Այսօր` Մայրության եւ գեղեցկության տոնին, ներկայացնում ենք Անի Երանյանի հետ մեր նոր զրույցը: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է իր մայրիկի մասին. թե ինչպիսն է նա, եւ ինչ խորհուրդներ է լսել նրանից: Անին նաեւ նշել է` ինքն ինչպիսի մայր կցանկանա լինել ապագայում:
«Ամեն ծնող չի կարողանում հասնել այդ ներդաշնակությանը»
Ապրել եւ մեծացել եմ մորական տատիս եւ պապիս տանը, իհարկե, շատ ժամանակ անցկացնելով նաեւ հորական տատիս տանը: Կարծում եմ` արդեն շատերը գիտեն վերաբերմունքս մայրիկիս հանդեպ: Ցավոք, ամեն ծնող չի կարողանում հասնել այն ներդաշնակությանը, որ երեխայի մոտ բացարձակ վստահություն ունենա, իմանա ցանկացած մանրուք, որն անհանգստացնում կամ հետաքրքրում է երեխային: Մայրս կարողացել է հասնել դրան եւ համոզված եմ, որ դժվարությամբ, որովհետեւ դա մեծ հոգեբանական եւ ամենօրյա աշխատանքի արդյունք է:
«Ամեն հարցի շուրջ կարող եմ խոսել նրա հետ»
Ծնողներս 17 տարեկան են եղել, երբ ծնվել եմ, եւ մայրս, լինելով տարիքով փոքր, կարողացել է այնպես անել, որ մինչ օրս յուրաքանչյուր, բառիս բուն իմաստով, յուրաքանչյուր հարցի շուրջ կարող եմ խոսել նրա հետ, կիսվել, լսել նրա կարծիքը եւ դիտողությունները, ինչի համար իսկապես շատ ուրախ եւ երջանիկ եմ:
«Ինչքան նման ենք, այնքան էլ` ծայրահեղ տարբեր»
Մայրս չափազանց բարի, համբերատար եւ հասկացող է: Մի խոսքով` նա ավելի լավն է: Հստակ բնավորության գծեր կդժվարանամ նշել, որոնցով նման ենք, բայց հաստատ կան, չնայած` ինչքան նման ենք, այնքան էլ ծայրահեղ տարբեր ենք: Բայց մեկը հիշեցի. երկուսս էլ սուտը չենք հանդուրժում: Ամեն լավ բան, որ ունեմ, դա մայրիկիս ներդրածն է. նա է ինձ մեծացրել, դաստիարակել եւ ուղղություն ցույց տվել: Չեմ կարող ամենը թվարկել, որովհետեւ դրանք 27 տարվա ամեն վայրկյանի մորս ջանքերն են: Հավատացեք, դրանք շատ են:
Անի Երանյանը` մայրիկի հետ
Ամենակարեւորի մասին
Եթե Աստված կամենա, եւ գա օրը, որ ես մայրանամ, երեւի թե ինչքան էլ փորձեմ, չեմ կարողանա անել այն, ինչ մայրս է արել ինձ համար: Ամենակարեւորը, որ կուզեմ, իմ երեխան էլ մեծանա եւ երազի դառնալ ինձ պես մայր ու շնորհակալ լինի ինձ այնպես, ինչպես ես եմ շնորհակալ մայրիկս: Այդ ժամանակ ես կհասկանամ, որ գոնե ինչ-որ չափով կարողացել եմ լինել լավ մայր:
«Երբ ասել են` ասա` Վարդան, ասել եմ` պապա»
Աշխույժ եւ երեւի թե չարաճճի եմ եղել փոքր տարիքում, բայց մայրս միշտ ասում է, որ շատ խելացի եմ եղել, մի հայացքից հասկացել եմ` ինչն է կարելի, ինչը` չէ: Մայրս պատմել է, որ երբ նոր եմ սկսել խոսել, բոլորի անունները ասել եմ, բացի պապայիս անունից: Միշտ, երբ ասել են` ասա` Վարդան, ասել եմ` պապա: Մի օր էլ տատիս հետ որոշել են բոլորի անունների վերջում «իկ» ավելացնել: Մի խոսքով, Արմենչիկ, Կարենչիկ, բայց հենց պետք է հայրիկիս անունն ասեմ, ասել եմ` պապաչիկ:)»:
«Ընտանիքս երբեք այդ հարցին չի խառնվել»
Փոքրուց սիրել եմ երաժշտությունն ու բեմը, սակայն, պիտի ասեմ, որ ավելի շատ տատս է զբաղվել դրանով: Ինձ ամեն օր երաժշտական դպրոց է տարել, այնուհետեւ դերասանական խմբակների: Նմանատիպ զբաղմունքներս եւ հետաքրքրություններս տատիկս է սերմանել իմ մեջ, քանի որ մայրս աշխատել է: Ինչով զբաղվում եմ այժմ, եւ արդեն տասը տարուց ավելի, եղել է իմ վաղեմի ցանկությունն ու ընտրությունը: Ընտանիքս բացի օգնելուց, երբեք այդ հարցին չի խառնվել, իսկ մայրս միշտ ասել է` «Ինչը կանես սիրով եւ հաճույքով, դա էլ ընտրի: Եթե մի բան պիտի չուզելով անես, երբեք մի արա, միեւնույն է` լավ չի ստացվի»:
«Շնորհավոր ձեր տոնը, ամենագեղեցիկ կանայք` մայրեր»
Շնորհավորում եմ բոլոր մայրերին, այն կանանց, ովքեր պետք է մայրանան, եւ բոլոր նրանց, ովքեր նպատակ ունեն մայրանալու: Յուրաքանչյուր կնոջ ոչինչ այնքան չի գեղեցկացնում, որքան մայրությունը: Առողջ եղեք, միշտ ժպտացեք, թող խաղաղ եւ հանգիստ լինեն մեր սահմանները եւ բոլոր այն մայրերը, ում տղաները ծառայում են: Թող Աստված նրանց համբերություն տա եւ երբեք արցունքոտ չթողնի մեր մայրիկների աչքերը: Շնորհավոր ձեր տոնը, ամենագեղեցիկ կանայք` մայրեր:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տատա Իսկանդարյանի եւ Անիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: