×


«Պարի եւ հոգու թատրոն»

«Պարի եւ հոգու թատրոն»

Սոֆի Դեւոյանը սաների հետ նշեց պարի միջազգային օրը : ) Ժամանակակից բալետի հիմնադիր, հայտնի բալետմայստեր Ժան-Ժորժ Նովերի  ծննդյան օրը` ապրիլի 29-ը, 1928 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է որպես պարի միջազգային օր: Հայաստանը վերջին տարիներին եւս միացել է ապրիլի 29-ը նշող երկրներին: Sofi Devoyan Ապրիլի 30-ին Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնը» Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես եկավ պարի միջազգային օրվան նվիրված համերգ-ներկայացմամբ, որին իրենց երաժշտական կատարումներով ու պարային համարներով անմաս չմնացին  Սոֆի Դեւոյանի հարսը` Զարուհի Բաբայանն ու Սոֆի Դեւոյան կրտսերը` թոռնիկը: Համերգային ծրագիրը նվիրված էր ոչ միայն պարի տոնին, այլեւ Սոֆի Դեւոյանի բեմական գործունեության 45, «Հոգու եւ պարի թատրոնի» 20 եւ  «Սոֆի Դեւոյանի անվան մշակույթի կենտրոնի» 18-ամյակին:  Երկու մասից բաղկացած համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսը տեսավ թատրոնի տարիների աշխատանքն ու նոր բեմադրությունները: Zaruhi Babayan Համերգին մասնակցեցին թատրոնի մեծահասակ պարողները, ովքեր հանդես եկան  հայկական  ժողովրդական, ազգագրական և ծիսական, ինչպես նաև եվրոպական և ասիական ազգային պարերով, իսկ  մանկական խումբը ներկայացավ չինական պարով: Բեմադրություններից շատերն առաջին անգամ էին կատարվում: Ներկայացված պրեմիերաների թվում կային բեմադրություններ, որոնց հեղինակները Սոֆի Դեւոյանի սաներն էին: Պար-ներկայացումներից երկուսը  նվիրված էին հայ անվանի վարպետներին`  Մարտիրոս Սարյանին եւ  Սերգեյ Փարաջանովին, որոնք ստացել էին համապատասխան անվանումներ:  Պարարվեստի դիցուհին, ինչպես Սոֆի  Դեւոյանին անվանեց երեկոյի հաղորդավար Ավետ Բարսեղյանը, նաեւ իր սրտի հերոսին նվիրված բեմադրություն ուներ. «Երկու Մարտիրոս կա Սոֆի Դեւոյանի կյանքում, երկուսն էլ շատ կարեւոր են նրա համար. մեկը Մարտիրոս Սարյանն է,  մյուսը` Մարտիրոս Մարտիրոսյանը` իր սրտի հերոսն ու ամուսինը»: Sofi Devoyan Սարյանին նվիրված բեմադրության ժամանակ Զարուհի Բաբայանը  հանդիսատեսին ներկայացավ նոր «դերով». այս անգամ երգելու կամ պարելու փոխարեն  նա նկարում էր: «Երեւի մասնագիտությունս փոխեմ»,-կատակեց երգչուհին ու արդեն պատրաստ նկարը բեմադրության վերջում նվիրեց դահլիճում նստած մի երիտասարդի, ով փորձեց յուրովի մեկնաբանել պար կոչվածը: Բեմադրություններից մեկն էլ նվիրված էր հայ-ռուսական բարեկամությանը: Bravo.am-ի հետ զրույցում Սոֆի Դեւոյանն ասաց, որ այս ծրագրով ոչինչ չի ամփոփում, քանի որ դեռ շարունակում է աշխատել ու սովորել: Հայաստանի վաստակավոր արտիստուհին  պատրաստվում է բեմադրել երկու շատ բարդ պար, որոնց  համար, ինչպես ինքն է ասում,  մեծ աշխատանք է պահանջվելու. «Շատ  թանկ նախագիծ է, ուզում եմ այդ պարերով գնալ դեպի անցյալը: Շատ հայկական, մի քիչ էլ արդիական շնչով գործեր են, որոնք հույս ունեմ, աշնանը պատրաստ կլինեն»: Մեր զրուցակիցն ասաց, որ դրանք հանդիսատեսին կցուցադրի համերգային ծրագրով` նշելով, որ նման միջոցառումներ այսուհետ հաճախ կլինեն: «Պարի եւ հոգու թատրոն» Պարուհին նշեց` օրն իր համար սովորականից տարբերվում է մի շարք երեխաների` առաջին անգամ բեմ բարձրանալով. «Ամեն անգամ էլ նույնն է, անկախ նրանից,  առաջին անգամ ես բեմում,  թե` ոչ. միեւնույն է,  նախքան բեմ բարձրանալը հուզմունք ու լարվածություն կա, իսկ բեմում ամեն ինչ անցնում է»: Մեր հարցին, թե՞ պարուսույցն իր սաների մեջ ապագա սոֆի  դեւոյաններ տեսնում է, վաստակավոր արտիստը պատասխանեց. «Այո,  10-12 երեխա ունեմ, ովքեր մեծ տաղանդի տեր են, չգիտեմ, թե ինչ կլինի  հինգ տարի հետո...Երբ ես 16 տարեկան էի, ինձ ասացին, որ ինձնից պարուհի դուրս չի գա:)»: Զարուհի Բաբայանն էլ ասաց, որ օրվա հերոսն ինքը չէ, տոնը սկեսրոջն է, իսկ ինքը, լինելով Սոֆի Դեւոյանի ընտանիքի  անդամ, չէր կարող չմասնակցել այդ տոնին ու չշնորհավորել նրան:  Երգչուհին եւ Սոֆի Դեւոյանը  համերգային ծրագրերի շատ մտահղացումներ ունեն, որոնք ամեն տարի` պարի միջազգային օրը, կիրագործեն: Համերգային ծրագիրն ուղեկցվեց կազմակերպիչների  անակնկալներով ու հանդիսատեսի  բրավոներով(Bravo.am:)): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW