×


Ամեն ինչ վագինիզմի մասին

Վագինիզմի մասին քիչ է խոսվում: Այս խնդրով նաեւ քիչ են դիմում՝ ամոթի գործոնը մեծ է: Մինչդեռ, եթե կա վագինիզմ, ապա բուժումը սկսել է պետք որքան շուտ, այնքան լավ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կինն իրապես հասկանա ու ընդունի` ինչ է կատարվում իր հետ եւ ինչու:

Բժիշկներն այն հետեւյալ կերպ են սահմանում. վագինիզմը փոքր կոնքի եւ հեշտոցի մկանների անկառավարելի, ջղաձգային ու ռեֆլեկտոր բնույթի կծկումներն են: Դրանք սկսվում են ամեն անգամ, երբ փորձ է արվում հեշտոց մտցնել առնանդամը: Այլ կերպ ասած՝ այդ կծկումները ռեֆլեկտոր «պաշտպանություն» են ապահովում հեշտոց օտար մարմինների մուտքից:

Կա վագինիզմ, եթե

-սեռանդամը հեշտոց մտցնելու ժամանակ տեղի է ունենում կտրուկ կծկում, ու կինը սաստիկ ցավ է զգում,

-գինեկոլոգիական զննման ժամանակ փորձ է արվում ներս մտցնել գործիքներ, ու կրկնվում է վերը նշված իրավիճակը,

-կինը խնդիրներ է ունենում հիգիենիկ տամպոնների կամ հեշտոցի հետ կապված այլ գործողությունների դեպքում:

Կարեւոր է տարբերակել հիվանդության կեղծն ու իրականը: 


Կեղծ վագինիզմ

Եթե վագինիզմի պատճառները ֆիզիոլոգիական են, ապա այն կարելի է կեղծ անվանել: Բորբոքային բնույթի հեշտոցային հիվանդություններ, հաստ եւ ոչ առաձգական կուսաթաղանթ, հեշտոցի մշտական չորություն (քսուքի բացակայություն), ճաքեր, վերքեր ու քերծվածքներ սեռական օրգանում, մանկական հասակում արված գինեկոլոգիական վիրահատություններ՝ ահա այս ամենը կարող են կեղծ վագինիզմի պատճառ լինել: Այս դեպքում պետք է դիմել գինեկոլոգին:

Իրական վագինիզմ

Իրական վագինիզմի պատճառները խոր հոգեբանական են՝ թաքնված կնոջ ենթագիտակցության տարբեր շերտերում: Ամենից հաճախ պատճառն առաջին սեքսն է: Կարող է լինել նաեւ վախը կուսազրկման ցավերից, որոնցից կինը ենթագիտակցորեն փորձում է խուսափել: Առաջին դեպքում կարող է միայն մի բան օգնել. տղամարդը պետք է համբերություն ու հասկացողություն ցուցաբերի: Իսկ երկրորդ դեպքում, եթե տղամարդը համառության արդյունքում, այնուամենայնիվ, կարողանում է կուսազրկել, բայց անում է դա կոպիտ, ապա իրավիճակն անգամներով բարդանում է: Կարող են օգնել գինեկոլոգն եւ սեքսոլոգը: Պետք է աշխատի նաեւ հոգեբանը՝ պարզելու համար` արդյոք իրական է վագինիզմը, եւ որոնք են պատճառները: Որոշ դեպքերում խնդիրն արմատներով հասնում է մինչեւ դեռահասության ու նույնիսկ մանկության շրջան: Դրանցից ամենատարածվածներն են՝

Մանկական տարիքում պատահաբար ծնողների սեռական ակտը տեսնելը: Այն կարող է լրջագույն վնաս հասցնել չկազմավորված մանկական հոգեկանին: Երեխան չի ընկալում, թե ինչու է հայրը շարժվում՝ սիրելի մայրիկի մարմնին կպած, ու ինչու է մայրիկը գոռում:

Աղջիկ երեխայի ստացած խիստ սեռական դաստիարակությունը (եթե այն կարելի է դաստիարակություն անվանել, իհարկե): Մայրը մանկությունից ներշնչում է աղջկան, որ տղամարդիկ անարժան են, իսկ դեռահասության ժամանակ, որ սեքսը մեղք է, անբարո ու կործանարար: Այս մտքերը ճակատագրական երանգ են ստանում սեռահասուն տարիքում ու խանգարում ապրել:

Սեքսի մասին տեղեկատվության ստացումը հասակակիցներից, պոռնոգրաֆիկ գրականությունից ու պոռնոֆիլմերից: Սա խեղաթյուրում է սեքսի մասին պատկերացումները, վախ ու զզվանք սերմանում դրա նկատմամբ:

Հոգեբանները պնդում են նաեւ, որ վագինիզմի նշաններ առկա են թույլ տիպի հոգեկերտվածքով  կանանց մոտ, ովքեր կպչուն վախեր ու ֆոբիաներ ունեն ջրից, մթությունից, բարձրությունից եւ այլն: Որպես կանոն, նման կանայք գիտակցության հոգեբանական շտկման կարիք ունեն:

Այլ փաստեր վագինիզմի մասին


*Կա վագինիզմի 3 աստիճան: Թեթեւ վագինիզմի դեպքում սեռանդամը մտնում է հեշտոց, բայց կինը սեքսից միայն տհաճ ու ցավագին զգացումներ է ապրում: Միջին ծանրության վագինիզմի դեպքում սեռանդամը հնարավոր է մտցնել հեշտոցի մեջ, սակայն նույնիսկ ամենանուրբ շարժումների դեպքում կինն ուժեղագույն ցավ է զգում փոքր կոնքի շրջանում: Ծանր վագինիզմն այն է, երբ կինը սարսափելի վախ է զգում հենց միայն սեքսի մասին մտքից. հեշտոցի մկաններն այնքան են լարվում, որ հնարավոր չէ նույնիսկ մատի ծայրը մտցնել:

*Թեթեւ վագինիզմի դեպքում զուգընկերները հնարավոր է` նույնիսկ չկասկածեն խնդրի գոյության մասին: Կինը պարզապես ենթագիտակցորեն ամեն կերպ կփորձի շրջանցել սեքսը, հասցնել այն նվազագույնի: Մինչդեռ առաջին հայացքից կարող է թվալ, որ զույգի մոտ ամեն ինչ կարգին է, ապրում են լիարժեք կյանքով, նույնիսկ երեխաներ ունենում:  

*Հաճախ ծննդաբերությունից հետո վագինիզմն անցնում է ինքնուրույն: Ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկի թուլացում է տեղի ունենում, հեշտոցի մկանները բացվում են: Իհարկե, ամիսներ անց դրանք վերականգնվում են, բայց այդ ժամանակահատվածը, որպես կանոն, հերիքում է կնոջ վախի հաղթահարման համար: Բացի այդ, կարեւոր գործոն է ինքնագնահատականը, որը բարձրանում է երեխա ունենալուց հետո:

*Որոշ բժիշկներ, վագինիզմի նշաններ պարզորոշելով, խորհուրդ են տալիս հեշտոցի մկանները մարզող վարժություններ կատարել: Սակայն վագինիզմի դեպքում դա կարող է վատացնել իրավիճակը, քանզի մարզված մկանների կծկումներն էլ ավելի ամուր ու ցավոտ են:

*Ցավոք, երբեմն գինեկոլոգները հաշվի չեն առնում ակնհայտ խնդիրն ու ժխտում վագինիզմի գոյությունն առհասարակ: Այս դեպքում չի կարելի հուսահատվել: Պետք է դիմել սեքսոլոգի, ով տեղյակ է վագինիզմի մասին ու գիտի՝ ինչպես հաղթահարել այս տհաճ խնդիրը:

Դիտարկումներ Հայաստանում

Վիճակագրական տվյալներ ու թվեր չկան այս խնդրի վերաբերյալ, բայց կան տարածված իրողություններ` հայկական մենթալիտետին բնորոշ: Բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանը նշում է.«Վագինիզմի դեպքում մասնագետների են դիմում հետեւյալ հերթականությամբ՝ սկզբում իր կասկածելի ծագման խորհուրդներով փորձում է խնդիրը լուծել աղջկա շրջապատից որեւէ փորձառու կին, հետո գնում են հեքիմի կամ վախ չափողի մոտ, հետո գալիս է գինեկոլոգի հերթը, իսկ վերջում նոր` սեքսոլոգի: Բարեկամուհին կիսվում է փորձով:

Հեքիմն, օրինակ, մեղրով եւ այլ մթերքներով պատրաստած քսուքներ է առաջարկում, կիրառվում են բազում աղոթքներ ու ծեսեր: Գինեկոլոգն ապավինում է դեղորայքին բուժում, մինչդեռ սկսել պետք է տվյալ անձի բնույթից, ստացած դաստիարակությունից: Կապ ունի զուգընկերոջ անտաշ ու կոպիտ վարքը, հասարակությունում սեքսի վերաբերյալ տարբեր զարմանալի տաբուների գոյությունը: Բժիշկ սեքսոլոգի դիմում են ամենավերջում, քանի որ կան ամոթի ու խնդիրը քողարկելու գործոններ. որպես կանոն, ուզում են նեղ շրջանակում լուծել հարցը:

Իր ուրույն տեղն ունի նաեւ սեքսի վերաբերյալ կրոնական կոնտեքստը: Հայաստանում կրոնի միջոցով սեքսի հանդեպ բացասական վերաբերմունք կա ձեւավորված, հետագայում պատժվելու եւ դժոխքի կրակներում այրվելու վախ: Այս ամենի արդյունքում է, որ մեր աղջիկների մեծ մասը սկզբում սեքսից հետո պարտադիր լաց են լինում ծնողների ու Աստծո առաջ ունեցած մեղքի զգացումից:

Մի առանձին ֆենոմեն է նմանատիպ խնդրով բժշկին դիմելը. այցը կազմակերպվում է գերդաստանով: Առաջինը մտնում է տվյալ ընտանիքի կողմից հարգված մորեղբայր կամ մորաքույր, հետո տղայի մայրը, աղջկա մայրը, մի երկու հոգի էլ ու վերջում զույգը... Խնդիրն այն է, որ տվյալ զույգը ուղղակիորեն հալածվում է: Փաստորեն բոլորը տեղյակ են, որ իրենց սեքսը չի ստացվում, բազում տխմար հարցեր, կասկածներ ու խորհուրդներ են տեղում նրանց գլխին, ինչի արդյունքում բուժումն ավելի է դժվարանում»:

Իսկ վագինիզմի բուժումն ինքնին երկարատեւ է՝ 1-3 ամիս, որպես կանոն՝ հաջող ավարտով: Լիովին վերականգնվում է կնոջ սեռական ֆունկցիան: Առաջին հերթին հայտնվում է սեռական գրգիռը, որին հետեւում է հեշտոցի խոնավացումը: Սակայն հաջող ընթացքի ու ավարտի համար շատ կարեւոր է զուգընկերոջ մոտեցումն ու վերաբերմունքը՝ համբերատարություն եւ դիմացկունություն է պետք:

Ի՞նչ է մնում մաղթել. ցանկալի է կանխարգելել վագինիզմը, ճիշտ ժամանակին ու խնամքով ազատվել ծնողական, կրոնական ու հասարակական տաբուավորված ճնշումներից, «տեր կանգնել» սեփական սեքսուալ պահանջմունքներին, որքան էլ, որ հեշտ չէ:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW