×


«Գրգռվել ուղեղից» կամ սապիոսեքսուալություն

Նամակներից մեկում առաջարկ ստացա անդրադառնալ սապիոսեքսուալությանը` որպես հաճախակի շրջանառվող նոր տերմինի: Չեմ կարծում, որ երեւույթն է նորություն, համոզված եմ, որ դրան նոր է անուն տրվել: Սկսեցի տնտղել ամենատարբեր աղբյուրներն ու հավաքագրել կարեւոր փաստեր այս բառի վերաբերյալ: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս նյութը դուր է գալու հատկապես ծրագրավորողներին, մաթեմատիկոսներին, ֆիզիկոսներին եւ այլ «խելացի մասնագիտությունների» հետեւորդներին: 

Սապիոսեքսուալությունը ծագում է լատիներեն sapio՝ «մտածում եմ», եւ անգլերեն sexual` «սեքսուալ», բառերից: Սապիոսեքսուալները կարծում են, որ մարդու ամենագայթակղիչ ու գրգռիչ հատվածը նրա խելքն է, ընդ որում՝ կամայական դրսեւորմամբ՝ արվեստաբանությունից եւ կրոնագիտությունից, մինչեւ ցինիզմ ու տեխնիկական գիտություններ: Աշխարհում այս միտումը վերջին 10 տարում ավելի ու ավելի ակտուալ է դառնում:

Հոգեբան Ե. Կաշչենկոն փաստում է, որ սապիոսեքսուալությունը (ինչպես եւ ոչ վաղ անցյալում շատ ակտուալ մետրոսեքսուալությունը) կապ չունի սեքսուալ կողմնորոշման կամ մարդու հիմնարար սեքսուալ տարրերի հետ: Սապիոսեքսուալը կերպար է, որը ձեւավորվում է զանգվածային մշակույթի (ֆիլմեր, սերիալներ, տեսահոլովակներ, լուսանկարչություն եւ այլն) շնորհիվ ու մատուցվում որպես հավանության սեքսուալ մոդել: Ահա, ինքս էլ հիշեցի, որ «Dr.House», «Lie to Me», «The Mentalist» ու «House of Cards» սերիալների սիրահար եմ:

Իսկ ինչո՞ւ է սա արդիական: Ինչպես եւ ենթադրում էի, նորություն չէ. ըստ հոգեբան Խոսե Էռերայի` այս ֆենոմենը վաղուց է հայտնի, նորություն է միայն անվանումը, ինչպես, օրինակ, մետրոսեքսուալներինը, որոնց նախատիպը 19-րդ դարի «դենդիներն» էին: Ուղեղը, որպես սեքսուալ օբյեկտ, դիտարկվել է տեխնոլոգիական վերելքների ժամանակաշրջաններում: Դե, իսկ հիմա ոչ թե վերելք, այլ տեխնոլոգիական հեղեղ է նկատվում ամեն տարի: Այնպես որ, ամեն ինչ տրամաբանական է:

Բայց ինչո՞ւ ենք միայն գլոբալ դիտարկում. եթե փոքրացնենք մասշտաբներն ու փաստենք, որ երիտասարդներն(ու ոչ միայն) շփվում, բանավիճում, հավանում, սիրահարվում, նաեւ վիրտուալ սեքսով են զբաղվում ֆորումներում, սոցցանցերում ու փոքրիկ «չաթային» պատուհաններում, ապա սապիոսեքսուլությունն էլ ավելի հիմնավորված է դառնում: Ինչի՞ հետ ենք առնչվում նշված վայրերում. մարդու ուղեղի՝ գեներացված խելքի կամ դրա բացակայության հետ: Չորուցամաք տառերը մերկացնում են մարդուն, թողնում առանց էմոցիաների, միմիկաների, ժեստերի ու ինտոնացիայի, մնում է բացառապես տեքստ, որի գրագիտությունից, շարադասությունից ու բովանդակությունից մենք գայթակղվում կամ խորշում ենք տվյալ մարդուց: Ինտելեկտը կարելի է զարգացնել շատ ավել մեծ միջակայքով, քան արտաքին տվյալները: Բացի այդ ինտելեկտը շատ հարմար հարթակ ու ելման կետ է հարաբերություն կառուցելու համար:

Ո՞ր սեռն է ավելի սապիոսեքսուալ: Կարծում եմ` պատասխանը միանշանակ է: Սապիոսեքսուալությունն ավելի պիտանի է կնոջ բնույթին: Կինը ձգվում ու սեքսուալ գրգիռ է զգում դեպի առավել ցայտուն «ալֆա-արուն»: Կնոջ ամենախորքային պահանջմունքը վաղվա (բառի փիլիսոփայական իմաստով) ապահովությունն է: Ի բնե ու ի սկզբանե, մարդկության զարգացման ծեգին այդ ապահովության զգացումը տալիս էր տղամարդը՝ ուժեղ մարմնով, որս անելու կարողությամբ, առաջնորդելու հմտությամբ: Այժմյան աշխարհում նման որակներ կարող է ապահովել միայն խելացի տղամարդը: Ըմմմ, մի փոքրիկ անմեղ բառախաղ է ստացվում, բայց միգուցե կինն ավելի՞ խելացի է, քանի որ աշխատում է գտնել պայմանականորեն իրենից ավելի խելացիին: Չգիտեմ, չգիտեմ:

Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Այստեղ էլ նկատվում է որոշակի միտում` ուղեղ գնահատելու եւ այն սեքսուալ հատված համարելու: Ուրվագծվում է աղջիկների մի նեղլիկ զանգված, որին ավտոմեքենայի բանալիով, հեռախոսի մոդելով ու «Հերմես» գոտիով չես զարմացնի. նրանք կհուզվեն միայն խելքի դրսեւորումից, դիպլոմների քանակից, ինտելեկտուալ հումորից, ընդհուպ մինչեւ դեմքի խելացի արտահայտությունից: Չնայած, մի րոպե, միգուցե բանալին, հեռախոսն ու գոտին խելքի, դիպլոմների ու լավ աշխատանքի արդյո՞ւնք են: Ստուգել է պետք: Տղամարդկանց շրջանում նմանատիպ զանգվածն է՛լ ավելի նեղլիկ է (կեցցեն աղջնակները): Հայաստանում աղջկան գնահատելու եւ նրանից գրգռվելու թիվ մեկ հատկանիշն, ըստ իս, եղել եւ մնում է արտաքինը: Հազարից մեկ կարելի է հանդիպել տղամարդու, ով կարտաբերի, օրինակ՝ «նա սիրուն է, բայց անխելքիկ, ինչի՞ մասին կարելի է նրա հետ սեքսով զբաղվել»:

Հայաստանում մնացյալ լայն զանգվածները, այնուամենայնիվ, հեռու են գրադարաններում ու պայմանականորեն Փարպեցու փողոցում տիրող փաբային  սապիոսեքսուալությունից: Հուսամ, մյուս փողոցներին էլ խելքից գրգռվելու տոնը մի օր կայցելի:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW