աշխատանք է ինձ համար, իսկ որպես ստեղծագործական դաշտ՝ կինոն, իհարկե, անհամեմատելի արվեստ է: Եվս երկու միջազգային հետաքրքիր նախագծեր կան, որոնք քննարկվում են այս պահին: Դրանց մասին փոքր-ինչ ուշ կխոսենք, երբ արդեն թիզերներ կնկարահանվեն, որեւէ տեղեկատվություն կլինի: Մեծ հաճույքով կկիսվեմ ձեզ հետ այդ նորությամբ:
Հերմինե Ստեփանյանը
Կինոն մի աննկարագրելի գայթակղություն է, հիվանդություն: Ես շատ երկար ժամանակ չեմ նկարահանվել, քանի որ միշտ երազել եմ խաղալ լավ ֆիլմում, նկարվել այնպիսի գործերում, որոնք իրենցից արժեք են ներկայացնում: Իմ դեբյուտը եղել է Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմում: Կրկին գլխավոր դերերից մեկն էի մարմնավորում: Քանի որ հեղինակային ֆիլմ էր, շատ մեծ ճանաչում չունեցավ, չնայած՝ մրցանակներ ստացավ եւ այլն: Հիմա կարելի է ասել` «Սպիտակ»-ով եւ «Անատոլիական պատմություն»-ով կատարվում են իմ մեծ երազանքները՝ միջազգային կինոշուկա, միջազգային պայմանագրեր: Մոսկվայում արդեն ունեմ իմ գործակալը, ով զբաղվում է իմ բոլոր հարցերով: Նոր-նոր ենք կնքել բոլոր այդ պայմանագրերը: Ու չեմ փոշմանում, որ այսքան ժամանակ՝ համալսարանն ավարտելուց հետո մոտ 17 տարի, ես կարողացա ինձ ամուր պահել, չնայած՝ գայթակղությունները շատ-շատ են եղել` սերիալներում գլխավոր դերեր, տեսահոլովակներ եւ այլն: Միշտ շատ մանրակրկիտ ու ցավոտ եմ վերաբերվել իմ աշխատանքին, որ գա այս օրը, ու ես հպարտությամբ ասեմ`այո, ես ինչ-որ բան փորձում եմ անել:
Հ.Գ. Հերմինե Ստեփանյանի մասնակցությամբ «Սպիտակը» եւ «Անատոլիական պատմություն» ֆիլմերը մեծ էկրան կբարձրանան 2018 թվականին: Իսկ մինչ այդ նա առաջարկում է ընթերցել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպը, որից հետո միայն դիտել համանուն ֆիլմը: Ստեղծագործության հիմքում հայ-թուրքական հակամարտությունն է, որ դրսեւորվում է տարբեր իրավիճակներում, տարբեր աշխարհայացքների, ճակատագրի եւ տարիքի մարդկանց կյանքում: Քաղաքականությունը եւ սերը, պատմությունն ու այսօրվա իրականությունը, ահաբեկչությունն ու հակաահաբեկչությունը, պարզվում է, սերտորեն կապված են եւ, ըստ էության, հենց կյանքն են:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արտակ Իգիթյանի պաշտոնական կայքէջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: