×


«Էխո»-ի բարեգործական ընթրիքը՝ 17 երեխայի օգնելու համար

«Էխո» բարեգործական կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական, մատչելի միջավայրի ապահովմամբ։ Նրանք երեկ «Վահագնի» ռեստորանում կազմակերպել էին 2016 թվականի ամփոփիչ բարեգործական երեկո, որի խորագիրն էր «Բարեգործությունը որպես բարոյական արժեք»։ 

«Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը


BRAVO.am-ի հետ զրույցում «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը հայտնել է, որ այժմ իրենց խնամակալության ներքո գտնվում է շուրջ 200 երեխա՝ տարբեր աստիճանի առողջական խնդիրներով։ Անդամների թիվն ավելանում է եւ ռեսուրսների պակաս են ունենում.«Երեխաներից շատերն ունեն վիրահատության կարիք, մի մասին անհրաժեշտ են տեղաշարժվելու սարքավորումներ, ոմանց էլ՝ հատուկ բժշկական հեծանիվներ։ Այս տարվա ընթացքում փորձել ենք լուծել երեխաների սոցիալական խնդիրները, մի փոքր օգնությունն ու հենարանը կարող են առիթ դառնալ, որ հեշտ հաղթահարեն մեկուսացումը հանրությունից։ Նաեւ ունենք չափահաս 18 տարեկան երեխաներ, որ շարունակում են անդամակցել, բացի այդ աշխատում ենք մեծահասակների հետ շահերի պաշտպանության ոլորտում, սակայն ֆինանսի պակասի պատճառով առաջնահերթությունը տալիս ենք երեխաներին։ Նշեմ, որ հաշմանդամության ավելացման պատճառները կապված են նաեւ բնապահպանական ոչ բարենպաստ պայմանների հետ»։

Անահիտ Շահբազյանը


Երեկոն վարող Սուրեն Առուստամյանը ներկայացրել է կազմակերպության տեսլականը եւ առաջարկել դիտել վավերական փոքրիկ ֆիլմ կազմակերպության մասին. «Համոզված եմ, որ «Էխո»-ն կարեւոր գործ է անում եւ ոչ հենց այնպես։ Անհատների ու կազմակերպությունների ֆինանսական միջոցները հասնում են հասցեատերերին»։

Միջոցառմանը ելույթ են ունեցել «Գողթ» բենդը, Անահիտ Շահբազյանը, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը։ Երգիչները մասնակցում են նաեւ Եվրոպայում կազմակերպվող բարեգործական համերգներին. «Այս տարի առաջին անգամ շրջագայություն ունեցանք ժողովրդական երգիչների հետ, հայ համայնքի տրամադրած հասույթն ամբողջությամբ փոխանցվեց երեխաներին։ Եղել ենք Ֆրանսիայի ու Ավստրիայի քաղաքներում։ Հաջորդ տարի նախատեսված է մեծ համերգաշար եվրոպական 22 քաղաքում»,-տեղեկացրել է Սերյոժան։

«Էխո»-ի բարեգործական ընթրիքին


Սերյոժան նշել է, որ սեղմ ժամանակահատվածում են պատրաստվել երեկույթին. «Մեր սոցիալական աշխատակիցների հետ հասկացանք, որ դեռեւս 17 երեխայի խնդիր ունենք եւ չենք հասցրել լուծել։ Անհրաժեշտ է մոտ 4 միլիոն 200 հազար դրամ այդ կարիքները հոգալու համար»։

Ընթրիքից ստացված հանգանակությունը փոխանցվելու է երեխաներին։ BRAVO.am-ի ընթերցողները եւս կարող են նվիրատվություն անել, մանրամասների համար այցելեք Ekho.am կայք։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW