Աննա Դեմիրխանյանը ճանաչվել է «Միսիս Եվրոպա 2016»-ի առաջին վիցե միսիս եւ ամենաֆոտոգենիկ մասնակից։ Ինչպես BRAVO.am-ին պատմել է մոդելը, այս ամիս Սոչիում կայացած մրցույթը բաղկացած է եղել մի քանի փուլից. ներկայացել են տարազներով, սպորտային հագուստով, երեկոյան զգեստներով.«Բացի արտաքին տվյալները, ժյուրին գնահատում էր աղջիկների խառնվածքն ու ակտիվությունը, որ ընտրի անհատականությունների, որոնք կարող են բարի ու դրական գործեր անել։ Բոլորս զեկույցներ էինք պատրաստել ընտանիքում կնոջ նկատմամբ բռնության դեմ պայքարի թեմայով, որը ծավալուն ներկայացվեց։ Կարծում եմ՝ հաղթանակիս նպաստեց ակտիվ խառնվածքս. երբեմն թարգմանիչ էի ռուսախոս ու անգլախոս կանանց համար, բոլորին ընկերակցում էի ու տարբեր հարցերում օգնում»։
«Վիցե միսիս Եվրոպա 2016» Աննա Դեմիրխանյանը
Նա պարզաբանել է, թե ինչու է մրցույթում ներկայացրել ոչ թե Հայաստանը, այլ՝ Կովկասը. «Քանի որ մասնակիցները շատ էին, կազմակերպիչները որոշել էին, որ մեկը կներկայացնի ողջ Կովկասը, եւ այդ առաջարկն ուղղել էին ինձ։ Ուրախ եմ, որ այդ օրերի ընթացքում ինձ բոլորը կոչում էին՝ Արմենիա, առիթը բաց չէի թողնում Հայաստանի մասին պատմել, նաեւ որպես հուշանվեր, բոլորին անմոռուկներ տվեցի եւ իմաստը բացատրեցի»։
«Միսիս Եվրոպա 2016»-ին այս տարի մասնակցել է շուրջ 20 մոդել, Գրան պրին ստացել է Ռուսաստանի ներկայացուցիչը.«Մոդելներից շատերը եկել էին իրենց վարսահարդարների, ոճաբանների, ամուսինների հետ։ Տարբեր ոլորտներում կայացած, ընտանիք ունեցող հասուն կանանց հետ հետաքրքիր շփում ունեցա։ Օրինակ՝ Կատալոնիան ներկայացնող 50-ամյա կինը շատ խելացի իրավաբան էր՝ կյանքի իր հետաքրքիր արժեքներով։ Հաճելի է շփվել կայացած կանանց հետ, երբ չկան ինտրիգներ։ Այս հաղթանակը չի ենթադրում, որ իրենցից առավել եմ: Այդ օրը բախտն ինձ ժպտաց, ինչի համար շատ ուրախ եմ»։
Աննա Դեմիրխանյանը
30-ամյա Աննան այժմ աշխատում է որպես անհատական ոճաբան.«Նորաձեւության ու մոդելային ոլորտում արդեն 15 տարվա փորձ ունեմ եւ ցանկանում եմ շարունակել։ Մրցույթի մրցանակներից մեկն էլ նոր ֆոտոշարքն է»։
Աննան նշել է, որ 6-ամյա դուստրը շատ է ցանկացել իր կողքին լինել Սոչիում.«Այս անգամ հնարավոր չէր, բայց հուսով եմ, որ մեկ օր միասին կմեկնենք։ Նա անհամբեր սպասում էր իմ վերադարձին, նկարս գրկած քնում էր, իսկ օդանավակայանում ուրախությունից թռվռում էր։ Նրան այնքան էլ չէր հետաքրքրում հաղթանակս, կարեւորը՝ վերադարձել էի տուն։ Առաջիկայում նոր մրցույթների չեմ մասնակցի, քանի որ տիտղոսը պետք է մեկ տարի կրեմ»։
Հավելենք, որ մոդելը 2015 թվականին մասնակցել է «Միսիս Գլոբ» մրցույթին եւ 65 երկրից ընդգրկվել լավագույն 15 գեղեցկուհիների շարքում։
BRAVO.am
Լուսանկարները՝ Աննա Դեմիրխանյանի անձնական արխիվից եւ Վիգեն Մնոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: