Երեւանում է վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակվող երգչուհի Անի Քրիստին: BRAVO.am-ը նրան հանդիպել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի այգում, լուսանկարել եւ, իհարկե, ամենատարբեր թեմաների շուրջ մի շարք հարցեր հղել, որոնց պատասխաններն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Անի Քրիրստին
Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2 տարի առաջ: Առաջին անգամ Ամերիկա մեկնել եմ 2007-ին, իսկ արդեն 2008-2009 թվականներին բնակություն եմ հաստատել այնտեղ: Մոտ 5 տարի է` բնակվում եմ օվկիանոսի մյուս կողմում, բայց կապը մասնավորապես Երեւանի հետ միշտ եղել է:
Այցիս նպատակները միշտ տարբեր են լինում` առաջարկներ, տրամադրություն, հրավերներ: Վերջին անգամ այստեղ լինելուս ժամանակ հեռուստատեսային երաժշտական ծրագրերի եմ մասնակցել:
Այս անգամ եկել եմ տատիկիս, պապիկիս ու մյուս հարազատներիս ուրախացնելու:
Առավոտյան նրանք բացեցին դուռը եւ շատ զարմացան` ինձ տեսնելով ճամպրուկներով կանգնած: Անակնկալս ստացվել է:):
Անորոշ ժամանակով եմ այստեղ: Պետք է նաեւ մեկնեմ Թբիլիսի,որոշ գործեր կան այնտեղ: Այնուհետեւ Եվրոպա կմեկնեմ` այցելելու եղբորս, մայրիկիս ու մյուս հարազատներիս:
Անի Քրիստին Երեւանում է
Այս տարին ինձ համար անակնկալների ու միկրոինֆարկտների տարի եմ “հռչակել”: Որոշել եմ բոլոր իմ բարեկամներին անակնկալ այցելություններով զարմացնել եւ ուրախացնել:
Ինքնաթիռից իջնելու պահից սկսած` համերգի կամ ելույթների առաջարկներ եմ ստանում բարեկամներիս, անծանոթների եւ ընկերներիս կողմից: Շատ մեծ ցանկություն ու հոգեւոր պահանջ ունեմ թեկուզ փոքրիկ համերգ կազմակերպել: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Կան նոր երգեր, որոնք իմ հանդիսատեսը դեռ չի լսել. եթե համերգ լինի, պրեմիերաներ հաստատ կլինեն:
Արդեն Միացյալ Նահանգների քաղաքացի եմ: Շնորհակալ եմ, որ այնտեղի կառավարությունն ինձ իրենց երկրի արժանի քաղաքացի համարեց:
Սերտ կապի մեջ եմ այնտեղի հայ համայնքի հետ: Շնորհակալ եմ նրանց, որոնց շնորհիվ ամերիկաբնակ հայերից շատերն էլ ճանաչեցին ինձ ու իմ արվեստը:
Որպես հյուր հրավիրվել եմ մեր երգիչների համերգներին, օրինակ` Արմենչիկի մենահամերգին եւս ներկա եմ եղել` չնայած մեր երգարվեստի ժանրային տարբերությանը:
Անի Քրիստին Երեւանում է
Մասնակցել ու մասնակցելու եմ բարեգործական բոլոր միջոցառումներին. շատ լավ է, երբ հայրենիքից հեռու լինելով` փորձում ես օգնել քո ժողովրդին:
Ամերիկյան քոլեջներից մեկում խորացված անգլերեն եմ սովորում, զուգահեռ հաճախում եմ ջազ-վոկալի, հարմոնիայի եւ սոլֆեջիոյի անգլերեն դասընթացների:
Նպատակ ունեմ երկրորդ մասնագիտություն ձեռք բերել, որը հաստատ կապ կունենա առաջին մասնագիտությանս հետ:
Չեմ կարող ոչ բժիշկ, ոչ էլ իրավաբան լինել: Չեմ կարող արյուն տեսնել, ոչ էլ մարդկանց դատել:
Անի Քրիստին Երեւանում է
Դատելու “գործը” թողնում եմ հանդիսատեսին, որոնց կփորձեմ հնարավորինս “բուժել” իմ երգերով:
ԱՄՆ-ում, ցավոք սրտի, հեռուստացույց նայելու եւ հայաստանյան մշակութային կյանքին հետեւելու շատ ժամանակ չեմ ունենում: Ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները փորձում եմ գտնել համացանցում:
Քննադատելն ու բացասական բաներ ասելը շատ հեշտ է: Նշեմ, որ Հայաստանյան մշակութային կյանքում շատ փոփոխություններ եմ տեսնում: Ամեն ինչ ավելի դյուրին է դարձել, ինչն այդքան էլ չեմ ընդունում: Ուզում եմ, որ տաղանդավոր մարդիկ իրենց ճանապարհը ճիշտ ու գեղեցիկ ձեւով հարթեն:
Անի Քրիստին Երեւանում է
Չեմ սիրում համեմատել երկիրս, քաղաքը այլ երկրների ու քաղաքների հետ: Կան շատ պայծառ ու դրական կողմեր, որ կարելի է տեսնել միայն մեր ազգի մոտ, մեր քաղաքում, երկրում: Շատ ուրախացա, երբ վերջերս ֆրանսիացի ջութակահար ընկերս ինձ հիացմունքով պատմեց երեւանցիների ու մեր քաղաքի մասին: Նա պարզապես սիրահարվել էր Երեւանին ու այն ջերմությանը, որ երեւանցիների կողմից էր ստացել:
Պետք է լավատես լինել:
Երբ ամուսնության տեսքով փոփոխություն լինի անձնական կյանքումս, բոլորն էլ կիմանան: Ընտանիք կազմելուն շատ լուրջ եմ վերաբերվում. այն պետք է լինի մեկ անգամ ու ընդմիշտ: Իմ կյանքում պատահած վերջին դեպքից հետո հասկացա, որ սխալ ընտրություն եմ կատարել:
Կարծում եմ, որ երկրորդ ընտրությունս կլինի ճիշտ եւ ընդմիշտ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: