“The Beautified project”-ը 2015 թվականը սկսում է ստեղծագործական մի շարք նորություններով: Այսօր տեղի կունենա ռոք-խմբի նոր` “Black Wooden Nest” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան:
Անդրե Սիմոնյանը
Խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ սեւ փայտե բույնը երգում այլաբանական իմաստ ունի. այն համեմատում է դագաղի հետ.“Երգն ավարտված սիրո մասին է, ես ասում եմ` կներես, բայց քեզ պետք է սեւ բույնի մեջ դնեմ, որովհետեւ սերը սպառվել է: Այս երգը գրել եմ երկու տարի առաջ, երբ ամեն ինչից հոգնած մեկնել էի Լոս Անջելես եւ երկու ամիս մի հյուրանոցի սենյակում էի ապրում: Ամեն ինչից այնքան հիասթափված էի, որ այդպես էլ գրեցի երգի բառերը: Մի անգամ ամսագրում կարդացի գերմանացի մի փիլիսոփայի խոսքեր, որի կարծիքով` սերն ունի յոթ տարվա կյանք, եթե շարունակվում է զույգի համատեղ կյանքը, ապա նրանց կապում են երեխաները, հարգանքը, սովորությունը եւ վարկերը:): Որոշ չափով համաձայն եմ այս տեսակետի հետ”:
“The Beautified project” ռոք-խումբը
Երաժիշտը, հաճախ լինելով Հայաստանի մարզերում, շատ է սիրում Սեւանի ձմեռային տեսարանը, որտեղ էլ իրականացրել է տեսահոլովակի նկարահանումը. “Երբ տեղեկացա, որ իմ սիրելի եղանակն ու երկնքի գույնն է, գնացինք նկարահանման: Ավելի շատ ձմռան սիրահար եմ եւ ուզում էի բնության գրկում ստանալ մինիմալիստական հոլովակ` առանց ավելորդ կադրերի, թիթիզության, շոուի եւ փայլի: Մենք ուզում ենք ցույց տալ` եթե կադրը աչքի համար գեղեցիկ է, ավելորդություններ հարկավոր չեն”:
“Black Wooden Nest” երգը խմբի տղաները ձայնագրել են երկու տարբերակով, որոնք կներկայացնեն տարբեր տեսահոլովակներով.“Երկրորդ տարբերակում հարվածային գործիքների փոխարեն հնչում է թավջութակ: Դրա տեսահոլովակը նկարել ենք Գերմանիայում` մեր ելույթի ընթացքում: Փետրվարին հենց նկարահանման վայրում` ընդհատակյա արվեստի ցուցասրահ-համերգասրահում կանենք պրեմիերան: Խմբի 10-ամյակի առթիվ լուսանկարիչ Արվին Քոչարյանի հետ կկազմակերպենք նաեւ մեր սկավառակների շապիկների եւ լուսանկարների ցուցահանդեսը”:
“Black Wooden Nest” տեսահոլովակի նկարահանումներին
Ռոք-խումբը չի մոռանում ավանդույթ դարձած համերգները, նրանց երկրպագուները փետրվարի 6, 7, 8-ին կկարողանան ներկա լինել “Ուլիխանյան” ակումբում կայանալիք ակուստիկ համերգներին, որոնց ժամանակ կնվագի նաեւ թավջութակահար Ալեքս Միրզոյանը.“Համերգը նախապես որոշված էր միայն փետրվարի 7-ին, տոմսերն այնքան արագ սպառվեցին, որ դարձավ երեք օր, բայց չորրորդը չենք ավելացնի: Մենք հանդիսատեսին միշտ հարցնում ենք, թե ինչ երգեր կցանկանան լսել. երբ մի քանի օր ենք ելութ ունենում, սովորաբար մեկ կամ երկու երգ փոխում ենք, որ երեք օրվա տոմս գնած մարդիկ չհոգնեն մեզնից”:
“Black Wooden Nest” տեսահոլովակի նկարահանումներին
Բացի խմբի գործունեությունից, Անդրեն հաճախ կազմակերպում է տարբեր միջոցառումներ, նրա համար կարեւորների շարքում է “RiverFest” ռոք-փառատոնը.“Ինձ համար երազանք էր Երեւանից հեռու փոքր գյուղերից մեկում բացօթյա փառատոն կազմակերպել, որ շատ ռոք խմբեր գան, նվագեն ու գիշերները վրաններում քնեն: Անցյալ տարի կարողացանք իրականություն դարձնել, հույս ունեմ` այս տարի ամռանն ավելի մեծ մասշտաբով կկազմակերպենք”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Անդրե Սիմոնյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: