Երեւանյան առաջին, բայց ոչ վերջին բարեգործական ընթրիքը 2003 թվին հիմնադրված «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը որոշել էր իր գործընկերների ու հովանավորների համար ավանդույթ դարձած բարեգործական ընթրիք կազմակերպել: Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունեցավ հիմնադրամի «Հզորացնենք Հայաստանի գյուղերը մեր ուժերով» խորագիրը կրող առաջին բարեգործական ընթրիքը: Ինչպես նշեց հիմնադրամի հիմնադիր ու խորհրդի ատենապետ Կարօ Արմենը, ստացված հասույթով կվերանորոգվեն եւ կկահավորվեն Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Մյասնիկյան համայնքի դպրոցի 2 մասնաշենքեր ու համակարգչային դասասենյակներ: Մյասնիկյան համայնքը Արմավիրի մարզի 10 գյուղական համայնքներից է, որն ընդգրկվել է հիմնադրամի «ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» մեջ: Հիմնադրամի առաջին երեւանյան ընթրիքին մասնակցում էին ՀՀ Կառավարության անդամներ, բանկերի ու գործարար ոլորտի ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ եւ այլք: Ներկա հյուրերը տեղում գնում էին հիմնադրամի ծրագրերում ընդգրկված երեխաների արված լուսանկարներն ու ձեռագործ աշխատանքները: Երեխաներն էլ պարում էին ազգագրական պարեր, երգում ու իրենց շնորհակալությունն հայտնում հիմնադրամին: Լուսանկարների հեղինակներից մեկը` 16-ամյա Սիրանուշ Ղազարյանը, պատմեց, որ իր կյանքը փոխվել է հիմնադրամի շնորհիվ. «Եթե իմ կյանքը բաժանեի երկու սյունակի` մինչ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ը եւ դրանից հետո, ապա իմ ամբողջ կյանքը կգրեի հիմնադրամի սյունակում, իսկ առաջին սյունակը դատարկ կթողնեի: Իմ լուսանկարներից մեկում նկարել եմ մի աղջիկ, որը գտնվում է խավարի ու լույսի մեջ: Սա ուղղակի կապ ունի ինձ հետ: Այդ աղջիկը ես էի, իսկ լույսը` հիմնադրամը»: Մինչ օրս «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի միջոցները գոյացել են ԱՄՆ-ում կազմակերպվող ամենամյա բարեգործական ճաշկերույթներից, ուր սփյուռքահայ ու այլազգի բարերարներ կատարել են նվիրատվություններ: Հիմնադրամի աշխատակից Ժենյա Զոհրաբյանը նշեց, որ այժմ իրենց հիմնական նպատակն այդ դպրոցի հիմնանորոգումն է. «Նյու Յորքում կայանալիք ընթրիքի նպատակն էլ լինելու է գումարներ հավաքագրելը դպրոցի մասնաշենքերի վերանորոգման համար»: Նա նշեց, որ սա առաջին բարեգործական ընթրիքն է, բայց վերջինը չի լինի. «Որոշեցինք Հայաստանում էլ կազմակերպել նման ճաշկերույթ, որ այստեղի գործարարները, քաղաքական գործիչները, բարերարները եւս մասնակցեն գյուղական համայնքներում կատարվող աշխատանքներին: «Օրեգանո» ռեստորանը մեզ սիրով տրամադրել է տարածքը, իհարկե, որոշակի գումար տրվում է ամեն անձի համար»: Ժենյա Զոհրաբյանի խոսքերով, իրենց գործունեությանը ծանոթ մարդիկ հեշտությամբ են համաձայնել մասնակցել. «Կան նաեւ մարդիկ, որոնք առաջին անգամ են մեզ հյուրընկալվում, մեր գործընկերներն են, հիմնադրամի բարեկամներն են, տեղյակ են մեր աշխատանքներին»: Ի դեպ, բարեգործական ընթրիքի արժեքը յուրաքանչյուր անձի համար կազմում էր 25 000 դրամ, որից «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ին որպես հանգանակություն ամեն հյուրի կողմից փոխանցվել է 20 000 դրամ: Երեկոյի ընթացքում հիմնադրամը “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի կողմից 50 համակարգիչ նվեր ստացավ, իսկ ընդհանուր հավաքված գումարը մոտ 8 մլն դրամ էր: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: