Բրիտանացի հանրահայտ դերասան Մայքլ Քեյնը սեպտեմբերի 21-ի երեկոյան «թվիթերյան» իր միկրոբլոգում գրեց՝ «Ողջույն, գեղեցիկ Հայաստանից», որից հետո համացանցի հայկական տիրույթում քննարկվում է նրա անսպասելի այցը։ «Բեթմեն», «Զուլու», «Հանան եւ նրա քույրերը» եւ տասնյակ այլ ֆիլմերում նկարահանված 83-ամյա դերասանի այցը պաշտոնական չէր: Նա կնոջ հետ շրջել է Երեւանում, այցելել է Գեղարդի վանք, երեկ առավոտյան եղել է Հովհաննավանքում եւ ունկնդրել «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարումները։
«Գեղարդ» խումբը եւ Մայքլ Քեյնը` Հովհաննավանքում
Կրկնակի օսկարակիր եւ 3 անգամ «Ոսկե գլոբուս»-ի արժանացած դերասանի հետ հանդիպման մասին BRAVO.am-ին պատմել է «Գեղարդ»-ի խմբավար Անահիտ Պապայանը.«Մենք հատուկ գնացել էինք նրա հետ հանդիպելու եւ նրա համար երգելու։ Երգելու հրավերը ստացել ենք նրա հայ ընկերների կողմից։ Մեզ համար հիշարժան հանդիպում էր։ Նախապես մի փոքր զրուցեցինք, կատարեցինք Մաշտոցի շարականներից, նաեւ երկու ժողովրդական երգ։ Նա ուշադրությամբ ունկնդրում էր եւ նկարում»։
«Գեղարդ» խմբի երգչուհիները եւ Մայքլ Քեյնը
Հավելենք, որ 8 հոգուց կազմված «Գեղարդ» երգեցիկ խումբն այս ամռանը համերգային շրջագայություն է ունեցել Գերմանիայում եւ Ավստրիայում։ Անահիտ Պապայանը հայտնել է, որ մասնակցել են Զալցբուրգի հայտնի փառատոնին, այնուհետեւ հայկական երգարվեստը ներկայացրել այլ վայրերում.«Հատկանշական էր Շպայերի Մայր տաճարում մեր ելույթը, որն ի սկզբանե նախատեսված էր եկեղեցու դամբարանում, սակայն աննախադեպ թվով ունկնդիրների պատճառով տեղափոխեցին եկեղեցու մեծ սրահ։ Ավարտին լեփ-լեցուն սրահը երկար ու բուռն ծափահարում էր»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Անահիտ Պապայանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: