×


Անի Արզումանյանն՝ իր ֆրանսիացի ամուսնու, դժվարությունների եւ հաղթանակների մասին

Անի Արզումանյանը երեւանյան համերգային ակումբներում ելույթ էր ունենում կենդանի կատարումներով, սակայն ամուսնությունից հետո` 2013-ի դեկտեմբերին, մեկնեց Ֆրանսիա՝ մշտական բնակության։ Շուրջ 3 տարի Հայաստանից հեռու գտնվող երգչուհին BRAVO.am-ին պատմել է ֆրանսիական իր կենսակերպի, ընտանիքի եւ երաժշտական հաջողությունների մասին։

Անի Արզումանյանը


-Երեւանում հաճախ էիք հանդես գալիս ակումբային համերգներով։ Ո՞ւմ հետ էիք հիմնականում համագործակցում։

- 2006 թվականին Մոսկվայից վերադարձա Երեւան՝ ուսումս շարունակելու կոնսերվատորիայում, սկսեցի աշխատել նաեւ լավագույն երաժիշտների հետ՝ ձեռք բերելով փորձ ու ճկունություն։ Երեւանում մասնակցել եմ տարբեր մրցույթների՝ «Դելֆյան խաղեր»-ում արժանանալով ոսկե մեդալի: 2010-ին առաջարկ եղավ համագործակցել հայ-ֆրանսիական «FMS» մեդիա ընկերության հետ։ Նրանք տեսահոլովակ նկարահանեցին ֆրանսիացի երգչի հետ զուգերգի հիման վրա:

-Արդյո՞ք Ֆրանսիա մեկնելու որոշումը միանգամից կայացրիք։

- Հայաստանից մեկնելու մասին երբեւէ չեմ մտածել, քանի որ շատ եմ սիրում հայրենիքս եւ օտարության մեջ միշտ էլ ծանր է, բայց իմ կյանքում բավական ծանր փորձություններ հաղթահարելով, Աստծո օգնությամբ մեկնեցի Երեւանից՝ թողնելով ծնողներիս, քրոջս, եղբորս, ինձ շատ հարազատ ունկնդիրներիս։ (Անիի եղբայրը եւս երաժիշտ է, «Absolute» բենդի բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանն է՝ Քրիստինա Մանգասարյանի ամուսինը,-հեղ.):

-Որքան գիտեմ, Ձեր ամուսինն ազգությամբ հայ չէ: Ինչպե՞ս եք նրա հետ ծանոթացել։

- Այո, ամուսինս ֆրանսիացի է, ծանոթացել ենք սոցցանցի միջոցով, առաջին հանդիպումը եղել է 2013-ի օգոստոսի 30-ին։ Չկարողանալով նույնիսկ մեկ բառ փոխանակել ֆրանսերեն՝ սիրահարվել ենք առաջին իսկ հայացքից։ Սկզբնական շրջանում շփվում էինք՝ թարգմանելով ամեն մի բառը, քանի որ ամուսինս անգլերեն չէր հասկանում, ես էլ՝ ֆրանսերեն։ Ամուսնացանք 2013-ի դեկտեմբերին։

Անի Արզումանյանի ամուսինն ու որդին


- Սկզբնական շրջանում ինչո՞վ էիք զբաղում Ֆրանսիայում։ Ի՞նչ դժվարություններ ունեիք որպես այլազգի եւ երգչուհի։

- Օտարության մեջ միշտ դժվար է, ֆրանսերենի հետ կապված խնդիր ունեի, թվում էր, թե հեշտ կլինի, անգլերեն կխոսեմ, մարդիկ ինձ կհասկանան, բայց սխալվում էի։ Այստեղ հազվադեպ են հասկանում անգլերեն, բայց հիմա այլեւս չունեմ այդ խնդիրը, արդեն լավ տիրապետում են լեզվին եւ ուրախ եմ, որ վերջապես կարողանում եմ այդ գեղեցիկ լեզվով խոսել։ Բոլոր բարդություններից կոփվում էի, հասկանում էի, որ ոչինչ հեշտությամբ չի տրվում եւ պետք է պայքարել։ Աստված ինձ ուղեկցում էր, եւ այնպիսի բաներ էին ստացվում, որոնց մասին նույնիսկ չէի երազում։

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

- Երբ ազատ էի, թվում էր` դրանից լավ բան չկա, բայց կազմելով ընտանիք, հասկացա, որ հենց սա է սերը։ Ունեմ հրաշալի ամուսին ու բալիկ, անչափ հաճելի է մայր դառնալը, տղաս 1 տարեկան է։ Փորձում եմ իր հետ հայերեն խոսել, որ հետագայում կարողանա հասկանալ։ Ամուսինս միշտ աջակցում է, իրար վստահում ենք, խանդ չկա, միայն հարգանք միմյանց հանդեպ։ Նրա երազանքն է ինձ տեսնել լավագույն բեմերում եւ օգնում է իրականացնել նպատակներս։

- Այժմ ո՞ր խմբի հետ եք աշխատում։ Ի՞նչ ժանրի երգեր եք կատարում։

- Նախորդ տարվանից համագործակցում եմ «Waverly Lies North» խմբի հետ, երգում եմ սիմֆոնիկ ռոք/մետալ ոճում։ Ամբողջությամբ հեղինակային երգեր են, որոնք գրում են տաղանդավոր թմբկահար եւ կիթառահար զույգ եղբայրներ Էդ եւ Ջուլիան Մեհայները։ Այս նոյեմբերին լույս տեսավ իմ առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «Revelation of the Sunstone»։ Նաեւ նկարահանել ենք երկու տեսահոլովակ, 3-րդը կնկարենք մոտ ապագայում։ Խումբը բավական հայտնի է Ֆրանսիայում, եվրոպական մի շարք քաղաքներում ու ԱՄՆ-ում  համերգներով շրջագայելու առաջարկ ենք ստացել։

«Waverly Lies North» խումբը


- Որո՞նք են այն ձեռքբերումները, որ կառանձնացնեք։

- 2015 թվականից մասնակցում եմ մրցույթ-փառատոնների, որ ֆրանսիական հանդիսատեսին ներկայանամ։ «Forges Academy» երգի մրցույթին զբաղեցնելով առաջին տեղը՝ այս տարի դարձա հենց այդ մրցույթի ժյուրիի անդամ, այնուհետեւ նույն բեմում երգեցի հայտնի երգչուհի Julie Pietri-ի հետ։ Փարիզում նաեւ ֆինալիստ եմ դարձել «Vocal Tour», «Human Style» մրցույթներում։ Պատրաստվում եմ հերթական մրցույթին։

- Ե՞րբ եք նախատեսում այցելել Երեւան։

- Սպասում եմ այդ օրվան, որ գրկեմ հարազատներիս, սիրելի շնիկիս, որին թողել եմ Երեւանում։ Ցավոք, դեսպանատան հետ կապված խնդիրները խոչընդոտեցին ծնողներիս գալ Ֆրանսիա, նույնիսկ երեխայիս ծննդի առթիվ մերժեցին, ինչը ցավալի էր մեզ համար։ Մորս կարիքն այդ ժամանակ շատ էի զգում։ Սպասում եմ տղաս մի քիչ էլ մեծանա, որ հասկանա, թե որտեղ է գտնվում, գիտակցի, թե ով է իր տատիկը, պապիկը եւ հայ հարազատներին ճանաչի։ Նաեւ ցանկություն ունեմ տղայիս մկրտել հայկական եկեղեցում։ Ամուսնուս երազանքն է տեսնել Երեւանը, քանի որ շատ եմ պատմել: Սիրով սպասում ենք այդ օրվան։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Անի Արզումանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW