Այս ամռանը Ղրիմի «Արտեկ» կենտրոնում կայանալիք «Նոր ալիք 2016» մանկական երաժշտական մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը, նույն ինքը` «Փոքրիկ ղարաբաղցի» երգով հայտնի Միշան:
Միշան
Օրերս Մոսկվայում տեղի ունեցած կիսաեզրափակչում մեր մասնակիցը գրավել է ժյուրիի համակրանքն ու հայտնվել եզրափակչում, որը տեղի կունենա օգոստոսի 11-ից 13-ը: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլում նրա ելույթը կարող եք դիտել ստորեւ.
Հիշեցնենք, վերջերս BRAVO.am-ին տված հարցազրույցում Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը պատմել էր, որ անգամ Արցախի ապրիլյան պատերազմի առաջին օրերին նա շարունակել է Ստեփանակերտում աշխատել փոքրիկ երգչի հետ, քանի որ նպատակ ունեին եզրափակիչ հասնել ու աշխարհին ապացուցել, որ «Արցախը կանգուն է, Արցախը ուժեղ է ու նույնիսկ պատերազմը չի կարող ճնշել արցախցու կամքն ու ոգու ամրությունը»:
Նշենք, որ 7-ամյա Միշան երաժիշտների ընտանիքից է, հայրը ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժորն է, մայրը երաժշտություն է դասավանդում մանկապարտեզում: Տղան հաճախում է Ստեփանակերտի թիվ 3 հիմնական դպրոցը, ընտանիքում ամենակրտսերն է. ունի քույր եւ եղբայր, հաճախում է նաեւ ջութակի դասերի, երաժշտական ունակությունները կատարելագործվել են «Արցախի ձայներ»-ի շրջանակում, որտեղ սովորում ու շփվում է իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ:
Ռազմիկ Ամյանը եւ Միշան
Պրոդյուսերի խոսքով` մրցույթի նախընտրական փուլում Միշան բոլորին զարմացրել է իր համարձակ եւ վստահ բեմական պահվածքով: Նա նաեւ տեղեկացրել է, որ մեր պատվիրակի հայրը չի կարողացել երեխային ուղեկցել Մոսկվա, որովհետեւ այս օրերին Արցախում տղամարդիկ զբաղված են հայրենիքի պաշտպանությամբ:
Հաջող ելույթ եւ հաղթանակ ենք մաղթում Միշային «Մանկական Նոր ալիք 2016» մրցույթում:
BRAVO.am
Լուսանկարները` Միշայի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: