×


«Էլլա Ֆիցջերալդ - 100». Աննախադեպ ջազային համերգ Օպերայինում

Երեւանում երեկ կրկին ջազային տոն էր. նշվեց ամերիկացի լեգենդար երգչուհի Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակը: Համերգի այս ձեւաչափն աննախադեպ էր հայկական ջազի պատմության մեջ: Երեկոն նախաձեռնել էին «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը, Վահագն Հայրապետյանը եւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

«Էլլա Ֆիցջերալդ - 100» խորագրով համերգին


Համերգի հատուկ հյուրը ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Մարջորի Բարնսն էր, ով հանդես եկավ Վահագն Հայրապետյանի «Սանկտ-Պետերբուրգ» ջազ-կվարտետի եւ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Կոնստանտին Օրբելյանի դիրիժորությամբ:

«Հայաստանում ջազի սիրահարները շատ լավ գիտեն Էլլա Ֆիցջերալդի արվեստը, բայց ամենանշանակալին այն է, որ առաջին անգամ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարվում է այս տիպի երաժշտություն, այն էլ՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց դաշնակահար Վահագն Հայրապետյանը:

Ջազմենի խոսքով` նախաձեռնության հեղինակը Կոնստանտին Օրբելյանն է.«Մոտ մեկ ամիս նախապատրաստվեցինք համերգին: Ամեն ինչ շատ արագ արվեց, քանի որ մաեստրոն մի քանի օրից պետք է մեկներ երկրից: Խորին շնորհակալություն եմ հայտնում Օպերային թատրոնի ողջ անձնակազմին` ջանքեր ու ժամանակ չխնայելու եւ ամեն ինչ այսքան պրոֆեսիոնալ կերպով կազմակերպելու համար: Հաճախ են ասում` դե, Հայաստանում չի լինի, չի ստացվի, իսկ ես ուզում եմ շեշտել` Հայաստանում ամեն ինչ էլ կլինի, Հայաստանը չէ խնդիրը, մարդու մենթալիտետն ու միտքն է խնդիրը»:

«Էլլա Ֆիցջերալդ - 100» խորագրով համերգին


Ինչ վերաբերում է Մարջորի Բարնսի հետ համագործակցությանը, ապա Վահագն Հայրապետյանի խոսքով` նրան Հայաստան հրավիրելու միտքն առաջարկել է Եգոր Կրյուկովսկիխը (հարվածային գործիքներ , Սանկտ-Պետերբուրգ ջազ կվարտետ). «Թեեւ այլ երգչուհիներ էլ կան, որոնց կարող էինք հրավիրել մեր համերգին, բայց որոշեցի վստահել մեր թմբկահարին, որովհետեւ նա շատ երաժշտական է ու ամեն ինչին շատ լավ տեղյակ է: Ճիշտ է, Մարջորին ծնունդով Նյու Յորքից է ու այնտեղ է ապրել իր ողջ կյանքը, բայց այդ պահին գտնվում էր Հոլանդիայում, եւ շատ հարմար էր նրան հրավիրելը: Բացի այդ, շատ լավ ծանոթ է Էլլա Ֆիցջերալդի երգացանկին»:

Համերգը սկսվեց, եւ ի սկզբանե արդեն պարզ էր, որ հանդիսատեսն ունկնդրելու է որակյալ ջազ` հայ եւ արտասահմանցի երաժիշտների մատուցմամբ: Այդ մասին էին վկայում նաեւ չդադարող ծափահարությունները եւ բրավոները, որ լսվում էին ամեն կողմից:

«Շատ շնորհակալ եմ՝ ինձ Հայաստան հրավիրելու համար: Ես շատ փորձեցի մի քանի հայերեն բառ սովորել` այսօր ձեզ հայերենով ողջունելու համար, բայց, ցավոք, ամեն ինչ մոռացա: Հուսամ` մյուս անգամ կստացվի: Շնորհակալ եմ, որ եկել եք լսելու ջազի ու սիմֆոնիկ նվագախմբի այս հիասքանչ համագործակցությունը: Երեկո` աշխարհի լավագույն դիրիժորի մասնակցությամբ»,- դիմելով հանդիսատեսին` ասաց Մարջորի Բարնսը:

Մարջորի Բարնսը


Էլ ի՞նչ երեւանյան ջազ` առանց հայկական երաժշտության ծանոթ ելեւէջների. թեեւ համերգը նվիրված էր Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին, բայց ջազը, իհարկե, հնարավորություն էր տալիս ընդլայնելու երաժշտության սահմաններն ու միաձուլելու հայկականն ամերիկյանի հետ: Մի քանի նման ջազային մշակումներ իսկական ոգեւորություն առաջացրին հայ հանդիսատեսի շարքերում: Լեփ-լեցուն դահլիճը մեծ ուրախությամբ էր ընդունում ելույթները:

Նշենք, որ ամերիկացի ջազ երգչուհի Էլլա Ֆիցջերալդը հայտնի է նաեւ որպես «Լեդի Էլլա» եւ «Ջազի առաջին լեդի»: Ֆիցջերալդը համարվում է ջազի պատմության մեծագույն վոկալիստներից մեկը։ Համենայն դեպս, ոչ ոք չէր կարող գերազանցել նրան ձայնային իմպրովիզացիաներում։ Նա «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր է։ Երգչուհու կենդանության օրոք վաճառվել է ավելի քան 40 ձայնապնակ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Օպերային թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW