×


«Մեր բակ»-ի տոնական ծրագիրն ու Սոնայի խոստովանությունները

«Մեր բակ»-ի դերասաններն օրերս հյուրընկալվել էին Հանրայինում: «Հենց այսպես էլ ապրում ենք» ծրագիրը, որը վարում է Հրանտ Թոխատյանը, պատրաստել է Ամանորի հատուկ թողարկում՝ նվիրված սիրված ֆիլմի 20-ամյակին։ Հենց այս ծրագրի համար էլ հոկտեմբերին նկարահանումներ են իրականացվել նաեւ հայտնի բակում:

«Մեր բակ»-ի 20-ին նվիրված տոնական ծրագրի նկարահանումներին


Տոնական ծրագրին մասնակցելու համար Երեւան է վերադարձել երգչուհի Սոնան, որի եւ Մկրտիչ Արզումանյանի՝ «Սոնա, գուզեմ քեզի ըսել, օր», «Ну, говори же Мко, говори» խոսքերը թեւավոր արտահայտություն են դարձել։

Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում, բացելով փակագծերը, պատմել է, որ «Մեր բակ»-ում Մկոյի փոխարեն իրականում երգել է Անդրեյ Դավիդյանը, որը կյանքից հեռացավ մեկ ամիս առաջ.«Այս անգամ կլսեք Մկոյի կատարումը։ Նաեւ ես պետք է հայերեն խոսեի, բայց խնդրեցի, որ սցենարը փոխեն ու ինձ համար բացառություն անեն, որովհետեւ ռուսերեն ավելի բնական կստացվեր»։

Սոնան եւ Մկրտիչ Արզումանյանը՝ տոնական ծրագրի նկարահանումներին


Սոնան Մոսկվա է տեղափոխվել 1990 թվականին, 6 տարի անց նրան առաջարկել են Երեւանում մասնակցել «Մեր բակ»-ի նկարահանմանը, որն էլ նրան ճանաչում բերեց. «Այդ ժամանակ ջազ էի երգում, լսարանս այդքան մեծ չէր եւ լայն զանգվածներին անունս հայտնի չէր։ Շատ ուրախ էի, որ ինձ ընտրել են որպես բակի սիրուն աղջիկ։ Այդ տարիներին «կասետները» շրջում էին ամբողջ աշխարհի հայերի շրջանում, իսկապես արձագանքը մեծ էր»։

Ինչպես հայտնել է երգչուհին, տոնական նկարահանումն անցել է ջերմ մթնոլորտում. «Այնքան շատ են լավ հուշերը։ Հիշեցինք այն մարդկանց, որոնք այլեւս մեր կողքին չեն՝ Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Մարկ Սաղաթելյանը, Ինժեներ բալան… Կյանքը մի քիչ դաժան է։ Հիշում եմ՝ շատ ցուրտ էր, անընդհատ թեյ էինք խմում, մի քիչ ծանր տարիներ էին, խարույկ էին վառում ու կարտոֆիլ խորովում։ Բայց անձնակազմն ու էնտուզիազմն այնքան մեծ էր, բոլորը սցենարից դուրս իմպրովիզներ էին անում, ինչի շնորհիվ հումորային երաժշտական ֆիլմը սիրվեց»։

BRAVO.am   
Լուսանկարները տրամադրել է Սոնան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին