Սանր-բարձրախոս, տեսախցիկի փոխարեն էլ` հայելի. ահա այսպես Անի Դաշյանը մանկության տարիներին “վարել” է հարցազրույցներ եւ հաղորդումներ:): Հաղորդավարուհի դառնալը նրա կյանքի նպատակներից չի եղել, սակայն նախատրամադրվածություն ունեցել է վաղ հասակից: Անին BRAVO.am-ի հետ զրույցում իրեն բավական հետաքրքիր կերպ է բնութագրել:
Անի Դաշյանը
“Սովորում էի ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնում, երբ իմացա, որ Երգի թատրոնի հաղորդավարական բաժնում ընդունելություն է եւ որոշեցի դիմել: Վերջին օրն էր, իսկ դիմորդները շատ էին: Անկեղծ ասած, հոգնեցի սպասելուց ու որոշեցի տուն գնալ, բայց ընկերուհիս` Լիլիթը, համառեց: Մի խոսքով, սպասեցի իմ հերթին, ընդունվեցի, իսկ ամիսներ անց արդեն “Դար 21”-ը քասթինիգով ընտրեց ինձ որպես հաղորդավարուհի”,-պատմել է նա:
Արդեն 6 տարի է, ինչ իր սուր մեկնաբանություններով, բայց նուրբ ձայնով Անի Դաշյանը ներկայանում է տարբեր հաղորդաշարերի շրջանակում` “Player”, “BOOM”, “Սիեստա”, “Ֆայլ PRO”… Այժմ նա վարում է “Ռեյթինգով կեսօր” ծրագիրը` հեռուստադիտողի յուրաքանչյուր օրվա կեսօրը դարձնելով ռեյթինգով:): Հաղորդավարությանը զուգահեռ Անին մոտ 5 տարի է` “BOOM” ամսագրի գլխավոր խմբագիրն է:
Անի Դաշյանը
BRAVO.am-ի հարցին, թե ինչն է հատկապես սիրում իր աշխատանքում, նա պատասխանել է` ստեղծագործական միտքն ու բազմազանությունը.“Երբեք չէի կարող աշխատել մի բնագավառում, որն ինձնից կպահանջեր ֆիքսված գրաֆիկ եւ ստանդարտ գործողություններ: Իմ աշխատանքում արկածները շատ են: Բավական դժվար է ուղիղ եթերում շփվել ամենատարբեր հեռուստադիտողների հետ, կողմնորոշվելով արագ պատասխանել նրանց անսպասելի հարցերին, կարողանալ դեպքերն ու իրադարձությունները լուսաբանելուց զատ ջրի երես հանել այն ամենն, ինչ խնամքով թաքցված է:)”:
Հեռուստադիտողին հաճախ հայտնի չէ, թե եթերից իրենց ողջունող մարդիկ ինչպիսին են էկրանից այն կողմ: Այս խնդրին լուծում տալու համար Անիին խնդրեցինք բնութագրել իրեն:).“Վա~յ, մի հրաշք անձնավորություն եմ… :) Իսկ եթե ավելի լուրջ, նվիրվող եմ, կարեկցող, խելացի, բարեհոգի, ժպտերես եւ ծույլ:)”:
Անի Դաշյանը
Պարզվում է` նրա համար յուրահատուկ արարողություն է տոներին պատրաստվելը.“Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր չեն սիրում տոները, անընդհատ բողոքում են, որ ամեն տարի նույն բանն է եւ հոգնել են... Շատ եմ սիրում իմ ծննդյան օրը, Մարտի 8-ը, Ամանորը, սիրում եմ նվերներ տալ, իսկ դրանից առավել` ստանալ”:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ սպասելիքներ ունի 2014 թվականից.“Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ դրական ու լավ սպասումներով եմ լցված: Հուսով եմ` այս տարի էլ կհասնեմ բոլոր նպատակներիս”:
BRAVO.am
Լուսանկարները` Անի Դաշյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: