Անի Բայաթյանի` տղամարդու կողմից գրված նամուսը:) Հուլիսի 6-ին Կամերային թատրոնի փոքր դահլիճի բեմում կայացավ Արտավազդ Բայաթյանի հեղինակային մոնոլոգներից 4-ի հիման վրա բեմադրված «Չորս կին` մեկ մարմին» մոնոներկայացումը, որտեղ իր խաղով հանդես եկավ Անի Բայաթյանը: «Քանի որ հայրս մոնոլոգներ շատ ունի գրած, ես որոշեցի մոնոներկայացում պատրաստել, ասել այն, ինչ ուզում է ասել հեղինակը. տվյալ դեպքում ես պարզապես փոխանցող եմ: Ասեմ, որ Անին` ես, այդ ամենը չէր ասի, դա կասեին այն կանայք, ովքեր ավելի տարիքով են ու կյանքի փորձ ունեն»,- BRAVO.am-ին ասաց Անի Բայաթյանը` հավելելով, որ բեմադրության մտահղացումն իրենն է,-«2009 թվականից խաղացել եմ այս ներկայացումն ակումբներում, իսկ ամբողջությամբ այն եղել է Կամերային թատրոնի բեմում` «Դառը շոկոլադ` քաղցր համով» անվամբ: Հիմա միացրել եմ չորսն ու դարձրել «Չորս կին` մեկ մարմին», իսկ նախորդ տարբերակում կոչվում էր «Նամուս կամ նամուսի զոհերը»»: Մոնոներկայացման առաջին մոնոլոգի`«Նամուսի զոհեր»-ի հերոսուհին քսան տարվա մանկավարժ է, ով աման է լվանում: Հաջորդի հերոսուհին սովորական մի աղջիկ է, ով ամեն օր ստիպված է լինում օգտվել երթուղային տաքսիներից եւ պատմում է, թե ինչեր են տեղի ունենում ճանապարհին, ինչպես է երթուղային տաքսին իր համար դառնում ճակատագրական: Երրորդի ` «Տանը մնացած»-ի հերոսուհին զբաղվում է տանը մնացած աղջիկների ամուսնությամբ, խորհուրդներ տալիս: Նա մի տգեղ կին է, ով շատերի կարծիքով չէր ամուսնանալու, բայց այդ խոսակցություններն իսկ առիթ են դարձել, որ տղամարդիկ նրան ավելի շուտ նկատեն, քան իր գեղեցիկ քույրերին: Հաջորդ`«SMS ծառայություն» մոնոլոգի կերպարը բջջային օպերատոր է, ով իր վառ երեւակայությամբ ստեղծել է հաղորդագրությունների մի փաթեթ: Մոնոլոգների յուրաքանչյուր կերպարին հատուկ է իր բնավորությունն ու դերասանական խաղը: Դերասանուհին նշեց, որ ներկայացման ժամանակ բեմից հնչող սարկազմը , երբեմն, անգամ վիրավորել է հանդիսատեսին. «Ուրեմն մի բան տեղ է հասել: Այս ներկայացման մեջ կան բառեր ու մտքեր, որոնք լսելիս պետք է ոչ միայն ծիծաղել, այլեւ ընկալել. ծիծաղ առաջացնող այդ խոսքերի տակ մեծ իմաստ է թաքնված: Ես ինքս շատ բան եմ սովորում այն ամենից, ինչ ասում եմ: Ինձ համար շատ կարեւոր է, որ այս մոնոլոգները, որոնք վերաբերվում են կանանց, գրվել է տղամարդու կողմից»: Մեզ հետ զրույցում Անին ասաց, որ չորս կերպարներից յուրաքանչյուրում իրենից մի մասնիկ կա, բոլորն էլ հավասարաչափ սիրում է. «Կա պահ, որ ավելի շատ դուր է գալիս առաջինը` «Նամուսի զոհերը»: Կան մարդիկ, ովքեր չգիտեն` ինչ է նամուսը, իսկ Մաքրուհին փորձում է ցույց տալ այն: Շատ եմ սիրում «Տանը մնացածը», որը շատ թեթեւ է, «Երթուղային տաքսին», «SMS ծառայությունը». յուրաքանչյուրը յուրովի եմ ընդունում»: Խոսելով փոքր բեմի ընտրությունից` մեր զրուցակիցն ասաց, որ կարիք չի տեսնում ներկայացումը մեծ բեմ բարձրացնել, քանի որ փոքրը նպաստում է մտերմիկ տրամադրության ստեղծմանն ու խոսքը տեղ հասցնելուն: Ներկայացման ժամանակ խաղից բացի, դերասանուհին փորձեց պահել հանդիսատեսի հետ շփումը, նրանց կողմից հնչած մեկնաբանությունների հիման վրա իմպրովիզներ արեց: «Չորս կին` մեկ մարմին» մոնոներկայացումը կլինի նաեւ հուլիսի 13-ին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: