×


Ամանորյա ի՞նչ նվեր է ուզում Շուշան Պետրոսյանը :)

Շուշան Պետրոսյանի մանկության ամանորյա հեքիաթը շարունակվում է :): Երգչուհին արդեն զարդարել է բնակարանն ու 2 տոնածառ` անակնկալ մատուցելով որդիներին, իսկ  BRAVO.am-ին պատմել է իր մանկության բարի հուշերը, ինչպես նաեւ զարդարանքի ու Նոր տարվա նախապատրաստության մասին:

Շուշան Պետրոսյանը


Տոնածառերը սկսել եմ զարդարել դեկտեմբերի 20-ից: Հիմնականում այս գործով ես եմ զբաղվում, այս անգամ ինձ օգնեց նաեւ քույրս, մի քիչ էլ` մեծ որդիս:

Սիրում եմ երեխաներիս անակնկալ մատուցել. առավոտյան միասին արթնանում ենք, գնում հյուրասենյակ, հնչում են զարմանքի եւ ուրախության բացականչություններ, թե “գիշերը Ձմեռ պապիկն  է եկել, վա՜յ, ո՞նց չենք լսել”:):  

Չեմ սիրում խաղալիքները կախել` առանց հաշվի առնելու գույնն ու ձեւը. երբեք չեմ զարդարել ուղղակի զարդարելու համար: Այս տարի երկու տոնածառ եմ դրել. երբ տեսա, թե որքան խաղալիք է դուրս մնում իմ տոնածառից, հասկացա` երկրորդն էլ է պետք, որ խաղալիքներն իրենց առաքելությունն իրականացնեն:

Շուշան Պետրոսյան. “Երբ տեսա, թե որքան խաղալիք է դուրս մնում, հասկացա` երկրորդ տոնածառն է պետք”


Խաղալիքներն ու Ամանորի հետ կապված ամեն բան ես եմ ձեռք բերել:  Շատ մեծ հավաքածու ունեմ`  աշխարհի բոլոր ծայրերից: Ունեմ հրեշտակների հավաքածու, ձեռքի աշխատանք խաղալիքներ, որոնց կրկնօրինակը չկա:

Իմ ամենասիրելի խաղալիքը մանկությունից մինչ օրս պահպանած տնակն է:  Երբ փոքր էի, կարծում էի, թե սա հենց Ձմեռ պապիկի տունն է եւ բոլոր հրաշքներն այս տնից են կատարվում :):

Շուշան Պետրոսյանի ամենասիրելի խաղալիքը :)


Ես երբեք չեմ տեսել, թե ինչպես է մեր տանը տոնածառ դրվել, թեեւ անխտիր հիշում եմ բոլոր տոնածառերս: Այն հայրս ու մայրս էին դնում` գիշերով, ինչպես ես` հիմա. հեքիաթը շարունակվում է: Հիշում եմ իմ հիացմունքն ու զարմանքը, որ Ձմեռ պապը եկել է եւ ես չեմ արթնացել ու տեսել:

Հայրս շատ էր սիրում տոնածառ զարդարել. Նոր տարին իր ամենասիրելի տոնն էր:  Անցյալ տարի, երբ արդեն վատառողջ էր, ես զարդարեցի իր տոնածառը: Նա ինձ ուղղություն էր տալիս, թե ինչպես անեմ, որ գույները համադրեմ… Շատ սիրեց իմ զարդարած տոնածառը:

Շուշան Պետրոսյանի` նախորդ տարի հայրիկի համար զարդարած տոնածառը


Ամանորը դիմավորելու եմ մեր տանը: Ամբողջ ընտանիքիս հետ եմ լինելու, մեզ կմիանա նաեւ եղբայրս: Սա մեր առաջին Ամանորն է, որը պետք է առանց հայրիկի դիմավորենք. շատ անսովոր է ու ցավոտ: Տոնածառն էլ զարդարել եմ, քանի որ հայրս շատ էր սիրում այս տոնը: Անցյալ տարի ինձ ասաց, որ սա փոքրուց եղել է իր ամենասիրելի տոնը, պատերազմի տարիներին էլ նկարել ու խաղալիքներ է պատրաստել: Եղբայրս տոնածառ չդրեց, ես ցանկացա դնել... Վստահ եմ` հայրս երկնքից նայում եւ իր գնահատանքն է տալիս:

Տոնական ուտեսները հիմնականում ես եմ պատրաստում, դրանք համեղ են լինում :): Կան բաներ, որ ես երբեք չեմ գնել,  օրինակ` խոզի բուդը միշտ հայրս է պատրաստել, այս տարի ես եւ եղբայրս որոշեցինք իրար հետ այդ գործն անել: Կթխեմ նաեւ իմ ավանդական ամանորյա խմորեղենը, ինչպես միշտ, համեղ աղցաններ կպատրաստեմ:

Շուշան Պետրոսյանը


Ամեն տարի նոր ինչ-որ բան պատրաստում եմ,  եթե այս կամ այն երկրում որեւէ բան եմ համտեսում եւ դուրս գալիս է, անպայման բաղադրատոմսն  իմանում եմ եւ պատրաստում: Այս տարի դեռ չեմ մտածել, թե ինչ նոր բան եմ պատրաստելու:

Նվերները հիմնականում պատրաստ են, մի քանի բան է մնացել ավելացնել, բայց ավելի կարեւոր է, որ այդ նվերները պետք է փաթեթավորեմ. արդեն գնել եմ թղթերն ու ժապավենները:

Ես որպես նվեր միայն առողջություն եմ ուզում, բարություն եւ սեր:

Շուշան Պետրոսյանի տոնածառի զարդարանքներից


2012-ն ինձ համար դժվար, ծանր փորձություններով եւ լուրջ ձեռքբերումների տարի էր, բարդ տարի: 2013-ի ծրագրերն անչափ շատ են, եթե գալիք տարվա այս օրը կարողանամ հստակ ասել, որ դրանց գոնե 60 տոկոսն իրականացել է, կլինի կայացած տարի:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս դեկտեմբերի 31-ին ընտանիքով կգանք եկեղեցի. ամեն բան սկսում է հենց եկեղեցուց:

BRAVO.am-ը շնորհավորում է Շուշան Պետրոսյանի եւ իր ընտանիքի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Շուշան Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW