×


Անդրե Սիմոնյան. “Որոշել ենք փոքր-ինչ հանգստանալ եւ 4 ամիս ոչինչ չանել”

“The Beautified Project” ալտերնատիվ ռոք խումբն օրեր առաջ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում կատարել է “Anathema” պրոգրեսիվ մետալ խմբի երեւանյան համերգի բացումը: “The Beautified Project”-ի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը Bravo.am-ին պատմել է համերգին մասնակցելու, նաեւ խմբի եվրոպական շրջագայության եւ ամռան ընթացքում վերջին ելույթի մասին: 

“The Beautified Project” խումբը


Երբ մեզ հրավիրեցին “Anathema” խմբի համերգի բացումն անելու, առանց մեկ վայրկյան մտածելու համաձայնեցինք: Ընտել էինք մեր երգացանկի առավել ակտիվ կատարումները: Արդեն 8 անգամ առիթ եմ ունեցել հանդիպել “Anathema” բենդի հետ, նույնիսկ մասնակցել ենք նրանց լոնդոնյան համերգներից մեկի կազմակերպչական աշխատանքներին: Այս լուսանկարն էլ 16 տարվա վաղեմություն ունի, որը գտա իմ արխիվից:): Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում նրանց հետ նույն բեմում կանգնած, այս հրաշալի համերգը ես միշտ կհիշեմ:

 “Anathema”-ի հետ կապված երկու հետաքրքիր փաստ կա. առաջինը, երբ 16 տարեկան էի ու երկրպագում էի նրանց, երբեք չէի մտածի, որ օրերից մի օր սեփական խումբս կունենամ ու իրենց հետ նույն բեմին կնվագեմ: Երկրորդ անհավանական հանգամանքն այն է, որ դա տեղի է ունենում Երեւանում, որովհետեւ այն ժամանակ Հայաստան վերադառանլու մտադրություն դեռ չունեի եւ չէի պատկերացնի, որ անկախ Հայաստանում “Anathema”-ն համերգ կունենա:

16 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարը


Պետք է խոստովանեմ, որ ինձ համար ավելի նախընտրելի կլիներ, եթե կարողանայի Արթուր Մեսչյանի հետ զուգերգ ձայնագրել: Նրա հետ հանդիպել եմ, բայց դուետի մասին ոչինչ չեմ ասել: Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է պետք նման առաջարկ անել այն մարդուն, ում ամբողջ կյանքում սիրում ես, հատկապես որ հայերենիս իմացությունը կատարյալ չէ: Երգերի խոսքերի իր նման հեղինակի չեմ կարող պարզապես գնալ ու ասել՝ կգա՞ք դուետ երգենք:):

Օրեր առաջ վերադարձել ենք եվրոպական մեր փոքրիկ շրջագայությունից. ելույթ ենք ունեցել Վիենայում, Բեռլինում, Փարիզում եւ Կրակովում: Փոքր համերգասրահներ էին՝ մոտ 200-300 հանդիսատեսով, հիմնականում՝ այլազգի: Բոլոր համերգները շատ ջերմ անցան, միակ տեղը, որ սրահը կիսատ էր լցված, Փարիզն էր: Քանի որ սա մեր խմբի 10-ամյակին նվիրված շրջագայությունն էր, նաեւ ներկայացնում էինք Հայաստանն ու բարձրաձայնում Հայոց ցեղասպանության հարցը: Կատարեցինք “Կիլիկիա”-ն, “Արագիլ”-ը եւ Արթուր Մեսչյանի խոսքերով ու Սայաթ-Նովայի երաժշտությամբ “Երկու տուն ունիմ” երգը:

Անդրե Սիմոնյանը


Ամռան ընթացքում մեր վերջին ելույթը նախատեսված է հունիսի 21-ին Ազատության հրապարակում: Երաժշտության տոնին նվիրված մեծ համերգին այլ երաժիշտների հետ կնվագենք նաեւ մենք: Բացօթյա համերգի համար մեր տեսահոլովակներով հետաքրքիր շոու ենք պատրաստել: Դա կլինի մեր վերջին համերգը մինչեւ հոկտեմբեր: Որոշել ենք փոքր-ինչ հանգստանալ եւ 4 ամիս ոչինչ չանել, որից հետո համերգներ կունենանք Գյումրիում, Վանաձորում, նաեւ Թբիլիսիում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները՝ Անդրե Սիմոնյանի անձնական արխիվից եւ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW