«ՀայՖեստ 2016» միջազգային 14-րդ փառատոնը մեկնարկել է ուզբեկական ներկայացմամբ։ Հոկտեմբերի 1-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կայացած պաշտոնական բացման ժամանակ ներկաները դիտել են Տաշքենդի «Իլխոմ» դրամատիկական թատրոնի «Յոթ լուսին» երաժշտական դրաման։ Դահլիճում ներկա են եղել հայ եւ այլազգի բեմադրիչներ, դերասաններ, պրոդյուսերներ, թատերասերներ։
«ՀայՖեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը
Բեմադրիչ Վլադիմիր Պանկովի «Յոթ լուսին» ներկայացումը «Իլխոմ» թատրոնի եւ «Սաունդրամա» ստուդիայի համատեղ նախագիծն է՝ հիմնված Ալիշեր Նավոյի «Յոթ լուսին» գործի վրա: Այն 3 լեզվով է՝ ռուսերեն, ուզբեկերեն եւ հին ուզբեկերեն, որով գրել է Ալիշեր Նավոն: Մեկ գործողությամբ ներկայացման մեջ զբաղված են շուրջ 18 դերասան, գերակշռում են լուսային, պարային ու երաժշտական լուծումները։
Մինչեւ հոկտեմբերի 8-ը երեւանյան 12 բեմահարթակում կցուցադրվի շուրջ 50 բեմականացում՝ դրամատիկական, տիկնիկային, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, ֆիզիկական շարժման, կրկեսային, մանկական: Կլինեն նաեւ բացօթյա ներկայացումներ:
«ՀայՖեստ 2016» փառատոնի բացմանը
Բացմանը թատրոնի նախասրահում հանդիսականներն ընտրել են թելերից փակցված հայերեն ու անգլերեն աֆորիզմներ ու թեւավոր խոսքեր։ Թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը հայտնել է, որ այս տարի փառատոնի կարգախոսն է՝ «Իրականացրո՛ւ երազանքդ «ՀայՖեստի» հետ». «Բարի գալուստ «ՀայՖեստ», բարի գալուստ շլացուցիչ կատարողական արվեստների հարթակ։ Մենք շարունակում ենք Հայաստան հրավիրել թատերական ժամանակակից լավագույն ներկայացուցիչներին Բեռլինից, Սանկտ Պետերբուրգից եւ այլ քաղաքներից։ Շատերը ձեզ կզարմացնեն ու կհիացնեն»։
2003 թվականից ամեն տարի անցկացվող փառատոնն այս տարի հյուրընկալում է շուրջ 250 մասնակցի Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Լիտվայից, Հունաստանից, Ղազախստանից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ֆինլանդիայից և այլ երկրներից: Փառատոնի շրջանակում կներկայացվեն «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսինը» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ» դրամատիկական թատրոնի «Կարամազով եղբայրները» (Սանկտ Պետերբուրգ), Բեռլինի Գորկու անվան թատրոնի «Հոգիների աճուրդը» (բեմադրիչ՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյան):
«ՀայՖեստ»-ի ընթացքում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում անցկացվում է «Ժամանակակից թատրոնը» խորագրով գիտաժողով, որին մասնակցում են ոչ միայն հայ թատերագետներ, դասախոսներ, այլեւ փառատոնի շրջանակում Հայաստանում գտնվող դերասաններ, թատրոնների, փառատոնների ղեկավարներ, ովքեր կիսվում են իրենց փորձով: Հիմնական ծրագրում հանդես կգան Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր», «Միհր» հայկական թատրոնները: Փառատոնի ընթացքում կանցկացվի նաեւ լեհական ծրագիր, որը կրում է «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը: Ծրագիրը նախատեսում է նաեւ վարպետության դասընթացներ, որոնք կանցկացնեն փառատոնի հյուրերը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` «ՀայՖեստ» փառատոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: