«Սիմոր»՝ այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսոր Դանիել Հարությունյանի ֆիլմը, որի պրեմիերան երեկ էր՝ «Նաիրի» կինոթատրոնում: Առաջին ցուցադրությանը ներկա էին թատրոնի եւ կինոյի մի շարք ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:
Կադր «Սիմոր» ֆիլմից
Ֆիլմի սցենարը, որը գրվել է Սելինջերի ստեղծագործությունների մոտիվներով, եւս հեղինակել է Դանիելը: Նա ավարտել է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտը՝ Վիգեն Չալդրանյանի արվեստանոցը: «Սիմոր»-ը նաեւ նրա դիպլոմային աշխատանքն է, որի նկարահանումները սկսվել են դեռ 2015 թվականի ամռանը:
Ֆիլմը մի պոետի մասին է, ով պատերազմից վերադառնալուց հետո ինքնասպանություն է գործում: Նրա փոքր եղբայրը, չկարողանալով մոռանալ եղբորը, ծերունական տարիքում սկսում է գիրք գրել վերջինիս մասին: Դերասանական կազմում են Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Արեգ Գեւորգյանը, Անի Ղազարյանը, Ինգրիտ Կոկչյանը, Արարատ Դիլոյանը, Արծրուն Չոբանյանը եւ այլք:
«Սիմոր» ֆիլմի ռեժիսոր Դանիել Հարությունյանը
21-ամյա ռեժիսորն իր առաջին աշխատանքին որեւէ գնահատական տալ չցանկացավ՝ ասելով, որ ժամանակը ցույց կտա՝ ինչպես հանդիսատեսը կընդունի եւ կընկալի ֆիլմը. «Միայն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ինձ հետ աշխատել են ֆիլմի շրջանակում»:
Գագիկ Մադոյանը՝ դստեր հետ
Դերասաններ Գագիկ Մադոյանի եւ Անի Ղազարյանի դուստրը՝ փոքրիկ Գոհարը, նույնպես նկարահանվել է «Սիմոր»-ում: Անին մեզ հետ զրույցում նշեց, որ դերն աղջնակի համար դեբյուտային է.«Նրան միշտ էլ հետաքրքրել է թատերական աշխարհը: Շատ ոգեւորված էի, որ առաջին փորձն է անում կինոյում: Ու ասեմ՝ նա իր գործը շատ լավ արեց»: Իսկ խոսելով իր կերպարի մասին՝ դերասանուհին ասաց.« Իմ կերպարային գիծն առանձին պատմություն է, որն ուղղակի գույն ու դինամիկա է տալիս ֆիլմին»:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: