×


«Ֆիլանտրոպ»-ն օգնության կարիք ունի

Հոգեբանական խորհրդատվություն եւ հոգեթերապիա, կավագործության, մաքրամեի խմբակներ, երաժշտաթերապիա, նկարչաթերապիա, լոգոպետի, հատուկ մանկավարժի եւ սոցիալական աշխատողի անվճար ծառայություններ. «Ֆիլանտրոպ»  բարեգործական հասարակական կազմակերպությունը 2009 թվականից զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով, ցուցաբերում սոցիալ-հոգեբանական աջակցություն ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին:

«Ֆիլանտրոպ» հասարակական կազմակերպության կազմակերպած միջոցառմանը


Այսօր կենտրոնի կամավորներն ու աշխատակիցները նախատոնական միջոցառում էին կազմակերպել իրենց սաների համար: Նրանց ողջունելու էր եկել Նարեկացի արվեստի միության «Նարեկ» երգչախումբը: Միջոցառման ողջ ընթացքում երգը, պարն ու անկեղծ ժպիտներն ուղեկցում էին երեխաներին:

«Երկար տարիներ աշխատել եմ բարեգործական մի շարք կազմակերպություններում, որոնք հերթով դադարում էին գործել, եւ որոշեցի հիմնել այս կազմակերպությունը: «Ֆիլանտրոպ» նշանակում է մարդասեր, հումանիստ: ՀԿ-ն հիմնելիս հաշվի ենք առել այն հանգամանքը, որ անվանումը լիովին պետք է համապատասխանի կատարվող աշխատանքներին»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է ՀԿ հիմնադիր նախագահ Նունե Մնացականյանը:

«Նարեկ» երգչախումբը ելույթ է ունեցել «Ֆիլանտրոպ» ՀԿ սաների համար


Նրա խոսքով` ՀԿ-ն ստեղծելիս հույս են ունեցել, որ աջակցություն կստանան պետական եւ մասնավոր կառույցներից, սակայն բարեգործական միջոցառումների շրջանակում ստացվող օգնությունը փոքր է եւ մշտական բնույթ չի կրում:  

Կազմակերպության կամավորները Հայ-ռուսական (Սլավոնական) եւ Ֆրանսիական համալսարանների ուսանողական խորհուրդների օգնությամբ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք են իրականացնում`տարվա մեջ 2-3 անգամ: Սոցիալական աշխատաող Անահիտ Գասպարյանի խոսքով` ստացված գումարը ծառայում է նպատակին, այնուամենայնիվ, բոլոր խնդիրները միայնակ լուծել չեն կարող:

«Ֆիլանտրոպ» հասարակական կազմակերպության կազմակերպած միջոցառմանը


Իսկ խնդիրներն այստեղ բավական շատ են: Ինչպես նշել է Նունե Մնացականյանը, ամենահրատապը, թերեւս ֆինանսավորումն է, որը հնարավորություն կտա կայուն աշխատակազմ ունենալ: Այս դեպքում շաբաթական 1 կամ 2 օրվա փոխարեն ավելի շատ ժամանակ կարող են հատկացնել երեխաներին: Կազմակերպությունում գրանցված է 70 երեխա, սակայն սուղ պայմանների պատճառով կարողանում են աշխատել 25-ի հետ միայն.«Նոր Նորքի թաղապետարանը տարածք է հատկացրել, այդուհանդերձ, աստիճանների, թեքահարթակի եւ ջեռուցման խնդիրներն այսօր էլ արդիական են»,-եզրափակել է նա:

«Ֆիլանտրոպ»-ին աջակցել ցանկացողները բարեգործական հասարակական կազմակերպության կոնտակտային տվյալներին կարող են ծանոթանալ այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW