×


Ամփոփելով «Ոտաբոբիկը»

«Ոտաբոբիկ»` այսպես կոչեցինք այն նախագիծը, որի առաջին հարցազրույցը ձեր ուշադրությանը ներկայացրինք անցնող տարվա սկզբին։ Նախագծի գաղափարը դեռ նախորդ տարվա ավարտին ծնվեց իմ գլխում (ես Դիանան եմ), շատ արագ հաստատվեց BRAVO.am-ի «ընտանիք»-ի կողմից, ոգեւորությամբ ընդունվեց Էմինի կողմից (մեր լուսանկարիչն է), բայց… Առաջին հարցազրույցի հավակնորդներն ասես այնքան էլ չէին կիսում նախագծի հետ կապված մեր մեծ ոգեւորությունը. մեկն այդ շրջանում, իր խոսքով, իհարկե, հրաժարվում էր բոլոր տեսակի հարցազրույցներից, մյուսը խոստացավ հետ զանգահարել, բայց երբեք չզանգահարեց, մեկ ուրիշը (նրան դեռ կանդրադառնանք) ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց «ոտաբոբիկանալ»։ Մի խոսքով, սպասեցինք այնքան մինչեւ Միացյալ Նահանգներից վերադարձավ նկարչուհի Լյուսի Աբդալյանն ու ստացվեց այն, ինչ ստացվեց՝ սկիզբ դնելով իրապես ու էապես անկեղծ հարցազրույցների մեր շարքին։

Այսօր որոշել ենք ըստ հաջորդականության ամփոփել այդ 12 հարցազրույցը, պատմել տեքստից ու կադրից դուրս մնացած հետաքրքիր պատմություններ ու, ի վերջո, բացահայտել իմ ու Էմինի կողմից յուրաքանչյուր «Ոտաբոբիկ»-ին «ներքին կարգով» տրված վերնագրերը։

Եվ այսպես.

Ամենաինքնատիպ «Ոտաբոբիկը» 

Լյուսի Աբդալյանը եւ Դիանա Հովհաննիսյանը


Ինքնատիպ քանի որ առաջինն էր, քանի որ գիտեինք՝ ինչ ենք անում, բայց չէինք պատկերացնում՝ ինչ ենք ստանալու, քանի որ մեր հերոսը Լյուսին էր։ Լյուսին անկեղծացավ, այն էլ՝ չափից շատ։ Անկեղծացավ այնքան, որ հարցազրույցից հետո մի քանի անգամ հարցրի՝ արդյոք վստահ է, որ այն ամենը, ինչի մասին խոսել ենք, կարող եմ հանգիստ հրապարակել։ «... զգում եմ՝ նոր բան եք ուզում անել, ուզում եմ իմ ներդրումն ունենալ»` ահա Լյուսիի պատասխանը։

Ամենա «ոտքի վրա» «Ոտաբոբիկը»  

«Ոտաբոբիկ»` Վահագն Մարտիրոսյանի հետ


«Ոտքի վրա»` ոչ թե որովհետեւ չէինք պատրաստվել հարցազրույցին, այլ պարզապես մինչեւ հարցազրույցից «հինգ պակաս» մենք այն իրականացնելու վերջնական որոշված վայր չունեինք (մեկն ունենինք, սակայն դրա հետ կապված հարցազրույցի նախօրեին անսպասելի խնդիրներ առաջացան)։ Մի խոսքով, շալակեցի մեր տան գորգը (երբեք չէի մտածել, որ այդքան ծանր կարող է լինել), գնացի իմ մշտական աշխատավայր (այն, ի դեպ, մամուլի հետ ընդհանրապես կապ չունի), ու Վահագնին հրավիրեցինք այնտեղ։ Տարածք փնտրելու լարվածությունն ինձ այդպես էլ չլքեց ողջ հարցազրույցի ընթացքում, բայց հարցազրույցի արդյունքից, կարծես, բոլորն էին գոհ։

Ամենականխատեսելի «Ոտաբոբիկը»

«Ոտաբոբիկ»` Սոֆի Մխեյանի հետ


Ամենականխատեսելի, իհարկե, ինձ համար։ Սոֆիին ճանաչում եմ վաղուց (ո՞վ չի ճանաչում), վերջին երկու տարին ճանաչում եմ, ինչպես ասում են, «մոտիկից»։ Գուցե հենց «մոտիկից» ճանաչելու պատճառով էլ մինչեւ հիմա տպավորությունն այնպիսին է, որ չեմ կարողացել մինչեւ վերջ «բացել» Սոֆիին. հարցազրույցի ընթացքում ասես կանխատեսեի յուրաքանչյուր հարցիս պատասխանը։ Ամեն դեպքում, հուսով եմ, ձեզ համար այն գոնե ինչ-որ չափով անկանխատեսելի էր, այլապես ստիպված կլինենք Սոֆիին եւս մեկ անգամ «ոտաբոբիկացնելու» փորձ անել։

Ամենագերմանական «Ոտաբոբիկը»

«Ոտաբոբիկ»` Լեւինայի հետ


Այն, որ գերմանացիներն ամենաճշտապահն են, այնքան էլ ճիշտ չէ, ամեն դեպքում հաստատ ոչ «Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիայի պատվիրակ Լեւինայի դեպքում:): Մոտ 40 րոպե սպասելուց հետո մեզ ի վերջո հաջողվեց «ոտաբոբիկացնել» նրան, ու չնայած՝ հարցազրույցը սկսելու պահից 20 րոպե անց Գերմանիայի պատվիրակության կողմից հրահանգ ստացանք դադարեցնել այն, կարծում եմ՝ ամեն ինչ այնքան էլ վատ չստացվեց։ Իհարկե, նրանց եւս հասկանում եմ, առաջին անգամ էին Հայաստանում, անելիքներ շատ ունեին, պարզապես ամեն ինչ այնքան հապճեպ տեղի ունեցավ, որ երգչուհու ոտքի դաջվածքն անգամ տեսա հարցազրույցի լուսանկարները նայելիս միայն. ափսոս, որ այդպես էլ չիմացանք դրա նշանակությունը։

«Ամենաոտաբոբիկ» «Ոտաբոբիկը» 

«Ոտաբոբիկ»` Սառայի հետ


Քանի որ «ոտաբոբիկ» բառը մեզ համար արդեն անկեղծության համարժեք է դարձել, Սառայի «Ոտաբոբիկն» ամենան էր։ Նրա անկեղծությունը (ի դեպ, թե՛ ներքին, թե՛ արտաքին), անգամ զայրացրեց «Ոտաբոբիկ»-ով հետաքրքրվողների մի ստվար զանգվածի: Բայց դե, կարեւորը՝ Սառան երջանիկ է։

Ամենակիսաբաց «Ոտաբոբիկը» 

«Ոտաբոբիկ»` Հրաչ Մուրադյանի հետ


Այն, որ Հրաչը հաճախ է հրաժարվում տարատեսակ հարցազրույցներից, նորություն չէ եւ ոչ մեկի համար։ Իսկ այն, որ «Ոտաբոբիկը» հասցրել էր «գերել» Հրաչին, հաճելի նորություն էր ինձ համար։ Ի սկզբանե «Կիսաբաց լուսամուտներ»-ի գլխավոր «մեղավորին» պատկերացնում էինք հին երեւանյան մթնոլորտում, սակայն մեր ընդհանուր ընկերներից մեկի «խուրհուրդ-հրամանով» պարտավորվեցի կարճ ժամանակում գտնել բացօթյա դատարկ լողավազան, որտեղ էլ պետք է իրականացնեինք Հրաչի «Ոտաբոբիկը»։ Ինչպես ասում են, հեռու (ու շատ երկար) ման եկա, մոտիկ գտա։ Ծիծաղելի է, որ ռեզինե դեղին բադիկներ գտնելն էլ պակաս բարդ չէր։

Ամենաբարի «Ոտաբոբիկը»

Ռոլանդ Գասպարյանը եւ Դիանա Հովհաննիսյանը


Այս «Ոտաբոբիկ»-ի շրջանակներում իրականացավ երազանքներիցս մեկը. վերջապես կարողացա լինել իմ երազանքների փոխադրամիջոցում։ Այն, ինչ խոսք, փոքր-ինչ անհարմար էր՝ ես մեջը հազիվ էի տեղաշարժում, դե, իսկ Ռոլանդն ընդհանրապես չէր կարողանում շարժվել:): Բայց դե, թեթեւակի այս նեղվածքը չխանգարեց մեզ իրականացնել մի այնպիսի «Ոտաբոբիկ», որը պետք է դառնար ամենաբարիներից մեկը։

Ամենաcute «Ոտաբոբիկը» 

«Ոտաբոբիկ»` Թամար Կապրելյանի հետ


Թամարի խիտ գրաֆիկի պատճառով անընդհատ հետաձվում էր մեր «Ոտաբոբիկը»։ Այնքան հետաձվեց, որ այլեւս ժամանակ չմնաց երկար-բարակ նախապատրաստվելու հարցազրույցին, ու հենց այս պատճառով էլ որոշեցինք երեւանյան սրճարաններից մեկում պարզապես առավոտյան մեկական գավաթ կապուչինոյի շուրջ «ոտաբոբիկանալ»։ Տարօրինակ հայացքներ, իհարկե, կային, բայց Թամարն այնքան cute է՝ պուպուշ, որ նա ցանկացած իրավիճակում էլ հենց այդպես է նայվում։

Ամենահարազատ «Ոտաբոբիկը»

«Ոտաբոբիկ»` Եվայի Թանգյանի հետ


Հարազատ, քանի որ Եվային ճանաչում եմ մոտ 15 տարի։ Երիտասարդ դիզայներն էլ հենց այն հերոսն էր, որ ի սկզբանե հրաժարվել էր «ոտաբոբիկանալ»՝ հետագայում հարցազրույցի ժամանակ նշելով, որ իր համար մարդու մարմնի ամենատգեղ մասը ոտքի թաթն է։ Ու կապ չունի, թեկուզ լինի ամենագեղեցիկը, նրա համար այն ամենից ոչ էսթետիկն է։ Բայց դե, ինչպես ասում են՝ «երբեք մի ասա` երբեք». Եվային էլ «ոտաբոբիկացրինք»։

Ամենաընթերցված «Ոտաբոբիկը»

Դիանա Հովհաննիսյանը եւ Տաթեւ Հովակիմյանը


Տաթեւի «Ոտաբոբիկը», որ Էմինի ամենասիրած «Ոտաբոբիկ»-ներից մեկն է, դարձավ այս տարվա ամենըթերցվածը։ Այս փաստը հաճելիորեն զարմացրեց ինչպես մեզ, այնպես էլ՝ Տաթեւին։ Կարծում եմ՝ ընթերցողներն իսկապես գնահատեցին դերասանուհու անմիջականությունը։

Ամենախոր «Ոտաբոբիկը»

«Ոտաբոբիկ»` Նուռի հետ


Ամենախորը «Ոտաբոբիկ»-ի հերոսի՝ Նուռի կրեատիվությունն այնքան վարակիչ էր, որ հարցազրույցից առաջ որոշում կայացրի զգեստս թարս կրել (գիտեմ՝ տարօրինակ է, բայց` ոչ Նուռի ցուցասրահում): Դե, իսկ ինչ վերաբերում է այս «Ոտաբոբիկ»-ի խորությանը, ապա դրա մասին խոսել չարժե, քանի որ այն զգալու համար պետք է գոնե մեկ անգամ ընթերցել հարցազրույցը։

«Ամենամորուքով» «Ոտաբոբիկը»

«Ոտաբոբիկ»` Սեբուի հետ


Եթե հետեւել եք «Ոտաբոբիկ»-ին, ապա գիտեք՝ ում մասին է խոսքը։ Մի քանի տարի առաջ անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ ինձ չափազանց հոգեհարազատ իրավիճակում հարցազրույց կանցկացնեմ աշխարհահռչակ «Capital Cities»-ի Սեբուի հետ։ Բայց, ինչպես տեսնում եք, այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, հատկապես երբ «ոտաբոբիկ» ես:):

Տեքստը՝ Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Նախագծի գործընկեր՝ «5concept» խանութ-սրահ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին