Աննա Ավանեսյանն ամռանը մեկ ամսից ավելի Միացյալ Նահանգներում էր, իսկ առիթը նոր հեռուստահաղորդաշարն է: Հաղորդավարուհին եւ ռեժիսոր Արթուր Մանուկյանը «Ճակատագրով՝ կին» ծրագրից հետո նոր եթերաշրջանում կներկայացնեն «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» հեռուստաշարքը, որն Առաջին ալիքով կցուցադրվի յուրաքանչյուր կիրակի:
Աննա Ավանեսյանը` Միացյալ Նահանգներում
Նկարահանված 12 թողարկման հերոսները ԱՄՆ-ում բնակություն հաստատած արվեստի եւ այլ ոլորտների մարդիկ են՝ դերասաններ Ալլա Թումանյանը, Վիոլետ Գեւորգյանը, Լեւոն Շարաֆյանը, նկարիչ Էմիլ Գազազը, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, պարող-պարուսույց Միհրան Կիրակոսյանի եւ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի ընտանիքները, Հարութ Փամբուկչյանը, Էմմին եւ այլք:
Ստեղծագործական թիմին այնտեղ միացել են լուսանկարիչ-օպերատոր Նարբե Խոդավերդին եւ պրոդյուսեր Կարո Կիրակոսյանը.«Արտադրական գործընթացն ավելի լավ կազմակերպելու հարցում մեզ աջակցել են տեղի մասնագետները: Ի դեպ, Կարո Կիրակոսյանը մեր հերոսներից մեկն է, եւ հենց իրեն առաջարկեցինք, որ զբաղվի պրոդյուսերական աշխատանքով: Հինականում աշխատել ենք չորս հոգով, բայց աջակցել են տարբեր մարդիկ», - BRAVOam-ին պատմել է Աննա Ավանեսյանը:
Նա, նախորդ ծրագրից ոգեշնչվելով, միտք է հղացել ներկայացնել հայկական հեռուստաեթերում հազվադեպ երեւացող հայտնի մարդկանց պատմությունները.«Ինչո՞ւ են տեղափոխվել, ի՞նչ դժվարություններ են ունեցել, ինչպե՞ս է դասավորվել նրանց մասնագիտական եւ անձնական կյանքը. հարցեր եմ հղել նրանց մեկնելու իրական պաճառների մասին, խոսել են իրենց դժվարությունների մասին, նաեւ պատմել են, թե ինչպես են կարողացել վերադառնալ արվեստի ասպարեզ, իհարկե, հայկական միջավայրում: Սակայն մեր հյուրերից մեկը նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազն է, որը ժամանակակից արվեստում համաշխարհային ճանաչում ունի եւ աշխատում է միջազգային շուկայի համար: Մեր մյուս դիմանկարը Զարեհ Սինանյանի մասին է, որը փոքր տարիքում է այստեղից մեկնել, ամերիկյան լավ կրթություն է ստացել, կարողացել է մուտք գործել քաղաքականություն եւ դիրք ունենալ ամերիկյան միջավայրում»:
Աննա Ավանեսյանը` Միացյալ Նահանգներում
Աննան ցանկություն ունի ներկայացնել նաեւ հայկական այլ համայքներում՝ մասնավորապես Ռուսաստանում եւ Ֆրանսիայում ապրող հայերին: Մեր հարցին, թե ամերիկահայերի հաջողակ պատմությունները չեն նպաստի արտագաղթին, հաղորդման հեղինակը պատասխանել է.«Հերոսները պատմում են ոչ միայն լավ կողմերի, այլեւ իրենց դժվարությունների մասին: Հակառակը, կտեսնեք, որ նրանցից ոմանք ափսոսանքով են խոսում հեռանալու եւ հայրենիքում ձեռքբերածը կորցնելու մասին»:
Խոսելով իր ապրելավայրի մասին` նա նշել է, որ երբեւէ ցանկություն չի ունեցել մեկնել ու արտերկրում հաստատվել, այժմ էլ նման մտադրություն չունի.«Ես Հայաստանում ունեմ լավ աշխատանք, կարծում եմ՝ մեկնելը չպիտի լինի ինքնանպատակ: Չեմ դատապարտում գնացողներին, բայց գոնե պետք է իմանան՝ ինչի համար են մեկնում: Ես մեկնելու պատճառներ չունեմ, հուսամ՝ հետագայում անձնական կյանքս կառուցելու համար էլ չեմ մեկնի: Էմիգրացիայի խնդիրներին ես առնչվել եմ վաղ տարիքում, քանի որ իմ ընտանիքը 1993-1994 թվականներին ապրել է Ֆրանսիայում: Թեեւ ես փոքր եմ եղել, բայց զգացել եմ, թե ինչ ծանր է ապրել հայրենիքից հեռու»:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: