×


«Ոտաբոբիկ»՝ Ռոլանդ Գասպարյանի հետ

Այսօր նրա 31-ամյակն է։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ, այնպես է ստացվել, որ այս տարի մենք նրան այլ ձեւաչափով պետք է շնորհավորենք՝ մաղթելով միշտ մնալ այնքան «ոտաբոբիկ», որքան հիմա է։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հյուրը «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն է։

Ռոլանդ Գասպարյանը եւ Դիանա Հովհաննիսյանը (Bravo.am)


-Ռոլա՛նդ, այստեղ հասնելու ամբողջ ճանապարհին մտածում էի՝ ո՞վ ես եղել նախկին կյանքում. դու գիտե՞ս։


- Օ՜հ… Թե ով եմ եղել, չգիտեմ։ Բայց հաստատ գիտեմ՝ որտեղ եմ եղել.   Հնդկաստանում… Վստահ եմ միլիոն տոկոսով։

Իսկ եթե փորձենք հասկանալ՝ ով եմ եղել, պետք է հասկանանք՝ ինչեր եմ արել նախկին կյանքում։ Դա էլ հասկանալու հարցում մեծ դեր պետք է որ խաղա հոգուս այսօրվա արտացոլանքը, որովհետեւ ինչ լինում է, լինում է հոգու անցած ճանապարհի հետեւանքով։

-Գիտես՝ ինչո՞ւ էի հարցնում. ուզում եմ ուղղակի հասկանալ, թե մեր օրերում ինչպե՞ս է հնարավոր լինել այնքան բարի, որքան՝ դու ես։

-Նայի՛ր, իմ կարծիքով, չարն ու բարին, սեւն ու սպիտակը հին, անցած հեքիաթներ են։ Ցանկացած օրգանական երեւույթ ունի իր մեջ ե՛ւ լավ, ե՛ւ վատ հատկանիշներ. ես էլ՝ նույն կերպ։ Ես ինձ չեմ համարում սուրբ կամ չափից դուրս բարի. ես սովորական մարդ եմ, որ բոլորի նման ունի էմոցիաներ, կարող է ջղայնանալ, չարանալ, բարիանալ, հանգստանալ, ինչը համարում եմ նորմալ։

- Միեւնույն է՝ հակված եմ այն մտքին, որ դու չափազանց բարի ես, քանի որ երբ անգամ բացասական երանգի հայտարարություններ ես անում, թեկուզ նույն «Ֆեյսբուք»-ում, դրանք այնքան դրական նոտայով ես անում։ Ինչպե՞ս է դա հնարավոր։


- Ամբողջ հարցն այն է, եթե նկատել ես, երբ ես ինչ-որ բան եմ ասում, անում եմ իմ անունից, մեր անունից, ես չեմ ասում՝ «դուք սխալ եք անում», քանի որ եթե այսօր ապրում եմ այստեղ, նշանակում է՝ եթե այստեղ հարց կա, ուրեմն՝ բոլորիս հարցն է։ Ես չեմ առանձնացնում ձախ եւ աջ եւ մեջտեղ, կամ էլ հետ եւ առաջ… Եթե կա հարց, մեր տան հարցն է։ Այսքան բան։

«Ոտաբոբիկ»՝ Ռոլանդ Գասպարյանի հետ


- Կարճ ժամանակ առաջ «մեր տանը հարց եղավ». քեզ քաղաքականացրին։ Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ հարվածը։

- Չեմ կարծում, որ դա հարված էր։

Նախ, 21-րդ դարում չար լինելը համարում եմ տգիտության գագաթնակետ, իսկ մարդու հասցեին վատ բան ասելը՝ ռասիզմ։ Իրականում, ցանկացած մարդ իրավունք ունի արտահայտելու կարծիք, բայց թե ինչպես արտահայտել, դա է հարցը։

Այս փոքր քաղաքում ինձ նոր չպետք է, որ ճանաչեին։ Ես այստեղ եմ, ապրում եմ նույն կերպ, ինչպես տասն օր առաջ եմ ապրել եւ տասն օր հետո եմ ապրելու։ Նույնն է ամեն ինչ, գաղափարական ոչինչ չի փոխվում, հակառակը՝ աստիճանաբար ամեն ինչ կորում է կոնկրետ ինձ համար, որովհետեւ ցանկացած բան, երբ դառնում է խոսք, միանգամից արժեզրկվում է. ցանկացած հոգեւոր արժեք, ցանկացած երգ, ցանկացած զգացողություն…

- Ռոլա՛նդ, գուցե կոնկրետ դա հարված չէր, բայց վստահ եմ՝ կյանքում ինչ-որ պահերի հարվածներ ամեն դեպքում լինում են։ Ինչպե՞ս ես պայքարում դրանց դեմ ու հաղթահարում դրանք, որ կարողանում ես միշտ պոզիտիվի մեջ մնալ։

- Իմ կյանքի ամենամեծ փորձառությունը համբերությունն է։ Դրա շնորհիվ ես սկսում շատ-շատ բաներ հասկանալ. ո՞վ է քեզ հետ, ո՞վ քեզ հետ չի, ո՞վ է իսկապես քեզ սիրում, հարգում, ո՞վ է ճանաչում քեզ, ով՝ ոչ։ Ամենակարեւորը՝ եթե կարողանում ես գիտակցել, թե համբերությունից դուրս գալու դեպքում ինչեր կարող ես անել, ու այդ ամենը ստացվում է հաղթահարել, իմ կարծիքով, ամեն ինչ աստիճանաբար ավելի հեշտանում է։

Առհասարակ, փորձում եմ ոչնչից կախված չլինել։

Ռոլանդ Գասպարյանը


- Իսկ ընտանիքի՞ցդ։

- Ընտանիքս այն արժեքների մեջ է մտնում, որոնց մասին չեմ խոսում. պետք է ոչ թե ասել, այլ հասկանալ, թե ինչքան ենք մենք մեր ընտանիքը սիրում։

- Իսկ ընտանիքիդ կողքին ուրիշ ի՞նչ արժեք կդնես, ինչի մասին եւս չես խոսում։

- Խումբը:): Դա էլ է իմ ընտանիքը, որ ինձ համար նույն ձեւ սուրբ է։

- Խմբում շատ եք, բայց այդ շատության հետ մեկտեղ ունեք կայունություն։ Ինչպե՞ս եք կարողանում լինել այդքան միասնական։ Ընկերությո՞ւն է հիմքում։

- Չէ՛, ընկերություն կա, բայց ընկերությունը այդ ամեն ինչում շատ քիչ կապ ունի։ Նախ, որ ասում էիր՝ բարի եմ, այստեղ ես շատ անտանելի եմ, շատ ժամանակ գոռացող-ճվացող, բայց դա մարդ տեսակիս հետ ընդհանրապես կապ չունի, այլ կապ ունի խմբի անելիքների հետ միայն։

Մենք բոլորս պարզապես գիտենք, թե ինչ ենք ուզում եւ ինչ է մեզ պետք, ու հասկացել ենք այդ ամենը շատ վաղուց։ Այդքան բան։

Ռոլանդ Գասպարյանը եւ Դիանա Հովհաննիսյանը (Bravo.am)


Հետո այս ամեն ինչն արդեն ունի 15 տարվա պատմություն. շատերը եկել, գնացել են, քաչալացել եմ, երկարել են մազերս, չաղացել եմ, նիհարել եմ, ռոք ենք եղել, փանք ենք եղել… Կյանքն է սա, մենք էլ կենդանի օրգանիզմ ենք. ընկնում ենք, վեր ենք կենում, մեծանում ենք, փոքրանում ենք… Նորմալ է։

Ես կայացնում եմ որոշումներ, որոնց համար ես եմ տեր, որոնք իմ համար են, կամ՝ իմ ընտանիքի, կամ՝ իմ խմբի, կամ՝ իմ ընկերների, կամ՝ իմ ազգի… Հազար ու մի հարց կա։ Էլ ի՞նչ ասեմ։ Թե ով ինչ ասաց, ով ոնց նայեց… Ամեն մարդ ինքն է ընտրում լինել Հուդա, թե Բուդդա։

- Խումբդ շատ անգամ է «ռեինկարնացիա» ապրել, իսկ դո՞ւ։

- Ես՝ անթիվ, անհամար։

- Վերջինը կհիշե՞ս։

- Վերջիններից, կարծում եմ, «Սպիտակ» ալբոմն էր։

- Իսկ եթե ստեղծագործականից շեղվենք...

- Ցանկացած ալբոմ պարզ ցույց է տալիս, թե կյանքիս այդ ժամանակահատվածում հետս ինչեր են եղել։

Ռոլանդ Գասպարյանը եւ Դիանա Հովհաննիսյանը (Bravo.am)


- Արդեն գիտեմ՝ ընտանիքիդ մասին չես խոսում, ամեն դեպքում փորձում էի խոսակցությունն այնպես շեղել, որ հայրանալուդ մասին փաստն ակնարկես։

- Կյանք տալը, իմ կարծիքով, Աստծո ամենամեծ արտացոլանքն է։

Թե դու ինչ ես արել անցյալ կյանքում, ինչեր ունես այնտեղ, ինչքան ես քո ընտանիքը սիրում… Այս ամենը շատ մեծ կապ ունի։ Ու այսօր ամեն առավոտյան ժամը վեցին, երբ մի հատ չափալախ եմ ստանում, աչքերս բացում եմ, դեմքը տեսնում… Վերջ։

Դրանով եմ հասկանում, թե ինչքան է ինձ սիրում աշխարհը։

- Ավելի լավ վերջաբան չէր կարող ունենալ մեր զրույցը։ Բայց ստիպված եմ ստանդարտ հարցս եւս տալ. Հնդկաստան, բուդդիզմ… «Ոտաբոբիկությունը» պետք է որ հոգեհարազատ լինի քեզ։

- Անպայման...

Գիտես չէ՞, որ ասում են, երբ մարդ իրեն լավ չի զգում, պետք է ոտաբոբիկ կանգնի հողին։ Լուրջ եմ ասում։

Լավ է այս ամենը։ Այնքանով է լավ, որ անկեղծ է, ու, ինձ թվում է, հենց ոտաբոբիկությունից է գալիս այդ անկեղծությունը։


Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Գործընկեր՝ «5concept» խանութ-սրահ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW