×


«Համահայկական նկարչական մրցույթ»

«Համահայկական նկարչական մրցույթ»

Մանկական նկարները, էկոլոգիական բացիկներն ու «ապրող տոնածառ»-ը:) Դեկտեմբերի 15-ին «Անի» հյուրանոցում ամփոփվեց երրորդ համահայկական նկարչական մրցույթը, որը կազմակերպում է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ: «Արեւորդի» էկոակումբի սաները Մրցույթում ընդգրկված են եղել մոտ 2000 երեխաներ` Հայաստանից եւ սփյուռքից, որոնցից 700-ը մասնակցել է հիմնադրամի կայքում ընթացող քվեարկությանը` տեղադրելով 1070 նկար::) Մասնակիցներից 50-ը սփյուռքից է եղել, մասնավորապես` ԱՄՆ-ից, Հունաստանից, Վրաստանից, Սիրիայից, Բելառուսից, Ուզբեկստանից, Շվեդիայից, Ռուսաստանից: 3 ամիս տեւած համահայկական նկարչական մրցույթի արդյունքներն ամփոփվել են օն-լայն քվեարկությամբ ու ժյուրիի գնահատականների համաձայն: «Այս միջոցառումով եզրափակում ենք 2010 թվականի նախագծերը: Այս տարվա ընթացքում Արեւմտյան Հայաստանից բերված ծառերով ծառատունկ կազմակերպեցինք, մարզերում «Կանաչ ավտոբուս», «Կանաչ դպրոց» ակցիաներն արեցինք, Ծիծեռնակաբերդի ծաղկե հավաքով էլ պատրաստել ենք այսօր հանձնվող բոլոր շնորհակալագրերն ու պատվոգրերը:)»,- ասաց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը` ընդգծելով` «Կազմակերպելով բնապահպանության թեմայով մրցույթ` մենք ստիպեցինք ժողովրդին մտածել էկոլոգիայի խնդիրների մասին, որոնք չեն կարող դուրս լինել առօրյա, կենցաղային կյանքից»: Ինեսսա Շահբազյան, 7 տարեկան «Բնապահպանական այս ծրագրով սովորեցնում ենք մեր երեխաներին, թե ինչ է նշանակում մաքուր բնություն, մինչդեռ մենք էլ մեծ երեխաներ ենք եւ լավագույն օրինակն ենք նրանց համար: Նոր տարվա նախօրեին մարդիկ գնում են, հատում ծառերը, որ զարդարեն իրենց տները, բայց այդ սոճիներն ու եղեւնիները տարիներով աճում են, բնություն պահպանելը նաեւ այստեղից է սկսվում»,- նկատեց «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` ավելացնելով, որ ծնողների վարքը մեծ դերակատարություն ունի: «15 ամիս առաջ գալով Հայաստան` շատ եմ լսեմ բնապահպանական այս հիմնադրամի մասին: Նմանատիպ միջոցառումներն անչափ կարեւոր են` երեխաների գիտակցության մեջ բնության հանդեպ հարգանք եւ ճիշտ վերաբերմունք ձեւավորելու համար»,- նշեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը: Hans Yokhen-Shmidt Մինչ մրցանակների հանձնումը հյուրանոցի նախասրահում ներկաները ծանոթանում էին հիմնադրամի տաղավարներին, որոնցից մեկում հողով լի տարայում տնկված սոճի էր` վերածված տոնածառի: Հիմնադրամն այս տարի առաջին անգամ վարձակալությամբ կամ վաճառքով տրամադրում է այդպիսի «կենդանի ծառեր», կոչ է անում Ամանորն ու սուրբ Ծնունդը չնշել հատված ծառով, որը հետո հայտնվելու է աղբանոցում. ««Ապրող տոնածառ»-ի գաղափարն այն է, որ ամեն տարի հատվող բնական սոճիների փոխարեն կարող են զարդարել էլդորական սոճիով, որը բերել ենք Կապանի մեր կազմակերպության տնկարանից: Վարձակալության դեպքում արժե 15 000 դրամ, գնելու դեպքում` 20 000 դրամ: Տոներից հետո սոճին կարելի է վերատնկել այգում կամ բակում: Նաեւ առաջարկում ենք արեւի էներգիայով աշխատող լույսեր, որոնք, կլանելով արեւի էներգիան, վառվում են:)», - պատմեց էկոակումբի սան Սիրարփին: Էդմոնդ Գեւորգյան, 9 տարեկան «Արեւորդի» էկոակումբի սաներից Սոնան ու Ջուլիետան ներկայացնում էին բնապահպանական ձեւավորումներով բացիկներ, տոնածառի թղթե խաղալիքներ, էկոլոգիական տոպրակներ. «Մենք վերցնում ենք չորացրած ծաղիկների թերթիկները, որոնք, ի դեպ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ենք հավաքել ապրիլի 24-ից հետո: Այնուհետ մանր կտրատած թղթե թափոնները ջրի հետ խառնելով ստանում ենք այն մածուցիկ զանգվածը, որից պետք է ստանալ վերամշակված թուղթը::) Հարթեցնում ենք մաղի վրա, վրան լցնում ենք չորացրած ծաղիկները, ստանում ենք թուղթ, որի վրա կարելի է գրել ու տպագրել: Այդ թղթից էլ պատրաստել ենք բացիկներն ու տոպրակները: Էկոլոգիական տոպրակները կոչ են անում վերջ տալ պոլիէթիլենային տոպրակներին, որոնք վնաս են տալիս շրջակա միջավայրին»,- ասացին նրանք: Ralf Yirikyan Համահայկական նկարչական մրցույթը մեկնարկել էր աշնան սկզբին եւ ավարտվել նոյեմբերի 30-ին: Մասնակիցներն այս տարի նկարել են «Իմ հայրենի բնաշխարհը», «Իմ երազանքների կենդանաբանական այգին», «SOS», «Իմ երազանքների քաղաքը» թեմաներով. «Ինձ հատկապես դուր եկան կենդանաբանական այգու թեմատիկայի շրջանակներում ներկայացված աշխատանքները, որոնցում հաճախ բուսակեր եւ վայրի կենդանիները պատկերված էին կողք կողքի` վանդակներից դուրս, նույնիսկ մարդիկ էին վանդակում հայտնվում. երեխաները ազատություն են քարոզում»,- ասաց ժյուրիի անդամ, բնապահպան-մանկավարժ Մելանյա Դավթյանը: Մրցանակաբաշխության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ, խրախուսական, ինչպես նաև ժյուրիի մրցանակներ հանձնվեցին մրցույթի երեք տասնյակ մասնակիցների։ Մրցանակները տարբեր էին` սկսած տեսախցիկից, ֆոտոխցիկից, հեծանիվից, նկարչական պարագաներից մինչեւ «Արեւորդի»-ի ամառային դպրոցի 2011 թվի մասնակցության հրավեր: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին