Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն օգոստոսի 20-ին նշել է 80-ամյակը։ Թատրոնում տեղի է ունեցել նրա կյանքին ու թատերական գործունեությանը նվիրված Նիկոլայ Դավթյանի նկարահանած 40 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմի փակ դիտումը, որին ներկա են եղել թատրոնի անձնակազմը, գործընկերներն ու ընտանիքի անդամները։
Ալեքսանդր Գրիգորյանի 80-ամյակին
80-ամյա բեմադրիչ-ռեժիսորը լսել է ներկաների բարեմաղթանքներն ու փչել տորթի մոմերը, իսկ օրվա հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը: «Հուզվեցի, որ գործընկերներս հավաքվել են ողջունելու ու շնորհավորելու ինձ։ Հուզվեցի, որ իմ ու թատրոնի անսահման սիրո մասին ֆիլմ են նկարել։ Նույնիսկ զանգահարեցին մարդիկ, որոնց հետ լավ հարաբերություններ չունեմ. ես էի նեղացել կամ իրենք էին ինձնից վիրավորվել, այդ թվում` թատրոնի նախկին դերասաններից։ Անկասկած, հաճելի էր լսել նրանց շնորհավորանքները»,-ասել է հոբելյարը:
Նա նշել է, որ իրեն շատ երիտասարդ է զգում.«Եթե համարենք, որ ամենաթարմը պետք է լինի մարդու ուղեղը, ես ինձ 40-45 տարեկան եմ զգում։ Մի քիչ ոտքս է ցավում, մի քանի օրից պետք է գնամ բուժվելու։ Իմ ամենահետաքրքիր հոբելյաններս 60, 70, 75-ամյակներն են, երբ թատրոնիս հետ եմ նշել. ամենաուրախ տոներն են եղել։ Ճիշտն ասած, ինձ համար առաջին տեղում թատրոնն է, հետո՝ ընտանիքը։ Մոտ 65 տարի թատրոնին կապված եմ, երեխաներիս ավելի քիչ եմ ճանաչում, բայց նրանց էլ շատ եմ սիրում:)»։
Ելենա Վարդանյանը, Նորա Գրիգորյանը եւ Միլենա Վարդանյանը
Ալեքսանդր Գրիգորյանն ամուսնացել է 5 անգամ, ունի 6 երեխա, օրեր առաջ էլ BRAVO.am-ը լուսանկարել է ռեժիսորի եւ նրա ներկայիս կնոջ ամուսնության 25-ամյակը.«Եթե նորից կյանքս ապրեի, ինչո՞ւ չէ, կրկին մի քանի անգամ կամուսնանայի, դրանում վատ բան չեմ տեսնում։ Եղել են անախորժություններ, միայն մի կնոջ հետ եմ պատահական կապվել, բայց նրա անունը չեմ տա, իսկ իմ մյուս կանայք հրաշալի ու գեղեցիկ մարդիկ են, ինձ տվել են սեր, քնքշություն ու երեխաներ։ Երջանիկ եմ եղել նրանց կողքին, առհասարակ, կանանց հետ ապրելուց ավելի գեղեցիկ բան չկա։ Երեխաներս իրար հետ լավ շփվում են, տիկինս՝ Թամարան, կարողանում է կապը պահպանել, լավ հարաբերություններ ունի իմ նախկին կանանց հետ, ինչը կարեւոր է, որ երեխաները հարազատներ մնան»։
Ալեքսանդր Գրիգորյանը` կնոջ՝ Թամարայի հետ
Ռուսական թատրոնը նա ղեկավարում է շուրջ 51 տարի, ասում է՝ թատրոնի ամեն քարը, անկյունն անգիր գիտի, բոլոր աշխատակիցներին լավ ճանաչում է.«Առանց թատրոնի կյանքս կյանք չի, չեմ պատկերացնում՝ ինչպես կապրեի։ Կցանկանամ, որ երիտասարդները սիրեն ու ապրեն իրենց մասնագիտությամբ, միշտ մտածեն իրենց գործի մասին: Դերասանները պետք է ավելի շատ կարդան, ուշադրություն դարձնեն իրենց խոսքին, պլաստիկային, հիմա մի քիչ դիլետանտ են, մտածում են՝ մի երկու խոսք անգիր կսովորեն, կպարեն ու կերգեն, արտիստ կհամարվեն, բայց դերասանը պետք է էներգիա տա, լռությամբ էլ փոխանցի իր հույզերը»։
Հակոբ Ղազանչյանը, Վահե Շահվերդյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը
Խոսելով իր արմատների մասին՝ ռեժիսորը պատմել է.«Ծնվել եմ Բաքվում, բոլոր հարազատներս արցախցի են, հայրական տունս Ստեփանակերտից 15 կմ հեռու գտնվող Խնդրստան գյուղում է։ Հպարտ եմ, որ արցախցի եմ, իմ գյուղը պատերազմի ժամանակ հերոսներ է ունեցել, իմ եղբայրներն են կռվել, ես էլ ինչով կարողանում, օգնում եմ։ Ինձ համար միայն առողջություն եմ ուզում, որ ստեղծագործական նոր մտքերս իրականացնեմ»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: