Հանրային հեռուստաընկերությունն ու “Շարմ” հոլդինգը համատեղ նկարահանել են գեղարվեստական նոր ֆիլմ` նվիրված 2006 թվականի մայիսին տեղի ունեցած Երեւան-Սոչի ողբերգական չվերթի զոհերի հիշատակին: “Անավարտ թռիչք” մելոդրաման սիրո պատմություն է` հիմնված իրական փաստերի վրա: Հերոսները հանգամանքների բերումով կապված են այն դրամատիկ օրվա հետ, երբ նույն պահին ընդհատվել է 113 մարդու ճակատագիր:
"Անավարտ թռիչք" ֆիլմի նկարահանումներին
Մելոդրամայի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարը գրել է Անահիտ Մխիթարյանը: Ելենան BRAVO.am-ին հայտնել է, որ ֆիլմի հիմք հանդիսացող պարզությունն ու հավատը հույս են ներշնչում անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու համար.“Ավիավթարից հետո Երեւանում սիրո մի պատմություն էր պտտվում. աղջիկը կորցրել էր սիրելիին ու չէր հասցրել հրաժեշտի խոսք ասել: Ես ու սցենարի հեղինակը որոշեցինք հանդիպել աղջկան ու հայտնել, որ ուզում ենք նրա սիրո պատմության հիման վրա ֆիլմ նկարել”:
“Անավարտ թռիչք”-ում նկարահանվել են դերասաններ Սերժ Ավետիքյանը, Լուիզա Ղամբարյանը, Տաթեւիկ Հովակիմյանը, Տիգրան Մակարյանը, Վարդան Հովսեփյանը, Անի Երանյանը, Արփինե Իսրայելյանը, Գայանե Ասլամազյանը եւ ուրիշներ: Պրոդյուսերներն են Արմեն Գրիգորյանն ու Կարեն Ղազարյանը. “Գլխավոր դերակատար Տաթեւն արտաքնապես շատ նման է իրական հերոսուհուն: Երիտասարդ դերասանուհու համար սա առաջին գլխավոր դերն է ֆիլմում: Մենք հատուկ ընտրել ենք ոչ շատ հայտնի դեմքի. այստեղ գլխավորը թեման է”, - ասել է ռեժիսորը` հավելելով, որ նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում, Սոչիում, Գյումրիում, Սեւանում եւ Ծաղկաձորում:
Լուիզա Ղամբարյանը եւ Տաթեւ Հովակիմյանը
Գլխավոր հերոսուհու հորը մարմնավորող Սերժ Ավետիքյանը մեզ հետ զրույցում նշել է` թեեւ գլխավոր դերակատարը չէ, բայց հաճույքով է համաձայնել աշխատել նկարահանող խմբի հետ.“Հետաքրքիր է մարմնավորել իր ուժերով, խելքով ու տաղանդով հաջողությունների հասած բիզնեսմենի: Նա կարողանում է պաշտպանել իր աղջկա իրավունքները եւ ցանկանում է օրենքի սահմաններում մարդկանց պատժել”:
Ֆրանսահայ արտիստն առաջին անգամ է աշխատել ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ, հավանել է նրա վերաբերմունքը դերասաններին եւ կարծում է` կան շնորհալի երիտասարդ դերասաններ.“Դա նրանց բնավորության եւ դերասան դառնալու մեծ ցանկության արդյունք է: Արտերկրում ու այստեղ նկարվող ֆիլմերի բյուջեն շատ տարբեր է, բայց գործի հանդեպ մեծ սերը շատ կարեւոր է: Ես կարող եմ Ուկրաինայում Փարաջոնովի մասին ֆիլմ նկարել, հետո գալ եւ Հայաստանում նկարվել ոչ գլխավոր կերպարում, քանի որ դրա միջոցով էլ ասելիք ունեմ, մանավանդ սիրում եմ հայերենով խաղալ”:
Ռեժիսոր Ելենա Արշակյանը եւ Սերժ Ավետիքյանը
Ելենա Արշակյանի խոսքով` նկարահանող անձնակազմը հիացել է Սերժ Ավետիքյանի պրոֆեսիոնալիզմով.“Շատ կցանկանայի` մեր փորձառու ու հայտնի դերասանները նրա նման մարդկային լավ տեսակ ունենան ու աստղային հիվանդությամբ չտառապեն: Նա հոյակապ մարդ է, իսկ նրա դերասանական տվյալների մասին ես չէ, որ պետք է խոսեմ: Նա նկարահանման հրապարակում ինձ շատ էր օգնում ու ոգեւորում”:
Ի դեպ, այսօր տեղի կունենա ֆիլմի սաունդթրեքի պրեմիերան, որը կատարում է Քրիստինե Պեպելյանը: Երգը գրվել է տարիներ առաջ, օրերս նկարահանվել է հոլովակը եւ հնչում է որպես սաունդթրեք.“Երբ արդեն ֆիլմի գաղափարը կար, ես ու սցենարի հեղինակը հիշեցինք, որ Քրիստինեն “Անավարտ թռիչք” կոչվող երգ ունի: Երկուսս էլ այն սիրում ենք եւ առաջարկեցինք, որ դառնա ֆիլմի երգը, այդտեղից էլ ծագեց նաեւ անվանումը”:
“Անավարտ թռիչք” ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարին:
BRAVO.am
Լուսանկարները` “Շարմ” հոլդինգի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: