×


«Արծվաբույն»-ի պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում նոր ներկայացում է ներառվել, որի պրեմիերային ներկա էր նաեւ BRAVO.am-ը։ Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» պիեսի բեմադրությունը նվիրված է Արցախյան ազատամարտին:

«Արծվաբույն» ներկայացման պրեմիերային


Պիեսը բեմադրել է Դավիթ Հարությունյանը, կոմպոզիտորն Արման Էլբերտն է, նկարիչը՝ Սեդրակ Վելիկոդնին: Ներկայացման կազմում են՝ դերասաններ Ջուլիետա Ստեփանյանը, Անդրանիկ Զաքարյանը, Մարիամ Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Նարեկ Մնացականյանը, Լեռնիկ Հարությունյանը, Մեսրոպ Աբտոյանը եւ այլք։

2 մասից կազմված ներկայացման գործողությունները տեղի են ունենում 1990-ականների սկզբին՝ Արցախի ռազմաճակատում՝ ներկայացնելով արցախցիների կենսակերպի, տարբեր շրջաններից պատերազմում կռվող տղաների եւ ռադիոլրագրող Սոնայի պատմությունը, որն աշխատանքի պատրվակով եկել է ռազմաճակատ՝ փնտրելու իր ամուսնուն։ Ջուլիետա Ստեփանյանի կերպարը 80-ամյա ղարաբաղցի կին է, որը կրում է որդեկորույս մայրերի ցավն ու կարոտը։ Պատերազմում կորցնելով իր ամուսնուն ու որդուն՝ նա հոգ է տանում կռվող զինվորների մասին։ Ռմբակոծված Քարակապի տիրուհին ասում է՝ «Աստված հայի ամեն սերնդի միշտ պատերազմ է տալիս, որ հայը զենք բռնելը չմոռանա, եթե մոռացավ, ո՛չ իր տան, ո՛չ երկրի տերը կլինի»։

«Արծվաբույն» ներկայացման պրեմիերային


Բեմադրիչ Դավիթ Հարությունյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ  ուսումնասիրելով Արցախի թեմային նվիրված գործերը, որոնումների մեջ գտել է Հրաչ Բեգլարյանի պիեսը, որն ի սկզբանե կոչվել է «Օրը»։ Նպատակ են ունեցել պրեմիերան իրականացնել Ստեփանակերտում՝ 2016 թվականի մայիսյան տոների շրջանում, իսկ թատրոնում փորձերը սկսել են 2015-ի աշնանը.«2016-ի մարտին գնացինք տեղում քննարկելու մանրամասները, բայց ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո ամեն ինչ փոխվեց, մի քանի ամիս սառեցվեց, հետո որոշեցինք թատրոնում խաղալ»։

Դավիթն առաջին անգամ չէ Մայր թատրոնում բեմադրություն անում, նրա «Դեպք մետրոյում» ներկայացումը եւս խաղացանկում է, բացի այդ, աշխատել է Երեւանի պատանի հանդիսատեսի եւ Պարոնյանի անվան թատրոններում։ Նրա կարծիքով՝ տարբեր թեմաներով պիեսներ են գրվում, ներկայացումներ բեմադրվում, սակայն ազատագրական պայքարի մասին ստեղծագործությունները քիչ են.«Հեղինակի հետ ամիսներով աշխատել ենք, պիեսը մոտ 6-7 անգամ խմբագրվել է։ Միգուցե նայելիս դիտողի մոտ հայրենիքի հանդեպ ինչ-որ բան փոխվի։ Ցավոք, քիչ են այս թեմայով պիեսներ գրում, թող գրեն, ապրիլի պատերազմի մասին որեւէ թատերգություն դեռ չեմ կարդացել»։

«Արծվաբույն» ներկայացման պրեմիերային


Մշակույթի նախարարությունն այս տարի իրականացնում է «Մշակութային կանգառ» ծրագիրը, որով Հայաստանի մարզերում նախատեսվում է մոտ 426 միջոցառում, այդ թվում՝ տարբեր թատերախմբերի ելույթները: «Արծվաբույն»-ի կազմն ապրիլին կմեկնի Գորիս, Կապան, Ստեփանակերտ, այնուհետեւ՝ Վանաձոր, Գյումրի. «Կարծում եմ՝ շատ լավ ծրագիր է, կնպաստի մարզային քաղաքների, սահմանամերձ բնակավայրերի ներգրավվածությանը մշակութային կյանքին»,-եզրափակել է ռեժիսորը: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW