«Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն» Չորս տարի առաջ, երբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը ՀՀ մշակույթի նախարարության հետ ուզում էին հիմնել այնպիսի թատերական փառատոն, որը մյուսներից կտարբերվի ներկայացումները քննարկելու առավելությամբ, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն առաջարկեց “X”-ը` որպես փառատոնի անուն: Առաջարկն ընդունվեց, իսկ փառատոնն արդեն չորրորդ տարին է` ներկայանում է ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Այս տարի փառատոնն ընտրել է «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն» կարգախոսը: Մարտի 21-ին Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Թատրոն X» 4-րդ հանրապետական փառատոնի բացումը, որի ժամանակ օգտագործվեց ոչ միայն թատրոնի բեմը, այլեւ նախամուտքն ու սրահները: Նախ` մուտքի առջեւ ներկաներին ողջունեցին պարային եւ երաժշտական համարներով, հետո կարմիր գորգ բերեցին, որի վրայով անցան հայկական թատրոնի գործիչներն ու թատերասերները, որոնց քայլքն ուղեկցվեց պարի խմբի անդամների անդադար ծափերով: Նախքան փառատոնի բացումը, մշակույթի նախարարությունում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նախարար Հասմիկ Պողոսյանը ամենակարեւորն ու հատկանշականը համարեց փառատոնի ընթացքում տեղի ունեցող բաց քննարկումները. ««Թատրոն X»-ի արդյունքներին մենք ավելի շատ ենք սպասելու: Կարծում եմ` այդ փառատոնից ունեցած եզրակացությունների հիման վրա էլ կփորձենք ձեւավորել այն պետական աջակցությունը, որը տրվում է թատրոններին»: Թատրոնի առաջին սրահում բացումը կատարեց փառատոնի տնօրեն Արա Խզմալյանը, ով կարեւորեց երիտասարդների ակտիվ մասնակցությունը «Թատրոն X»-ին: Մեզ հետ զրույցում փառատոնի տնօրենը նշեց, որ Երեւանից բացի կլինեն այն բոլոր մարզերում, որտեղ կա թատերական բեմ. «Այսօր թատրոնները մարզերում մնացած միակ մշակութային օջախներն են, եւ մենք կարեւորում ենք այն, որ փառատոնի շնորհիվ հենց մարզային թատրոններում կատարվեն բաց քննարկումներ»: Բացման խոսքից հետո Արա Խզմալյանը ներկաներին հրավիրեց գինի եւ դասական երաժշտություն վայելելու: Իսկ փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում կարեւորեց երկխոսության գաղափարը. «Քննարկումից որոշ ժամանակ անց մենք տեսնում ենք, որ այն իր ազդեցությունն ունեցել է»: Փառատոնային առաջին ներկայացումը Գրիգոր Խաչատրյանի` «Ցիանակալիում...կաթով կամ առանց կաթի» երկու գործողությամբ բեմադրությունն էր: Bravo.am-ի հետ զրույցում Գրիգոր Խաչատրյանն ասաց, որ մեծ տեղ է հատկացնում փառատոններին եւ, ինչպես Հայաստանում անցկացվող յուրաքանչյուր թատերական փառատոնի, սրան եւս մասնակցում է: Քննարկումներից ու քննադատություններից խոսելով` դերասան, բեմադրիչը նշեց. «Այն ինձ համար ընդունելի է, եթե խելքին մոտ է»: Ներկայացման ավարտին հնչեցին տարբեր կարծիքներ, հանդիսատեսը հնարավորություն ստացավ թատերագետների հետ արտահայտել իր կարծիքն ու դիրքորոշումը: Կազմակերպիչներն էլ խոստացան նման ակտիվ տեմպերով շարունակել փառատոնային տոնական ընթացքը: Նշենք, որ «Թատրոն X» փառատոնը կտեւի մինչ ապրիլի 28-ը: 4-րդ հանրապետական փառատոնին մասնակցում են ՀՀ եւ ԼՂՀ 31 թատրոնի ու թատերախմբի ներկայացուցիչներ, որոնք համապատասխանաբար կներկայանան 31 ներկայացմամբ: Ապրիլի 28-ին` փառատոնի փակման օրը, կլինի վերջին ներկայացման դիտումը եւ մրցանակների բաշխման արարողությունը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: