×


«Ոտաբոբիկ»՝ Լյուսի Աբդալյանի հետ

Ճշմարտությունը ոտաբոբիկ է քայլում, իսկ սուտը շարունակ փոխում է կոշիկները: Այս մտքի հեղինակն ամենեւին էլ ես չեմ, բայց այն գրեթե ամբողջովին ներկայացնում է BRAVO.am-ի նոր նախագծի ողջ իմաստը։ «Ոտաբոբիկ»-ի մասին երկար կարելի է գրել, փիլիսոփայել, բայց կարիք չկա, քանի որ մեր նախագծում կարեւորը ոչ այնքան վիճակն է, որքան դրա արդյունքը։ 

«Ոտաբոբիկ»՝ Լյուսի Աբդալյանի հետ


-Լյուսի՛, շատերը քեզ ճանաչում են որպես «Օդ»-ի, «Կաուչո»-ի Լյուսի, բայց քչերն են տեսել այն Լյուսիին, որ առանց վրձնի է ու էկրանից այն կողմ։
- Երեւի պատճառ կա, որ չեն տեսել։

- Պահո՞ւմ ես։
- Ըհը …

- Այսօ՞ր էլ չես բացելու։

- Կբացեմ։

- Առանց վրձնի ու էկրանից այն կողմ Լյուսին …

- … ահավոր դեպրեսիվ է։

- Մանկո՞ւց։

- Այո։ Էությունս է։ Հիշում եմ՝ մայրս փոքրուց ինձ «լալկան Լյուսի» էր ասում։

Բայց հիմա, որ մտածում եմ…

Բեյրութում եմ ծնվել՝ պատերազմի մեջ։ Մայրս պատմում էր, որ ծնվածս օրվանից 40 վայր է հաշվել, որտեղ գիշեր եմ լուսացրել, իսկ 40-ից հետո ուղղակի դադարել է հաշվել։ Միշտ շարժման մեջ էի. արդյո՞ք դա է դեպրեսիվ լինելուս պատճառը։ Աղմուկներից եմ ճնշվում. արդյո՞ք ռումբերն են պատճառը։ Լիքը բաներից եմ ազդվում, շատ չեմ հասկանում՝ ինչու, բայց հենց պատերազմի հետ եմ կապում։

Լյուսի Աբդալյանը եւ Դիանա Հովհաննիսյանը (BRAVO.am)


- Ուրիշ պատճառների մասին չե՞ս մտածել։
- Գուցե ծնողներս էլ իրենց ազդեցությունն են ունեցել. երբ նրանք չգիտեն, թե նման պայմաններում ինչ հոգեբանությամբ քեզ դաստիարակեն, դու էլ տեսնում ես, որ անգամ իրենք են վախենում, պարզապես շարունակում ես սարսափել։

Մոնրեալում էլ հանգիստ չէինք. այնտեղ էլ օտարներից էինք վախենում։ Ես էլ երկար ժամանակ հենց այդ վախով եմ ապրել, երկար ժամանակ արմատ չեմ դրել մի վայրում, որտեղ ինձ ապահով կզգամ:

16 տարեկանից հետո նոր ուշքի եկա ու հասկացա, որ մի բան պետք է փոխել։

-Ի՞նչը քեզ ուշքի բերեց։
-Մայրս նոր էր մահացել։ Հուղարկավորության ժամանակ ծանոթներիցս մեկը ձեռքս բռնեց ու ասաց, որ այդ պահին երկու ճանապարհ է բաց իմ առջեւ՝ կամ փողոցներում ապրող թմրամոլ երաժիշտ դառնալու ու ի վերջո կործանվելու. երաժշտական դպրոց էի հաճախում, իսկ այդ ժամանակ տեղի երաժիշտները հենց այդպիսին էին, կամ էլ գնալ  ներքին աշխարհս գտնելու ու ի վերջո հասկանալու, թե ով եմ ու ինչ եմ ես։ Այդ խոսքերից շատ էի ազդվել եւ մինչ օրս հիշում եմ։ Հենց այդ օրն էլ տուն գնացի ու որոշեցի, որ հոգեկան ու հոգեւոր աշխարհս պետք է զարգացնեմ՝ իմանալու համար՝ ինչ եմ ուզում այս կյանքից։ 

- Լյուսի՛, ծնողներիդ մասին առհասարակ շատ քիչ ես խոսում, իսկ այն, որ մայրիկդ հեռացել է կյանքից, երբ այդքան երիտասարդ էիր, նորություն էր ինձ համար։ Հայրիկիդ մասին ի՞նչ կպատմես։
- Հայրս շատ պահպանողական էր։ Եթե տասը տարի առաջ խոսեինք, գուցե ասեի, որ հայրս շատ վատ, վտանգավոր, ջղային, ծեծող մարդ է, բայց հիմա, ուսումնասիրելուց հետո, թե ինչ պայմաններում է մեծացել, ներել եմ նրան։

Հայրս ունեցել է ջարդից փրկված մայր, շատ փոքր է եղել, երբ հայրը մահացել է, մեծ քույրերն ու եղբայրները միշտ ճնշել, ծեծել են նրան… Ինչպե՞ս կարող էր այդ մարդը նորմալ հայր դառնալ։ Բայց սա հորս հանցանքը չէ, նա պարզապես չգիտեր, թե որն է լավը։

Լյուսի Աբդալյանը


Երբ մայրս մահացավ, հայրս ստիպում էր, որ ինձնից տարիքով բավական մեծ մի մարդու հետ ամուսնանամ։ Չէի համաձայնում։ Ընտանիքս շատ հարուստ էր։ Հայրս պարբերաբար պնդում էր, որ մենակ չեմ կարող ապրել, իսկ մի անգամ էլ, կյանքում չեմ մոռանա, ասաց, որ առանց իր փողի ես մարդ չեմ դառնա։

Հաջորդ օրը հայրս աշխատանքի գնաց։ Մի ճամպրուկ ունեի, բոլոր իրերս դրեցի մեջն ու հեռացա տնից՝ միակողմանի ավիատոմսով դեպի Լոս Անջելես:

-Դրանից հետո հորդ հետ կապ չե՞ս հաստատել։
- Մի քանի ամիս անց հետը խոսեցի, այն էլ քանի որ ինձ լուր էր հասել, որ մորս շիրմաքարին սխալ տեղեկություն էին փորագրել։ Այդ դեպքից հետո երկար ժամանակ չենք շփվել։ Հիմա խոսում եմ, բայց ամիսը մի անգամ, իսկ դրանից հետո մի շաբաթ պառկում եմ, քանի որ լավ հիշողություններ չեն արթնանում։

Մի շրջան եղավ անգամ, որ մտածեցի՝ եթե հանկարծ հայրս էլ մահանա, մեղքի զգացումից կմեռնեմ, եւ երբ Սան Ֆրանցիսկոյում էի ապրում, պարբերաբար այցելում էի նրան, բայց այդ հանդիպումներից հետո էլ ավելի էի վատանում։ Մի պահ եկավ, որ հասկացա՝ արդեն ինքս ինձ էլ պետք է խնայեմ, որոշեցի հեռու մնալ նրանից… Հայրս «անառակ որդի» է ինձ կոչում։

-Լյուսի, կյանքիդ առաջին կտավը հենց հայրդ է քեզ նվիրել, երբ դեռ շատ փոքր էիր։ Այսօր, ամեն անգամ նկարելիս, արդյո՞ք նրան չես հիշում։
-Մեկ-մեկ, երբ յուղաներկերով եմ աշխատում, հոտերն եմ զգում ու գնում եմ մանկություն:  Բայց գիտակցում եմ, որ այդ հոտերն ինձ տանում են մի տեղ, որտեղ ես ազատ չէի, հիշում եմ, որ հիմա լրիվ ազատ եմ ու հենց այդ պահին ավելի եմ ուրախանում: Ուրախանում եմ, որ կյանքս լրիվ փոխվել է, որ կարողացել եմ լրիվ փոխել կյանքս։

-Փաստորեն այս պահին ազատությունը քեզ համար երջանկություն է։
- Այո՛։ Ազատությանս մեջ վախ չկա։ Ազատությանս մեջ թեւեր ունեմ։

- Իսկ ինչի՞ պակաս ունես կյանքում։
- Հավատարիմ մարդկանց… Ծանոթանալուն պես անմեղորեն նվիրվում եմ՝ «սիրտս ուզո՞ւմ ես, վերցրո՛ւ, ձե՞ռքս ես ուզում, հիմա կոտրեմ, տամ»։ Չեմ սպասում, որ մարդիկ նույն կերպ ինձ պատասխանեն, բայց երբ վերցնում են, գնում ու հետ չեն դառնում, ես էլ հետո նոր հասկանում եմ, որ «ձեռքիս» համար էին եկել, ահավոր վատ վիճակում եմ հայտնվում։

«Ոտաբոբիկ»՝ Լյուսի Աբդալյանի հետ


-Իսկ անմեղորեն նվիրվելու համար երբեւէ զղջո՞ւմ ես։
- Մի պահ եղավ, որ սկսեցի ինքս ինձ ատել՝ չհասկանալով, թե ինչու եմ այդ ամենն անում։ Բայց մտածելուց հետո ուրախացա՝ գիտակցելով, որ ոչ մի սխալ բան չեմ անում, իսկ ինչ էլ անում եմ, սրտանց եմ անում, ու արդեն հաշիվս Աստծո հետ է։ Ուրախացա նաեւ, քանի որ հասկացա՝ սովորել եմ մարդկանց սիրել, եթե անգամ նրանք ինձ հետ ճիշտ չեն վարվում՝ գիտակցելով, որ մարդիկ մեղավոր չեն. նրանց ագահությունն է այդ ամենի համար պատասխանատու, ու հավատալով, որ նրանց մեջ հոգի կա, որ դեռ կարող է փրկվել։ Չեմ ուզում ոչ ոքի ատել։ Ատելով ես եմ ավելի ծանր մարդ դառնում։ Ես ուզում եմ թռչել. ինչո՞ւ ուրիշի կեղտերով փետուրներս ծանրացնեմ, չէ՞։

-Փաստորեն հավատում ես։
- Աստծուն հավատում եմ։ Եթե չհավատայի, արդեն անձնասպան եղած կլինեի։

-Իսկ կա՞ որեւէ բան, որ երբեք չես անի պարզապես քանի որ դու Լյուսին ես։
-Հատուկ սահմանափակումներ ինքս իմ առջեւ երբեք չեմ դնում, բայց միշտ լսում եմ ներքին ձայնիս, եւ եթե այն ինձ ասում է՝ «ոչ», ուրեմն այդ պահին դա է իմ սահմանափակումը՝ թեկուզ ալկոհոլ խմելու հետ կապված, կամ ուրիշ բաների։

-Լյուսի, փոքր հասակում քեզ հենց այսպիսի՞ն էիր պատկերացնում։

-Երբեք։ Աստղաֆիզիկոս էի ուզում դառնալ։ Շատ էի սիրում գիտությունը։ Բայց կյանքս այնպես դասավորվեց, որ հույզերս տիրապետեցին ինձ. գրեթե միշտ գոյատեւելու մասին էի մտածում, դրա համար էլ ավելի մտա իմ զգացական աշխարհի մեջ։

-Եվ վերջում, ի՞նչ է քեզ համար ոտաբոբիկ լինելը։
-Օ՜, ամեն ինչ… Ես ոտաբոբիկ եմ նկարում, քանի որ նկարելիս ուզում եմ ամենահանգիստ ու ամենաբնական վիճակում լինել։
Այս ողջ զրույցի ընթացքում էլ նույն ձեւ էի՝ «պարիսպներս» չէի հագել։

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Հագուստները տրամադրել է «5concept» խանութ-սրահը 
Լուսանկարահանումն իրականացրել ենք «LOFT» -ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW