Գունեղ լաբորատորիա, սեփական ձեռքերով պատրաստվող շոկոլադե կոնֆետներ ու քաղցր փորձարկումներ. արդեն շուրջ 2 ամիս է՝ մեր մայրաքաղաքում` Մոսկովյան 28 հասցեում, գործում է շոկոլադե լաբորատորիան` «Շոկոլաբ» երեխաների զարգացման ու զվարճանքի կենտրոնը: «Շոկոլաբ»-ում 4-14 տարեկան երեխաները կարող են իրենց շոկոլադագործ զգալ` պատրաստելով տարբեր կոնֆետներ, քաղցրավենիք եւ զարդարելով թխվածքաբլիթները:
«Շոկոլաբ»-ում տոնական տրամադրություն է
BRAVO.am-ը հետեւել է այս օրերին իրականացվող տոնական ծրագրի ընթացքին. երեխաները ստանում են խոհարարական գոգնոցներ ու գլխարկներ, պատրաստում են տոնածառի համեղ խաղալիքներ ու Ամանորի հետ ասոցացվող հերոսներ` Ձմեռ պապիկներ, ձնեմարդուկներ եւ եղջերուներ: Նկատելի էր, որ փոքրիկների համար զվարճալի ու հետաքրքիր գործընթաց է. 9-ամյա Հայկն առաջին անգամ եկել էր իր քույրիկի՝ Արաքսի հետ.«Պատրաստելը շատ հավես է, մանավանդ, որ վերջում Նոր տարվա խորհրդանիշեր են ստացվում։ Այստեղ հետաքրքիր է, նորից կգանք»։ Մայքլն էլ ոգեւորված պատրաստում էր ու նաեւ համտեսում:).«Շատ համով է, բայց շատ չեմ ուտի, որպես նվեր հետս կտանեմ, որ ուղարկեմ Ամերիկա՝ իմ եղբորը։ Մի քիչ էլ կտամ մամայիս:)»։
«Շոկոլաբ»-ի ստեղծման գաղափարն ընկերուհիներ Ռոզա Միրաքյանինն ու Սոնա Հակոբյանինն է: Երկար փորձարկումներից հետո կարողացել են գտնել երեխաների համար առավել հետաքրքիր եւ միաժամանակ զարգացնող «բաղադրատոմսը». «Այստեղ յուրաքանչյուր երեխա ինքն է աշխատում իր կոնֆետների դիզայնի, գույնի ու զարդարանքի վրա: Թեեւ նրանք աշխատում են ուսուցանող մարզչի հսկողության ներքո, մեծ շեշտ է դրվում փոքրիկների ստեղծարար մտքի վրա»:
«Շոկոլաբ»-ում տոնական տրամադրություն է
Ինչպես նշում են կենտրոնի աշխատակիցները, երբեմն անգամ ծնողները սրտնեղում են, որ չեն կարող մասնակցել ուրախ գործընթացին, սակայն ծնողներից առանձին աշխատելը հնարավորություն է տալիս երեխաներին լինել ավելի անկաշկանդ ու նախաձեռնող.«Մենք ունենում ենք նաեւ հատուկ միջոցառումներ առանց տարիքային սահմանափակումների, որպեսզի ոչ ոք չնեղանա։ Մեծահասակաների մոտ եւս մեծ հետաքրքրություն է առաջանում: Չորամրգերով, ընդեղենով եւ համեմունքներով պատրաստում ենք շոկոլադե կոնֆետներ, որոնք շատ ինքնատիպ ամանորյա նվերներ են դառնում»:
Միջոցառումներն, իհարկե, վերոնշյալով չեն սահմանափակվում. Շոկոլադների «աշխարհում» պարբերաբար իրականացվում են թեմատիկ ու խաղային երեկոներ: «Շոկոլաբ»-ը կվերաբացվի հունվարի 7-ին, եւ կենտրոնում նոր անակնկալներ են խոստանում իրենց փոքրիկ այցելուների համար: Եթե չհասցնեք այցելել մինչեւ Ամանոր, գունեղ ու ջերմ կենտրոնում տոնական ծրագրին ձեր փոքրիկները կարող են մասնակից դառնալ մինչեւ հունվարի 13-ը:
«Շոկոլաբ»-ի հիմնադիրներ Ռոզա Միրաքյանը եւ Սոնա Հակոբյանը
Ի դեպ, «Շոկոլաբ»-ը հիանալի վայր է ձեր փոքրիկների ծննդյան տոնը նշելու համար: Այստեղ գործում են հատուկ ծննդյան փաթեթներ, որոնց շրջանակում փոքրիկներն իրենց ձեռքերով կարող են պատրաստել ծննդյան տորթը: Առաջարկվում են նաեւ արտագնա փաթեթներ որեւէ այլ վայրում իրականացվող միջոցառումների համար:
Ամանորից հետո «Շոկոլաբ»-ը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 13:00-20:00, շաբաթ եւ կիրակի օրերին` ժամը 11:00-20:00: Շոկոլադե սեանսները սկսվում են ուղիղ ժամերին ու տեւում 45 րոպե:
«Շոկոլաբ»-ում հավատարիմ են իրենց սկզբունքին` պարգեւում են ժպիտներ ու շոկոլադ, ինչում եւ համոզվեցինք մեր այցելության ընթացքում:)։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: