Մեր իրականության մեջ ոտնահետք թողնելը գուցե եւ բարդ է, բայց ոչ՝ անհնար։ Դրա համար պետք է պարզապես ունենալ բավականաչափ աշխատասիրություն, նպատակասլացություն, համառություն, տոկունություն... Նա ունի այս ամենը, հավատացնում եմ ձեզ։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը Հրաչ Մուրադյանն է։
«Ոտաբոբիկ»՝ Հրաչ Մուրադյանի հետ
-Հրա՛չ, գիտեմ, որ քեզ երջանիկ ես համարում ու մի առիթով նշել ես, որ երջանիկ լինելու համար պետք է լինել սիրված, սիրող, հարգված ու քեզնից արժեք ներկայացնող. արդյո՞ք այսքանն իրոք բավարար է երջանիկ լինելու համար։
- Ինձ համար երջանկությունն ընդհանրանում է այդ չորս հատկանիշի միջոցով։ Այո՛, կարող են լինել ավելի կամ պակաս երջանիկ պահեր, բայց ընդհանուր առմամբ երջանկությունն ինձ համար հենց այդ չորս «էլեմենտի» մեջ է։
-Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ հայտնվում «Կիսաբաց լուսամուտներ»-ում հիմնականում ֆինանսական խնդիրների, կոպիտ ասած՝ փողի, իսկ ավելի կոնկրետ՝ դրա պակասի կամ բացակայության պատճառով։
-Իրականում «Կիսաբաց լուսամուտներ»-ում մարդիկ հայտնվում են ոչ թե փողի, այլ տկար ուղեղի պատճառով։ Մարդը կարող է եւ պետք է իր ուղեղն օգտագործի, զարգացնի այն, նկատի ունեմ` կրթվի, որոշակի գիտելիքներ ձեռք բերի։ Ես շատ քննադատորեն եմ մոտենում բոլոր այն ընտանիքներին, որոնք երեխաներին չեն տալիս պարտադիր միջնակարգ կրթության։ Երբ մենք սկսում ենք օգնել մարդկանց, ես, որպես կառույցի ղեկավար, այնքան լուրջ եմ դնում այդ հարցը, որ ընտանիքները պարտավորվում են երեխաներին ուսման տալ, քանի որ տգիտությամբ ոչ մի կերպ հնարավոր չէ առաջ գնալ։
-Ամեն դեպքում կրթվելը, ուղեղը զարգացնելը բերում են մի կարգավիճակի, երբ անհատը կարողանում է ի վերջո գումար վաստակել, ապահովել իրեն, իր ընտանիքը: Գումարը քեզ համար ի՞նչ նշանակություն ունի։
-Գումարն ինձ համար շատ կարեւոր նշանակություն ունի։ Դա մի թեմա է, որի շուրջ փիլիսոփայելն ինձ համար անբարոյականություն է։ Եթե ինչ-որ մեկը կասի` գումարը կարեւոր չէ, ես գիտեմ տեղեր, որտեղ այն խիստ կարեւոր է։ Գումարը չի կարող ավելորդություն լինել։ Ցավոք սրտի, դասավորությունն աշխարհի այնպես է, որ ցանկացած դեպքում գումարն անհրաժեշտ է։ Ու ես չեմ խոսում դրա վատնումից, ուզում եմ՝ ճիշտ հասկանաք իմ միտքը, ես չեմ խոսում այն շռայլելուց, ես խոսում եմ այն ներդնելուց, ու ոչ թե բարձրահարկ շենքերի, այլ թեկուզ վերը նշված ընտանիքների երեխաներից որեւէ մեկի կրթության համար։
«Ոտաբոբիկ»՝ Հրաչ Մուրադյանի հետ
-Գործի բերումով շփվում ես մարդկանց հետ, որոնք ունեն բազմապիսի խնդիրներ, հետաքրքիր է՝ օրվա ընթացքում, կյանքի, այսպես ասած, հաճույքները վայելելիս երբեւէ մեղքի զգացողություն ունենո՞ւմ ես։
-Դա սկզբնական շրջանում էր, երբ ես էմոցիոնալ անկայուն վիճակում էի. օրինակ՝ ինչպե՞ս կարող եմ հաց ուտել, եթե ինչ-որ տեղ սոված երեխա կա։ Բայց չի կարելի ծայրահեղության հասնել։ Այսինքն՝ դու կարող ես քո ունեցածը կիսել, բայց միեւնույն ժամանակ, չես կարող տալ այն ամենը, ինչ ունես։ Եթե դիմում ես այդ քայլին, նշանակում է` նույն սխալը դու ես անում, քանի որ ապրելու համար քեզ եւս ինչ-որ բաներ են անհրաժեշտ։
Ես մեղքի զգացում շատ վաղուց չեմ ունեցել։
-Իսկ դա, ըստ քեզ, լա՞վ է, թե՞ վատ։
-Չգիտեմ։ Անկեղծ, չգիտեմ։
Լավ ու վատ բնորոշումն ինձ համար առհասարակ ընդունելի չէ։ Ցանկացած հարցի մի կողմից կարող ես նայել, լավ լինի, մյուս կողմից՝ վատ։ Եթե անգամ կոնֆլիկտ է լինում, ամեն մարդ իր շահն է առաջ տանում. որ մեկին էլ հարցնես իր ճիշտը, այն դիմացինի ճշտից տարբերվող է։
«Ոտաբոբիկ»՝ Հրաչ Մուրադյանի հետ
-Աշխատանքդ, անկասկած, սիրում ես, իսկ որքանո՞վ է այս պահին այն քեզ համար հաճելի։ Որքանո՞վ է քեզ հաճելի շփումը մարդկանց հետ, որոնք այդքան խնդիրներ են առաջացնում իրենց հարազատների, մտերիմների համար։
-Ես լրիվ այլ դիտակետից եմ նայում այդ մարդկանց։ Չկա մարդ, որը չունի արդարացում իր արածին կամ ասածին, այլ հարց է` քեզ համար ընդունելի է, թե ոչ։ Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն այդ մարդկանց լսելու, ոչ թե խորհուրդ տալու կամ գնահատելու, ընդամենը լսելու… Շատ դեպքերում մարդիկ, որոնք գալիս են «Կիսաբաց լուսամուտներ», կարիք ունեն պարզապես լսված լինելու, եւ ես մեծ ուշադրությամբ լսում եմ նրանցից յուրաքանչյուրին։ Եթերում ես ապրում եմ նրանց պատմություններով, մի մասն եմ դառնում այդ պատմությունների։
Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում իմ աշխատանքին, հասկանում եմ իմ կարգավիճակում լրջությունն իմ յուրաքանչյուր խոսքի, շատ խնամքով եմ մոտենում իմ ասած ցանկացած բառին. ես կընտրեմ նույնիսկ հոմանիշներից որեւէ մեկը, որը ավելի ցայտուն կդարձնի իմ միտքը, որը ես այդ րոպեին ցանկություն ունեմ ասելու։ Մտածում եմ, նոր եմ խոսում։ Հաճախ անգամ մինչեւ տասն եմ հաշվում, եթե ինչ-որ միտք եմ ուզում ասել…
- Միայն եթերո՞ւմ, թե՞ կյանքում էլ։
- Առհասարակ։ Խելացի է այն մարդը, որ պատասխանատու է իր խոսքերի համար։ Գուցե եւ, այո՛, լինում են էմոցիոնալ պոռթկումներ, բայց դրանից հետո գալիս է մի պահ, երբ հանդարտ ես ու հնարավորություն ունես բացատրել՝ քո ասածի կամ արածի հիմքում ինչն էր ընկած։
Ասեմ ավելին, յոթ տարվա ընթացքում ես գուցե սովորել եմ ավելի քիչ հուզվել, բայց երբ խոսքը վերաբերում է երեխաներին… Կա ինչ-որ կոճակ, որն ինձ մոտ ավտոմատ անջատվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է չափահաս մարդը փոքր երեխային միտումնավոր վնաս պատճառում, խոսքը անգիտակցին չի վերաբերում։ Միտումնավոր։ Դպրոց չտանելն էլ ինձ համար հենց դա է։
Դիանա Հովհաննիսյանը(Bravo.am) եւ Հրաչ Մուրադյանը
- Քանի որ խոսքումդ անդրադարձար երեխաներին… Տարիներ առաջ, երբ դեռ 27 տարեկան էիր, հարցազրույցներիցդ մեկում հարցին, թե արդյոք արդեն ժամանակը չէ ամուսնանալու, ընտանիք կազմելու, օրինակ ես բերել երջանկահիշատակ հորդ` նշելով, որ վերջինս 32-ում է ամուսնացել։ Այս պահին 33 ես. ինքդ արդեն այդ թեմայի հետ կապված ներքին անհանգստություն չունե՞ս։
- Դեռ 27-ում այդ ներքին անհանգստությունն արդեն հասունանում էր իմ մեջ։ Անգամ եղավ մի շրջան, որ ես շատ լուրջ սթրես էի տանում այդ առումով, բայց հասկացա, որ սթրեսն այդ հարցում ինձ չի օգնելու։
Հիմա ի՞նչ անեմ. «Փնտրում եմ կին» գրառումներով պաստառներով դուրս գամ Խանջյա՞ն, Ազատության հրապարա՞կ… Հիմա չի ստացվում։ Դա ինձ համար պատվերով համերգ չէ. չես կարող ռադիո զանգել ու պատվիրել կին։ Կամ ռեստորանում ուտեստ չի, որ պատվիրես, բերեն, չհավանես, հետ ուղարկես։
Գուցե մեկի դեպքում 21-ում է ստացվում, մյուսի՝ 40-ում. չկա դրա բանաձեւը։
Ես չեմ ուզում ամուսնանալ ուղղակի ամուսնանալու համար։
-Այն, որ դեռ չի ստացվում, խնդի՞ր է քեզ համար։
-Ո՛չ։ Բացարձակ։ Գուցե ինչ-որ շրջան է եղել, որ համարել եմ խնդիր, երբ, այո՛, սկսել եմ հասարակական կարծիքին ուշադրություն դարձնել։ Բայց հիմա բացարձակ` ոչ. ես շատ հանգիստ եմ այդ հարցին վերաբերվում. երջանիկ ապրում եմ իրականում։
-Մարդկանց խնդիրներ են լուծվում քո օգնությամբ, իսկ երբ դու ես ունենում խնդիրներ` հոգեբանական կամ թեկուզ ֆինանսական, ո՞ւմ ես դիմում։
-Թու, թու, թու, ես երեւի թե Հայաստանում այն բացառիկ մարդկանցից եմ, որ երբեք իր բանկային պատմության մեջ վարկ չի վերցրել. ես չունեմ այդ փորձառությունը, քանի որ միշտ հաշվարկում եմ քայլերս. ունեմ այդքան գումար, կանեմ քայլ իմ գրպանին համապատասխան, չունեմ` կսպասեմ մինչեւ կունենամ։
Իսկ ինչ վերաբերում է մնացած խնդիրներիս, նույնիսկ ամենամտերիմ ընկերս շատ դեպքերում ինձնից նեղանում է, քանի որ չեմ կիսվում։ Ես մեջս պահող անձնավորություն եմ, եւ իմ խնդիրները միանշանակ իմն են ու ոչ որեւէ մեկինը։ Ես այդ տեսակ եմ։ Չեմ կարող նստել ու պատմել իմ խնդիրը։ Չեմ կարողանում։ Այդ դեպքերում անգամ չեմ կարողանում հստակ նախադասություններ ձեւակերպել։
-Փաստորեն այդ պահերին մոռանում ես, որ լրագրող ու հաղորդավար ես…
-Այո՛, առհասարակ կյանքում բացարձակ կենտրոնացած չեմ այն բանի վրա, որ ես լրագրող եմ կամ հաղորդավար։ Ես չեմ ապրում դրանով։ Աշխատանքի վայրում եմ լրագրող եւ հաղորդավար կամ պրոդյուսեր։
«Ոտաբոբիկ»՝ Հրաչ Մուրադյանի հետ
-Աշխատանքի վայրում նաեւ ոտաբոբիկ ես, ամեն դեպքում գոնե այդպես է երեւում։ Արի վերջում էլ հենց այդ վիճակիդ անդրադառնանք։
-Նախ ասեմ, որ նեղվում եմ երկար գուլպաներից. ինձ թվում է` շունչս կտրվում է դրանցից, այդ պատճառով էլ հագնում եմ այն տեսակը, որը կոշիկի մեջ չի երեւում ու պարզապես հիգիենայի համար է։ Եթե ասեմ, որ դրա էսթետիկ կողմի մասին եմ երբեւէ մտածել, սուտ կլինի. պարզապես նեղվել եմ։
Մի որոշ ժամանակ առաջ էլ երազում տեսա, թե ինչպես եմ ոտաբոբիկ «Կիսաբաց լուսամուտներ» վարում։ Ռեժիսորս ասում էր՝ «Այս ի՞նչ ես անում. կարճ գուլպաները հասկացանք, բայց այսպե՞ս», ես էլ ասում էի՝ «Հանգստացե՛ք, հանգստացե՛ք, ձեզ համար եմ անում»։ Հաջորդ օրը նկարահանման էինք, պատմեցի, որ լսարանի համար սարսափելի մի երազ եմ տեսել։
Բայց դե, այսօր արդեն ոտքերիս էքսկլյուզիվն էլ եղավ։
Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Դիմահարդարումը՝ Էլեն Զոհրաբյանի
Գործընկեր՝ «5concept» խանութ-սրահ
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Multi Wellness Center»-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: